Հասարակություն

Եկեղեցին 1700 տարի գոյություն ունի՝ իշխանությունը հազար տարի կպահպանվի՞

Եկեղեցին 1700 տարի գոյություն ունի՝ իշխանությունը հազար տարի կպահպանվի՞

Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող հակաեկեղեցական արշավը կարող է լինել  նախընտրական ծրագրի բաղկացուցիչ մաս։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը։
«Կարող է դա լինել, կարող է լինել արտաքին թելադրանք, հազար ու մի բան կարող է լինել»,-ասաց Խաչատրյանը։

Կարգալույծ լինելուց հետո արդեն Ստեփան Ասատրյան կոչվող անձի կողմից՝ ՔՊ-պարզապես  քարոզիչ Գնել Սարգսյանի առաջնորդությամբ ցանկացած արարողություն՝ օրենքից դուրս է, պնդում է Վարդան Խաչատրյանը։

«Եկեղեցական օրենքով նման բան չկա, կարգալույծ եղած որևէ մեկը չի կարող նման արարողություն անցկացնել։ Կարգալույծ եղել են և Կաթողիկոսի որոշմամբ և իրենց կամքով, հիմա իրենցից ո՞ր մեկն է գնացել, մտել ՝ եկեղեցական ծառայություն իրականացրել որևէ տեղ»,- ասաց աստվածաբանը։
Խաչատրյանը նշում է, որ եկեղեցու գործունեության հիմք է հանդիսանում  «Դատաստանագիրք հայոց»-ը, որտեղ կա նման կետ՝ կարգալույծ եղած, անձամբ կարգալույծ լինելու համար դիմած ու ստացած անձը, չունի որևէ իրավունք որևէ ծես, որևէ արարողություն, անգամ քարոզախոսություն իրականացնել եկեղեցու  ներսում։

Անդրադառնալով քննարկումներին, որ Փաշինյանն այս քայլերով փորձում է ՀԱԵ-ին զուգահեռ նոր եկեղեցի հիմնել, ասաց, որ դա հնարավոր բան չի, որովհետև Փաշինյանն այդքան ժամանակ չունի՝ համանման եկեղեցի ստեղծելու համար տասնամյակներ են պետք։ 

«Այսօրվա եկեղեցին որ ունենք, փաստորեն Վազգեն Վեհափառից հետո է ձևավորվել, այս ամբողջ ընթացքում ձևավորվել է ու դեռ շարունակում է ձևավորվել։ Այդ ո՞վ կարող է մեկ տարում, երկու տարում, հինգ տարում  նման բան անել՝ ֆիզիկապես հնարավոր չի դա անել»,-ասաց աստվածաբանը։
Ինչ վերաբերում է հոգևորականներին, Վեհափառին ուղղված կոշտ քննադատություններին, Խաչատրյանը նշում է, որ նման քննադատական ալիքներ  պարբերաբար եղել են՝ 19-րդ դարում է եղել, դրանից առաջ էլ է եղել։

«Եթե կարդաք մեր խոշորագույն մտածողներին, ինչպիսիք Նալբանդյանն է, ինչ-որ չափով Րաֆֆին, նրանք ունեն հոգևորականության քննադատություն, բայց դա վերջին հաշվով  որևէ կերպ չի կարողանում մնալ որպես պիտակ հոգևորականների վզից կախած հազարամյակների համար, որովհետև դրան հակակշիռ գոյություն ունեն այնպիսի բաներ, որոնք գալիս և ծածկում են այդ ամեն ինչը՝ մեկընդմիշտ։ Շատ կարևոր է, որ լրատվամիջոցներն էլ ակտիվ լինելն իշխանության կազմակերպելիք դիսպուտների մեջ և լուսաբանեն ըստ ամենայնի։ Գնալու է տարամետ կարծիքների բախում, ինչը հասարակության համար միակ կամերտոնն է, որը խոսում է ճշմարտության զանգով՝ ուրիշ համանման կամերտոն շատ դժվար է գտնել։ Հասարակությունը պետք է տեսնի, պետք է լսի և ինքը պետք է կայացնի իր որոշումները։ Իշխանությունները փորձելու են դա իրենց քարոզչության շրջանակը մտցնել, որը շատ բարդ է և  վտանգավոր իրենց համար հատկապես հիմա, իսկ դրա դեմ էլ կլինեն փաստարկումներ, որոք  ամեն դեպքում հնարավորություն կտան  օպտիմալ  և օբյեկտիվ պատկերացումներ կազմել մեր ժողովրդին»,-ասաց Խաչատրյանը։

Մեր խնդիրը Հայաստանի ամբողջական զանգվածը պահելն է և բոլորս մնում ենք միայն մեկ առանցքի շուրջ, մենք բոլորս՝ երկրի 90 տոկոսից ավելին հայ քրիստոնյաներ են։ Ինչ վերաբերվում է բախումների հավանականությանը, ապա եթե նույնիսկ դրանք լինեն, ի՞նչ է՝ իշխանությունը ևս հազար տարի պահպանվելո՞ւ է։

«Եկեղեցին 1700 տարի է գոյություն ունի, իշխանությունը ինչքա՞ն է պահպանվելու, ինչի՞ է տանում։ Իշխանության այս գիծը դեպի ո՞ւր է տանում, դրա լուսավորը ո՞րն է՝ դրանք հարցեր են, որոնց շուրջ պետք է դիսպուտ լինի, որ հասարակությունն էլ ինքն իր համար գա եզրակացության»,-շեշտեց Խաչատրյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image