Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։
Իմքայլական շրջանակները փաստացի այս օրինագծի միջոցով վերացնելու են Հանրային բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը՝ փորձելով ղեկավար պաշտոններում նշանակել ցանկալի մարդկանց և այն կառավարելի դարձնելով Հայաստանում «քայլող» մարդախմբերի կողմից։
Օրենքի նախագիծը պաշտպանող շրջանակները (նաև՝ ԿԳՄՍ նախարար Վարդան Դումանյանը), Դումանյանի՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում չընտրվելուց, կամ իրենց թեկնածուին նշանակել չկարողանալուց հետո այսպիսի քայլեր են սկսել ապաքաղաքական մարմինների նկատմամբ։ Սրան զուգահեռ հիշյալ խմբերը դպրոցների տնօրենների պաշտոններում և ուսումնական հաստատությունների խորհուրդների կազմում ամեն կերպ փորձում են իրենց հավատարիմ անձանց տեղավորել։
Համաձայն այս օրինագծի՝ բուհերի կառավարման խորհրդի 9 անդամից 5-ը նշանակվելու են լիազոր մարմնի, 4-ը` բուհի կողմից` ներառյալ ուսանողական, դասախոսական եւ բուհի հետ համագործակցող գործարար համայնքը: Բուհի ռեկտորն ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով։ Խորհրդի որոշմամբ՝ կարող է առաջարկվել ռեկտորի մինչեւ երեք թեկնածու, որոնցից մեկին կնշանակի լիազոր մարմնի ղեկավարը:
Համալսարանների, ուսումնական հաստատությունների ղեկավար պաշտոններում իրենց հավատարիմ մարդիկ ժամանակին նշանակվում էին Գերմանիայում Երրորդ Ռայխի՝ Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության կառավարման տարիներին՝ 1930-40-ական թվականներին, երբ տարածում էին ատելություն, ռասիզմ, այլատյացություն, բռնապետություն, ֆաշիզմ։
Ի դեպ, այս ամենը Երկրորդ Համաշխարային պատերազմի ավարտից ի վեր մերժել են միջազգային կառույցները՝ ի դեմս Եվրոպական խորհրդի, Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության, որոնց անդամ է Հայաստանը։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թյուրքագետ Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ այստեղ մաթեմատիկական խորը գիտելիքներ պետք չեն, և այս օրինագծով, ըստ էության, ընտրության հնարավորություն չի տրվում, այլ կատարվում է նշանակում։
«Որովհետև անդամներից 5-ը ներկայացնելու է լիազոր մարմինը, այսինքն՝ կառավարությունը, իշխանությունները։ Եվ բնականաբար հաղթելու է այն թեկնածուն, որը ներկայացնում է իշխանության շահերը կամ իշխանության համար ընդունելի է։ Բացի այդ, կարծեմ՝ կա նաև այլ փուլ, որ ընտրված կամ մաքսիմալ ձայներ ստացած 3 թեկնածուներից որևէ մեկին կառավարությունը նշանակելու է ռեկտոր։ Այստեղ ուղղակի ֆոն է ապահովվում կամ ձևականության ինչ-որ հաղթարշավ է՝ «ինքնավարություն», «ընտրություն» և այլն, բայց իրականում նշանակովի դառնում ռեկտորը»,- ընդգծեց Մելքոնյանը։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը իշխանությունների այս փոփոխությունները համարում է որոշակի երեսպաշտական քաղաքականության շարունակություն։ «Որովհետև ավելի անկեղծ կլինի՝ ասել, որ բուհերի ռեկտորներին դարձնում են նշանակովի, քան թե որոշակի բեմադրությունների միջով տանել կրթական համակարգը։ Ես դա ասում եմ որպես բուհական կյանքի համար մտահոգ անձ՝ ամենևին ոչ անձնական ամբիցիաներից ելնելով։ Ոչ թե որպես ռեկտորի թեկնածու կամ նախկինում առաջադրված, այլ՝ մարդ, որը երկար տարիներ աշխատում ու դասավանդում է, վարչական պաշտոն է զբաղեցնում բուհում։ Ինձ համար որևէ պաշտոն, այդ թվում՝ ռեկտորի պաշտոնը, շատ մեծ նշանակություն չունեն։ Բայց մեթոդը, մոտեցումները ճիշտ չեն։ Պետք է հստակ ֆիքսել, որ սա բուհական ինքնավարության հետ որևէ առնչություն չունի։ Եվ ֆիքսել, որ իշխանությունը որոշում է բուհերում ունենալ նշանակովի ռեկտոր։ Սա ավելի անկեղծ է, քան այն, ինչը որ հիմա է տեղի ունենում», - շեշտեց նա։
Հարցերին՝ «այս ամենի հետ կապված ի՞նչ եք պատրաստվում անել, և ի՞նչ է հնարավոր անել», պատասխանեց, որ շատ հետաքրքրված էլ չէ։ «Այս օրենքը, անկեղծ ասած, մանրամասն չեմ էլ ուսումնասիրել։ Իսկ ինչ է կարելի անել․ ես ենթադրում եմ, որ համալսարանում հիմա որոշակի քննարկումներ տեղի ունենում են տարբեր ֆակուլտետներում։ Մեր կոլեգաներն իրենց կարծիքներն են հայտնում։ Ճիշտ կլինի, որ համալսարանն ավելի լայն քննարկում անի, օրինակ՝ գիտխորհրդի մակարդակով, և ներկայացնի իր մտահոգությունները։ Բայց ամենևին լավատես չեմ, որ իշխանությունները որևէ դրական կերպով կարձագանքեն այս ամենին, քանի որ համալսարանը, կրթական այլ հաստատություններ օրենքի հետ կապված բազմաթիվ դիտողություններ, առաջարկություններ, մեկնաբանություններ արել են։ Բայց, կարծեմ, դրանց մեծ մասը, որևէ կերպ չի ընդգրկվել օրենքում», - շարունակեց նա։
Իշխանությունները, Մելքոնյանի խոսքերով, վարում են անտեսման քաղաքականություն, ջայլամային քաղաքականություն՝ չլսելով ոլորտի մասնագետներին։ «Ինչպես այլ ոլորտներում չեն լսում մասնագետների կարծիքը։ Դա կլինի արտաքին քաղաքականություն, թե այլ։ Այլ ոլորտներում նույնպես քննադատությունները հնչում են, մասնագետների հիմնական կարծիքները հնչում են, բայց իշխանությունները հաստատակամ շարունակում են իրենց ուղին։ Թե այդ ուղին ո՞ւր է տանում, դժվար է ասել, չնայած արդեն տեսնում ենք, որ պետության տարբեր ոլորտներ գնացել են կոլապսի, անկման։ Ենթադրում եմ, որ նույն ճակատագիրն ուրվագծվում է կրթական համակարգի համար։ Մանավանդ, որ այդ ոլորտում ընդգրկված են այնպիսի մարդիկ, (նկատի ունեմ՝ կրթության ոլորտի, նախարարության պատասխանտուներ և այլն) որոնք, մեղմ ասած, աչքի չեն ընկնում ազգային նկարագրով։ Հետևաբար, նրանց մոտեցումներն էլ կրթության հետ կապված պետք է հարիր լինեն իրենց ապազգային դիրքորոշմանը»,- եզրափակեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանը։