Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ քրեական գործի շրջանակներում նյութերի նախապատրաստման փուլում քննչական կոմիտե էին հրավիրվել են մի շարք պաշտոնատար անձինք, որոնց թվում նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:
Բարձրացած աղմուկից հետո Հովիկ Աբրահամյանը սկսել է իր եւ տղայի անունով ինքնակամ կառույցները ինքնակամ օրինականացնել: Ծաղկաձորի քաղաքապետարանից տեղեկացանք, որ նախ ծանուցել են եւ վարչական տույժ կիրառել, ապա սկսել են օրինականացնել ինքնակամ կառույցները: Շինությունների օրինականացման համար Հովիկ Աբրամյանը համայնքի բյուջե վճարել է` 3 մլն. 200 հազար դրամ, իսկ որդին՝ Արգամ Աբրահամյանը 786,8 ք.մ. արտաքին մակերեսով հանգստյան տան համար վճարել է 4մլն. 091 հազար 360 դրամ:
Քաղաքապետարանից նաեւ հայտնեցին, որ սեղմ ժամկետներում բոլոր ինքնակամ կառույցները պետք է օրինականացվեն: Տեղեկացանք, որ բացատրություն տալու համար քննչական կոմիտե է հրավիրվել նաեւ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. «Ինձ էլ են հրավիրել բացատրություն տալու համար: Կառավարության որոշում է եղել, մենք օրենքի սահմաններում իրականացրել ենք, աճուրդը օրինական է եղել: Մտահոգված չեմ, մենք ինչ արել ենք, օրինական ենք արել՝ ի շահ Հրազդան քաղաքի»,-մեզ հետ զրույցում ասաց Դանիելյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ անտառային ֆոնդի հողերից ավելի քան 50 հեկտար հողատարածքի սեփականաշնորհման ընթացքում պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ՝ ՀՀ կառավարության՝ 2007 թվականի ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշման ընդունման ընթացքում մի շարք պաշտոնատար անձանց՝ ՀՀ Կոտայքի նախկին մարզպետի, մարզպետարանի հողաշինության բաժնի պետի, ՀՀ տարածքային կառավարման նախկին նախարարի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ուստիև՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։