Անշարժ գույքի շուկայի փորձագետներից, անկախ ռիելթորներից այսօր հաճախ ենք լսում, որ Երեւանում վերջին տարիներին չափից ավելի շատ բազմաբնակարան շենքեր են կառուցվել եւ դեռ կառուցվում են, ինչը հետեւանք է եղել պահանջարկի, իսկ պահանջարկն իր հերթին ստեղծվել է արհեստականորեն` եկամտահարկի վերադարձի մասին հայտնի օրենքի պատճառով։ Բայց որքա՞ն վաճառքի հանված բնակարաններ կան նորակառույցներում, նաեւ՝ հին շենքերում։ Անշարժ գույքի շուկայի փորձագետ Կարապետ Հովհաննիսյանը կարծում է՝ այնքան, որքան հայտարարել է ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։
«ՆԳՆ սեյսմիկ ծառայության տնօրեն Սոս Մարգարյանն օգոստոսի 14-ի հայտնի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Երեւանի հին, այսինքն՝ խոցելի բնակֆոնդի մոտ 45 տոկոսը 8-10 բալանոց երկրաշարժի դեպքում կփլվի։ Կարող ենք վերծանել, որ խոսքը 350-450 հազար միավոր բնակարանի մասին է, այդքան թույլտվություն է տրվել Երեւանում՝ 2014-2024 թվականներին, եւ մինչ այս պահը դեռ տալիս են»,- ասում է փորձագետը։ Եկամտահարկի վերադարձի ծրագիրը, որը դեռ նախկին իշխանությունների ժամանակ ուժի մեջ մտավ, եւ որի նպատակը երիտասարդ մարդկանց բնակարան գնելու հնարավորություն ընձեռելն է, նա անվանում է «Թալանիր պետությանը» ծրագիր։ «Պահանջարկից բացի, նաեւ կառուցապատողների վաճառքի մասնագետներն էին նպաստում շուկայի ուռճացմանը՝ արհեստական սղություն ստեղծելով։ Շենքի հիմքը նոր էր փորվում, բայց նրանք արդեն հայտարարում էին, թե համարյա բոլոր բնակարանները վաճառված են։ Այսպիսով փորձում էին պահանջարկը հասկանալ, որ գին բարձրացնեն, եւ գինը սկսեց բարձրանալ, իսկ սա շատ ու շատ մարդկանց բերեց այս բիզնեսի դաշտ՝ կա պահանջարկ, կա սղություն, կա բարձր եկամուտ»։
Այլ հարց է, որ այս մարդիկ, հատկապես ուշ եկողները, գրագետ չմոտեցան հարցին, չարեցին սեփական ուսումնասիրությունը, իսկ պետությունը չկարողացավ կանխատեսել սրա վտանգները։
«Ի դեպ, այս հարցը ներառված է տնտեսագիտական կառավարման կրթության մեջ, եւ եթե մեր կառավարիչները դասերը սովորած լինեին, կիմանային, որ պետք է նախ հստակ հաշվարկ իրականացվեր՝ իրական պահանջարկի եւ ավելացող առաջարկի վերաբերյալ, եւ ճշգրիտ տեղեկատվություն տրվեր՝ շուկայում լճացում չստեղծելու համար»,- ասում է Կարապետ Հովհաննիսյանը։ Ըստ նրա, ստեղծվել է ահռելի առաջարկ, ու անգամ եթե կատարված գնումների ծավալն անցած տարիներին արհեստական գերակտիվ պահանջարկի ֆոնին պահպանվի, հնարավոր է, որ այն բավարարի առաջիկա 10-20 տարիների բնականոն առաջարկը։
«Հիմա գիտենք, որ ոչ մի կառուցապատող էլ պատրաստ չէ 10-20 տարի սպասել, որ վաճառի, եթե նույնիսկ գումարի խնդիր չունի, առնվազն այն պատճառով, որ դրանք կդառնան հին շենքեր։ Ուստի, երբ կառուցապատողները հասկանան, որ այդ գնով գնորդներ չկան, կսկսեն մրցել գնի մեջ, եւ այստեղ էլ խնդիր ունենք Երեւանում կառուցապատման տուրքերի թանկացման հետ, որն անառողջ որոշում էր»,- ասում է փորձագետը։
Ինչպես հայտնի է, Երեւանի ավագանին անցյալ տարեվերջին որոշում ընդունեց, որով Երեւանի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների եւ ոչ հիմնական շինությունների շինարարության թույլտվության համար տեղական տուրքերի չափերը շեշտակի բարձրացվեցին, ինչի արդյունքում Երեւան համայնքի բյուջեի մուտքերը 2024 թվականին՝ միայն շինարարության ոլորտից, ավելացան 18 մլրդ դրամով: Քաղաքային իշխանությունը դա մեկնաբանեց որպես կառուցապատման սահմանափակման մեթոդ, իսկ ըստ Կարապետ Հովհաննիսյանի, սա «հակաբիզնես» որոշում է։
«Վստահ եմ՝ եթե որեւէ մեկը վիճարկի այն դատարանում, ապա որոշումը կարող է չեղարկել եւ հետ ստանալ տուրքերը։ Սա, ի դեպ, պետք է անեն կառուցապատողներին միավորող կազմակերպությունները, բիզնեսի շահերը պաշտպանող միությունները։ Այս տուրքերի հաշվին, ամենատարբեր հաշվարկներով՝ մոտ մեկ քառակուսու հաշվով թանկացումը կազմեց 300 դոլար (սպառողի համար), եւ սրանով, նախքան որոշումը, շինթույլտվություն ստացած կառուցապատողները հայտնվեցին շահեկան դիրքում, բայց նոր սկսողների համար սնանկության վտանգ ստեղծվեց»։ Ի՞նչ է պետք անել։
Ըստ Կարապետ Հովհաննիսյանի՝ մեզ փրկիչ է պետք․ «Հիմա մեր երկրում մի հատ փոխվարչապետի լիազորություններով մարդ է պետք, որ սրտանց այս ոլորտով զբաղվի եւ փրկի կառուցապատողներին»։
Հետաքրքրվեցինք նաեւ՝ վերջին շրջանում շատ է խոսվում, որ այս ավելցուկ բնակարանները կառուցվում են արտասահմանցիների, թուրքերի համար․ Դուք համամի՞տ եք այս տեսակետի հետ։ «Նախ՝ եթե դա թուրքերը կամ այլ ազգեր գան գնեն, բոլորովին վատ չի լինի, ավելի լավ է, իհարկե, որ թուրքերը չգերակշռեն, բայց, ամեն դեպքում, վաճառողների մոտ նման սպասում կա։ Բայց ինչո՞ւ թուրքերը գան եւ այդ գներով գնեն, եթե կարող են գալ՝ կառուցել։ Եվ հետո, այս պահին մենք որեւէ հետաքրքրություն չենք ներկայացնում, ցավոք, որ մեզ մոտ գան, տներ գնեն դրսից»։