Վայոց Ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկլին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր ժամը 17։00-ին հանրահավաք է հրավիրել, որից հետո խոստացել է, որ պետք է տեղի ունենա այս իշխանությունների հեռացումը։ Նրա հաշվարկով՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի մոտավորապես ժամը 20։00-ից 21։00-ի սահմաններում։
Hraparak.am-ն այսօր նրանից հետաքրքրվեց, թե Փաշինյանի հեռացման ի՞նչ նախադրյալներ կան կամ ինքը ի՞նչ երաշխիք ունի, որ Փաշինյանն այսօր իր ասած ժամին հեռանալու է։
«Մեր նախանշած ժամն ունի տրամաբանական իմաստ։ Այսինքն, եթե հանրահավաքը մեկնարկի ժամը 5-ին, և պետք է հնչեն ելույթներ, պետք է ներկայացվեն հիմնավորումներ, դրանից հետո ես նախապես եմ հայտնել, որ հանդիպում եմ խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ես մտածում եմ, որ, հաշվի առնելով իր ծարաբեռնվածությունը, որպես կանոն՝ վարչապետերը երկար են աշխատում, չնայած՝ ինքը մինչև ժամը 6-ն է միշտ աշխատում, այնուամենայնիվ, վարչապետը, ենթադրելի է, որ ծանրաբեռնվածություն պետք է ունենա և որոշ ժամի պետք է ընդունի։ Ընդունելության դեպքում պլանավորում ենք, որ հանդիպումը կարա տևի առնվազն մեկ ժամ, և եթե մեկ ժամ հետո արդեն ինքը կայացնի որոշում, դա հենց գալիս ընկնումա ժամը 9-ի սահմաններում։ Այսինքն՝ իմ կողմից հայտարարված ժամը ոչ թե պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած իմ նախնական պայմանավորվածություններով, որ պետք է հենց ժամը 21։00-ին նա հրաժարական տա, այլ մեր հանրահավաքի ժամանակացույցով և դրա տրամաբանական ընթացքով, որովհետև ոչ մի խելամիտ հանրային ծառայող, պաշտոնյա չի կարա այն հիմնավորումները, որոնք մենք ենք ներկայացնում, դա լսելուց հետո, եթե ինքը արկածախնդրությամբ չի ուզում զբաղվի, միանշանակ պետք է հրաժարական տա»,-վստահեցրեց Էդգար Ղազարյանը։
-Իսկ եթե չընդունի Ձեզ Նիկոլ Փաշինյանը կամ ընդունի, լսի Ձեր հիմնավորումները, բայց, այդուամենայնիվ, ինչպես Դուք եք ասում, որոշի զբաղվել արկածախնդրությամբ և հրաժարական չտա, Դուք ի՞նչ եք անելու դրանից հետո։
-Շատ լավ։ Եթե հանդիպումը չկայանա, դա էլ է հնարավոր, որովհետև վարչապետը, ֆորմալ իմաստով, պարտավոր չի ընդունել իրենից ընդունելություն խնդրող բոլոր քաղաքացիներին, բայց, հաշվի առնելով, որ ես իրեն անձնական հարցով չեմ դիմում, այլ հանրային նշանակության հարցով, և նախապես իմ պաշտոնական դիմումի մեջ նշել եմ հանդիպման նպատակը՝ դա իր հրաժարականի հարցը քննելու նպատակն է։ Հետևաբար, կարծում եմ, որ նա պետք է, որ ընդառաջի այդ խնդրանքին։
-Իսկ արձագանք կա՞ իրենց կողմից Ձեր առաջարկին։
-Մեզ չեն մերժել, բայց նաև չեն հաստատել։
-Իսկ ի՞նչ են ասել, որ չեն մերժել։
-Այսինքն՝ գրավոր չեն ասել, որ այդ հանդիպումը չի կայանալու։
-Չեն արձագանքել, փաստորեն։
-Չեն արձագանքել, այո, այսինքն՝ ոչ էլ հաստատել են հանդիպման կոնկրետ որոշակի ժամ։ Դրա համար, պայմանավորված հանրահավաքի ընթացքով, մենք անպայման կմոտենանք կառավարության շենքին և կփորձենք պաշտոնյաներից ճշտել վերջնական որոշումը և հանդիպման հնարավոր ժամը։
-Այդուհանդերձ, պարոն Ղազարյան, եթե Նիկոլ Փաշինյանը չի ընդունում Ձեզ կամ ընդունում է ու որոշում, որ ոչ՝ Ձեր հիմնավորումներն իր համար անհիմն են, և ինքը, ինչպես Դուք եք նշում, գնում է արկածախնդրության և հրաժարական չի տալիս, ինչպես չի տվել այս տարիների ընթացքում, Ձեր քայլերը որո՞նք են լինելու։
-Մեր քայլերը արդեն Դուք կլսեք Հանրապետության հրապարակում այդ հանդիպումից կամ չկայացած հանդիպումից իմ վերադարձից հետո։
-Ամեն դեպքում, ես, ինչպես հասկացա, Դուք պաշտոնապես և կարծես տղամարդավարի խոստացել եք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հեռանա իշխանությունից, ճի՞շտ եմ հասկանում։
-Որպեսզի Դուք մի քիչ ավելի ճիշտ հասկանաք, ես ստիպված պետք է կրկնեմ՝ ինչ ասացի․ ասում եմ, որ հրաժարականի հայտարարված օրը և ժամը կապված չէ իր հետ նախապես ունեցած իմ պայմանավորվածություններով, այլ կապված է տրամաբանական զարգացումներով։ Ես խելամիտ, շրջահայաց մարդ եմ, և եթե որևէ մեկը ինձ ներկայացներ այն հիմնավորումները, այն փաստարկները իմ հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության վերաբերյալ, ես կկայացնեի հրաժարականի մասին որոշում։ Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով՝ ես ակնկալում եմ, որ նման որոշում կկայացնի Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում