Հասարակություն

Համահայկական խաղերի մասնակիցներն այստեղ ծանոթանում, ընկերանում են, նաեւ՝ ամուսնանում

Համահայկական խաղերի մասնակիցներն այստեղ ծանոթանում, ընկերանում են, նաեւ՝ ամուսնանում

2023 թվականի օգոստոսին Գյումրիից կմեկնարկեն համահայկական 8-րդ խաղերը։ 17 մարզաձեւ կներկայացնեն ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի տարբեր վայրերից Հայաստան ժամանած մեր հայրենակիցները։ Մարզիկները կներկայացնեն ոչ թե երկիրը, այլ, օլիմպիական սկզբունքով՝ իրենց քաղաքը։ Նախորդ՝ 2019-ին կայացած յոթերորդ խաղերին մասնակցել էր, ընդհանուր առմամբ, 5 հազար 244 մարզիկ,  2 հազար 203-ը՝ Հայաստանից, 3 հազար 41-ը՝ սփյուռքից։
«Քանի որ խաղերը չորս տարին մեկ են անցկացվում՝ օլիմպիական սկզբունքով, հիմնական գրասենյակ չունենք։ Նախապատրաստական փուլում՝ խաղերից առաջ,  կառավարության որոշմամբ, կտրամադրվի նաեւ գրասենյակ, որտեղ եւ կիրականացվեն մեր բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Խաղերը, որոնք կընթանան մոտ երկու շաբաթ, մինչեւ վերջին օրն էլ մեկ էլ տեսար՝ նոր մարզիկներ են գալիս եւ հայտ ներկայացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի լրատվության կենտրոնի ղեկավար Աննա Վարդանյանը։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ում ֆինանսավորմամբ են իրականացվում համահայկական խաղերը։ «2011 թվականից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ երբ որ ընտրվեց  Իշխան Զաքարյանը, այդ ժամանակվանից մինչ օրս արդեն ութերորդ խաղերն են ընթանում, որեւէ լումա պետական բյուջեից չի ծախսվել։ Համահայկական խաղերին մասնակցող մարզիկների ծախսերն իրականացվում են տարբեր հովանավորների միջոցներով։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն ունի գործկոմ, այդ գործկոմն աշխարհի տարբեր երկրներում, սփյուռքի մեր տարբեր գաղթօջախներում ունի իր ներկայացուցիչը։ Մարզիկները, ովքեր պետք է մասնակցեն համահայկական խաղերին եւ ժամանեն Հայաստան, նրանց բոլոր ծախսերը հոգում են տվյալ երկրի գործկոմի անդամները, որոնց միջոցով էլ եւ գտնվում են հովանավորները։ Անցած խաղերին համահայկական խաղերի գլխավոր հովանավոր էր «Տաշիր գրուպը», գուցեեւ այս տարի եւս լինի տվյալ ընկերությունը, դեռ չենք խոսել իրենց հետ»։

Աննա Վարդանյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները  բավականին ծավալուն են, անգամ մեկ տարին քիչ է։ Դա է պատճառը, որ մի քանի օր է, ինչ տրվել է նախապատրաստական աշխատանքների մեկնարկը։

«Ուսումնասիրելու ենք Արագածոտնի մարզի բոլոր համայնքներում գործող մարզադպրոցները՝ հասկանալու, թե որ դահլիճը որ մարզաձեւի համար կարող է հարմար լինել համահայկական  խաղերն անցկացնելու համար։ Գործկոմի միաձայն որոշմամբ՝ ընտրել ենք Գյումրին։ Բայց մեկնարկը Գյումրու ստադիոնից կլինի, թե Գյումրու հրապարակից՝ հստակեցված չէ դեռ։ Աշխատելու են ռեժիսորներ, սցենարիստներ, որոնք էլ եւ որոշելու են միջոցառման ամբողջ ծրագրի հերթականությունը։ Պաշտոնական բացումը կլինի հենց Գյումրիից։ Իսկ խաղերը կանցկացվեն Շիրակի եւ Արագածոտնի մարզերում՝ տարբեր համայնքներում գտնվող մարզադահլիճներում։ Երեւանում կշարունակվի  խաղերի երկրորդ մասը, եւ հենց Երեւանում էլ տեղի կունենա համահայկական ութերորդ խաղերի փակման պաշտոնական արարողությունը»,-ասաց Աննա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումը հետաքրքիր է նրանով, որ բացահայտում է ոչ միայն ամբողջ աշխարհի հայ մարզիկներին եւ մարզաձեւը, այլեւ՝ մեխը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը։

«Հետաքրքիր է այն, որ միշտ նոր երիտասարդներ են գալիս։ Ամեն խաղ ունենում է մի բացահայտում։ Այն մարդիկ, ովքեր առաջին անգամ են Հայաստանը տեսնում, շատերի համար դա լինում է բացահայտում։ Շատերն այստեղ ծանոթանում են, ընկերանում, նաեւ՝ ամուսնանում։ Բազմաթիվ երկրների երիտասարդների ամուսնություններ ունենք, որոնց միավորել է այս միջոցառումը։ Կան երիտասարդներ, ովքեր եկել եւ մնացել են Հայաստանում։ Մեկն իր բիզնեսն է դրել, մյուսն ընդունվել է բուհ, մի երրորդը՝ աշխատանքի։ 2019 թվականին մի խումբ երիտասարդներ էլ Արցախ են եկել ու մնացել այնտեղ։ Մի աննկարագրելի բան էր։ Համահայկական խաղերը համախմբում են աշխարհի բոլոր հայերին եւ բացում բոլոր «սահման» կոչվածները։ Օրինակ, նախորդ խաղերին ջահը բերեցինք Արեւմտյան Հայաստանի՝ Ախթամարի Սուրբ խաչ եկեղեցուց։ Սա մեծ խորհուրդ էր։ 2015 թվականին էլ Արեւմտյան Հայաստանից խաղերին մասնակցելու էին եկել մեծ թվով երիտասարդներ, որոնք անգամ հայերեն խոսել չգիտեին, բայց համահայկական խաղերի ավարտին որոշ չափով խոսում էին։ 2019 թվականին արդեն, երբ կրկին եկան խաղերին մասնակցելու, բավականին լավ էին խոսում մայրենի լեզվով։ Նրանցից շատերը մկրտվեցին այստեղ՝ Հայաստանում»,- պատմեց Աննա Վարդանյանը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image