Հասարակություն

Փաշինյանը մեխանիզմը գործի է դրել ու մի կողմ քաշվել

Փաշինյանը մեխանիզմը գործի է դրել ու մի կողմ քաշվել

Վանաձորի կենտրոնական հատվածում տաքացուցիչների կիսակործան գործարանի երկհարկանի շենքի տանիքին կախված մաշված ցուցանակն է միայն հիշեցնում արդյունաբերական հզոր ձեռնարկության երբեմնի փառքի մասին։ Գործարանը քայքայվում է․ կոտրված պատուհանների խոռոչները թշվառ հայացքով նայում են անցորդներին։ Շենքի մի հատվածը տարիներ առաջ նորոգվեց, բայց վերագործարկման փոխարեն բացվեց հերթական առեւտրի կենտրոնը՝ կահույքի վաճառասրահը:

Իմ ճանապարհը հաճախ անցնում է այդ գործարանի մոտով։ Վաղուց էի նկատել միշտ այս մասով քայլող մի քաղաքացու։ Չէի հիշում՝ որտեղից եմ ճանաչում, մինչեւ օրերս ինքը մոտեցավ ու հիշեցրեց. «1986 թվին Դուք այցելեցիք մեր գործարան, հետո «Կայծ» թերթում հոդված գրեցիք։ Երանելի տարիներ էին․ գործարանը շնչում էր, նրա հետ՝ հարյուրավոր աշխատողներ։ Ահա ինչ է մնացել… Հիշո՞ւմ եք»։

Հիշում եմ։ Տաքացուցիչների գործարանը քաղաքի 24 արդյունաբերական ձեռնարկություններից մեկն էր, մեծ համբավ ուներ ամբողջ Խորհրդային Միությունում։ Հպարտանում էինք, որ Վանաձորի (այն ժամանակ` Կիրովական) գործարանների արտադրանքն արտահանվում է աշխարհի 70 երկիր։ Տաքացուցիչներ ուղարկվում էին ԽՍՀՄ եւ Վարշավյան պայմանագրի սոցիալիստական երկրներ։ Ռազմավարական նշանակության արտադրատեսակները կիրառվում էին ռազմարդյունաբերության եւ տիեզերագնացության ոլորտում՝ ապահովելով տանկերի, նավերի եւ այլ տեխնիկայի շարժիչների արագ տաքացումը։ Իմ այցելության օրը գործարանում նույնիսկ ռեկորդ էր գրանցվել․ վանաձորյան տաքացուցիչն ապահովում էր մինչեւ 1700 աստիճան ջերմություն` եթե կապիտալիստական երկրների տանկերի շարժիչներն անհրաժեշտ ջերմաստիճանին հասնում էին մոտ 2 րոպեում, ապա մեր տաքացուցիչներով՝ ընդամենը մեկուկեսում։ Հենց այդ պատճառով էլ, չնայած մեծ պահանջարկին, արտադրանքն այլ երկրներ չէին արտահանվում։
«Կարծում եք՝ այսօր պահանջարկ չէ՞ր լինի»,- կարծես կռահելով մտքերս՝ հարցրեց զրուցակիցս։ «Ամեն նոր իշխանության գալով մտածել եմ՝ մեր գործարանը կվերագործարկվի։ Ախր, խոստանում էին: Ամեն անգամ սխալվել եմ»։ Նրա խոսքում դառնություն կար։ Որոշեցի դառը հումոր անել. «Այս անգամ հաստատ չեք սխալվի` պետք է ընտրել ՔՊ-ին, եւ մեր բոլոր երազանքները շուտով կիրականացնեն, ինչպես խոստանում է նրանց առաջնորդը»: Զարմացած նայեց ինձ ու լոռեցուն բնորոշ անմիջականությամբ հարցրեց. «Նիկոլի՞ հետ դարձյալ հույս կապենք։ Կասե՞ք՝ անցած ութ տարում ինչու մատը մատին չտվեցին։ Անցած ութ տարում մեր երկրի արդյունաբերության բոլոր «հյութերը» ցամաքեցրին: Հիմա հավատանք, որ ինչ-որ բան կփոխե՞ն։ Չէ, նրանք դրա համար չեն գալիս։ Նրանք իշխանություն ունենալու, երկրի կործանումն ավարտին հասցնելու համար են գալիս»: Ապա հավելեց․ «Նրանք ունեն ցածր մակարդակ, բայց մի քանի տարում ձեռք են բերել բարձր կենսամակարդակ»:

Այնուհետեւ երկար խոսեց․ «Ոմանք ասում են՝ չեն աշխատում, Նիկոլը պարապ թրեւ է գալիս, հարցնում են՝ մարդն ինչքա՞ն ժամանակ պիտի չաշխատի, որ գործից հանեն... Բայց սխալվում են։ Էն օրն էլ մի խելացի բժշկուհի ասաց. «Այ վարչապետ, ուրիշ գործ չունե՞ս, որ պարապ պտույտ ես տալիս փողոցներով։ Էս երկրի հոգսերն ո՞վ է տանելու, երբ դուք միայն ուտելով ու դատարկաբանելով եք զբաղված»։ Բայց թե՛ այդ բժշկուհին, թե՛ մեր ժողովրդի միամիտ մասը սխալվում է․ Նիկոլն ու նիկոլականները երբեք պարապ չեն եղել։ Նրանք եռանդով զբաղված են եղել ու շարունակում են զբաղվել երկրի կործանման տիտանական աշխատանքով։ Չէ՞ որ իր ծրագրերը գրեթե ավարտել է՝ պատերազմ հրահրեց, Արցախը հանձնեց, տարածքներ զիջեց, հիմա քանդում է մնացածը՝ բանակը, պաշտպանունակությունը, հասարակության միասնությունը։ Նա համառ է, անընդհատ «աշխատող», օրը 24 ժամ՝ առանց դադարի։ Իսկ այն, ինչ ինքը չի հասցնում, լրացնում են թիմակիցները՝ նախարարներ, պատգամավորներ, տարբեր «ռանգի» ու մակարդակի պաշտոնյաներ։ Իրավական համակարգն էլ իր հերթին է «աշխատում»։ Նիկոլը գործի է դրել բոլորին: Հիմա էլ դուրս են եկել ձայն մուրալու։ Դա գործ չէ՞: Կյանքի ու մահվան պայքար է: Բայց իմ խոսքը ոչ այնքան իրենց, որքան մեր ժողովրդին է վերաբերում։ Էլ ի՞նչ պիտի անեն, որ հասկանանք՝ իրենց նպատակը որն է։ Կասկածում եմ անգամ՝ սրանք Հայաստանի՞ քաղաքացիներ են։ Դուք լրագրող եք․ գրեք այս ամենի մասին։ Իմ անունը մի տվեք։ Գրեք՝ տաքացուցիչների գործարանի նախկին աշխատող։ Վստահ եմ՝ իմ խոսքին կմիանան շատերը՝ քիմիագործներ, տրիկոտաժագործներ, մեքենաշինարարներ… Բոլոր նրանք, ովքեր հասկանում են արդյունաբերության ու հայրենիքի արժեքը։ Հասկացեք՝ երեխաներ ունեմ, թոռներ… Սրանք վրիժառուների խումբ են, կարող են մեր սերունդներին վնաս տալ»։

Ես միայն մի դիտարկում արեցի՝ սրանց հաջողվել է մարդկանց մեջ վախ սերմանել։ Մարդիկ վախենում են, բարձրաձայն չեն բողոքում, չեն պահանջում։ Եվ հենց այդ պատճառով նրանք «հաջողությամբ» անարգում են մեր սրբությունները:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image