Քաղաքականություն

Փաշինյանը՝ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք 

Փաշինյանը՝ Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք 

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը «ազգային անվտանգության սպառնալիք» է անվանում Վեհափառ Հայրապետին: Իր ասելով, միայն այն պատճառով, որ վերջինս խախտել է կուսակրոնության ուխտը: Այս պնդմանը ծանոթացող յուրաքանչյուր արտասահմանցի պետք է որ մտածի՝ «У него не все дома»՝ մատը տանելով քունքին: Չմոռանամ ասել՝ պարտության խորհրդանիշ վարչապետն իր խոսքին ավելի մեծ կշիռ տալու համար Վեհափառի հարազատ եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին էլ «նշանակել» է ԿաԳեԲե-ի գործակալ: Այսինքն՝ վաղուց գոյություն չունեցող պետական կազմավորման՝ վաղուց լուծարված կառույցի գործակալ: Այն էլ, ինչպես շատ արագ պարզվեց, իր ենթակա անվտանգության ծառայության կողմից ներկայացված կեղծ փաստաթղթի հիման վրա: 

Իհարկե, ՔՊ-ական ու ՔՊ-ամերձ «գիտունիկները» կհակաճառեն, թե Խորհրդային Միությունը չկա, բայց կա նրա իրավահաջորդը՝ Ռուսաստանի Դաշնությունը: Նույն ձևով էլ առկա է ԿաԳեԲե-ի իրավահաջորդ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ): Եվ եթե ԿաԳեԲե-ն Հայաստանի Հանրապետությանը թշնամի կազմակերպություն էր (ինչն, իհարկե, անհեթեթություն է), ապա պետք է թշնամի լինի նաև ԱԴԾ-ն ու, բնականաբար, այն պետությունը, որտեղ գործում է այդ կառույցը: Այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը: Բայց եթե ՌԴ-ն թշնամի է, ապա հենց այս օրերին ի՞նչ գործ ունի այնտեղ Ազգային ժողովի նախագահն իր պատկառելի (քանակի առումով) պատվիրակությամբ հանդերձ: Չէ՞ որ թշնամու երկիր պատվիրակության այցը ևս նույն անհեթեթությունների շարքից է: Մի խոսքով, ունենք ոչ թե իշխանություն, այլ անհեթեթությունների շարան:

Իսկ ի՞նչ է անում ինքը՝ պարտության խորհրդանիշ վարչապետը: Արցախն ու բուն հայաստանյան տարածքները թշնամուն հանձնելուց, բազմաթիվ զոհեր ու տառապանքեր պատճառելուց հետո շարունակում է պաշտոնավարելը: Արդյունքում ԹՐԻՓՓ-ի անվան ներքո կրկին թշնամուն է հանձնում Հայաստանի հարավային դարպասները՝ իր բախտից դա անելով ամերիկյան փաթեթավորմամբ: Հիմա հարցը՝ ասվածի համատեքստում ո՞վ է իրականում Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքը: Ընդամենը երիտասարդ տարիքում կուսակրոնության ուխտը խախտած Վեհափառը՝ գումարած հարազատ եղբոր նկատմամբ կեղծ մեղադրանքը, թե մեր երկրին այդքան արհավիրքներ պատճառած մեկը: Ով 2018-ին ժողովրդի ուսերի վրայով իշխանության էր գալիս, որպեսզի երկրում հաստատեր արդարություն, իսկ Արցախի հարցում՝ արդար վերջնական կարգավորում: Եթե այս պատկերը ներկայացվեր որևէ չեզոք օտարականի, ապա դժվար թե նրա կարծիքը չլիներ միանշանակ: Այն է՝ Հայաստանի ազգային անվտանգության ամենամեծ սպառնալիքը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն է: 
Ի դեպ, անհեթեթությունների նույն շարքից է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու համար Աբու Դաբիում Փաշինյանի ու Ալիևի կողմից մրցանակ ստանալը: Որովհետև առաջինը, որպես պարտության խորհրդանիշ անձ, կատարել է թշնամու բոլոր պահանջներտը: Եվ իր քայլն իսկապես կարելի է բնորոշել որպես, Ալիևի ասած, «ուժեղ քաղաքական կամքի» դրսևորում, որովհետև այն կատարվել է հայկական շահերի ու հայկական արժանապատվության կորստյան հաշվին: Չնայած, կարելի է ենթադրել, որ խիզախ քայլ է նաև վերջինիս արածը, քանի որ ինքը կարող էր շարունակել հարձակումը և գրավել, այսպես կոչված, «Արևմտյան Զանգեզուրն»ու «Գոյչա լիճը»: Հա, վա՜յ, մոռացա, որ դա նրան թույլ չի տվել այն պետությունը, որը տեսականորեն, ըստ նիկոլական տրամաբանության, թշնամի է Հայաստանի Հանրապետությանը: Անհեթեթություն բնորոշված երևույթներից հերթականն էլ դա է: 
Պակաս անհեթեթ չէ Աբու Դաբիում մրցանակ ստանալու առիթով ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Ռուբինյան Ռուբենի ֆեյսբուքյան գրառումը: «Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է։ Պիտի տեր կանգնենք այս խաղաղությանը»,- գրել է նա: Եթե նման բան հայտարարվեր Բաքվում՝ հասկանալի կլիներ ինձ: Բայց եթե նման բան է ասվում Երևանում, ապա դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունն առաջնորդվում է Ադրբեջանի շահերով: Եվ իր իշխանությունը պահպանելու ձգտումով: Որովհետև խաղաղությունը՝ ձեռք բերված խայտառակ պարտությամբ ու թշնամու առջև սողալով կամ ծնկաչոք մուրալով, չի կարող լինել արժանապատիվ նույնիսկ տեսականորեն: Եվ ոչ թե պետք է տեր կանգնել նման խաղաղությանը, ինչն, ի դեպ, ամբողջովին կախված է թշնամու քմահաճույքից, այլ պարտադրել նրան իրական խաղաղություն: Որովհետև չի կարող խաղաղություն կոչվել այն երևույթը, երբ Հայաստանի մեծ մասը՝ մայրաքաղաքով հանդերձ, թշնամին թե՛ իր երկրի ներսում և թե՛ դրսում պաշտոնապես ներկայացնում է որպես Ադրբեջանի տարածք:

Եվ որպեսզի կտրվի անհեթեթությունների այդ անվերջ շարքը, իսկ այն ինքն իրեն կտրվել չի կարող, անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն ի վերջո ազատել անընդհատ «ուժեղ քաղաքական կամք» դրսևորող կամ որ նույնն է՝ «խիզախ» քայլ կատարող Փաշինյանից: Հիշեցնենք, առաջին խիզախ քայլն Արցախից հրաժարվելն էր եվրոպական հովանավորության ներքո: Ինչն էլ մեզ կազատի խայտառակ պարտությունը որպես հաղթանակ կամ արժանապատվություն ընկալելու՝ ներքին և արտաքին պարտադրանքից: Այդ աննորմալ իրավիճակից կա միայն մեկ ելք. դա գործող իշխանությունը պատմության աղբարկղ նետելն է: Եվ հնարավորինս վաղ, որպեսզի ավելի ծանր վիճակի մեջ չգցի մեզ՝ դա էլ կրկին ներկայացնելով որպես հաղթանակ և արժանապատվության ձեռքբերում:

ՀԳ. Թե իրականում ինչպիսին է Փաշինյանի հստատած խաղաղության տեսակը՝ ցուցադրում են մեր հայրենակիցների նկատմամբ Բաքվում կայացված դատավճիռները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image