Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն և տեսանյութ էր հրապարակել, որում ասվում էր․
«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք:
Այսպես.
Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից»:
Տեսանյութի կադրերից մեկում հրապարակված տետրի թղթի վրա գրված էր հետևյալը․
«Գործ սկսելու նախորդ օրը կապնվել TG ալիքների-ներկարար բրիգադների հետ+ ԱԺԲ ակտիվիստներ (Գիշերային ժամերին):
«Հրապարակ»-ի հետ զրույցում «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի հիմնադիր անդամ Վահե Գասպարյանի հետ, ով մեր այն հարցին, թե արդյո՞ք ԱԺԲ-ն կապ ունի այդ խմբի հետ, պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ»։
ԱԺԲ-ի մեկ այլ անդամ Արա Պապյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ԱԺԲ-ը որևէ կապ չունի։
Մեր այն հարցին, թե ԱԺԲ-ի անդամներից որևէ մեկին վերջերս ձերբակալել են, Պապյանը պատասխանեց․
«Ես տեղյակ չեմ, ԱԺԲ-ն դա շատ մեծ կազմակերպություն է, ամեն մարդ կարող է ասել ես ԱԺԲ-ի անդամ եմ և այլն»։
