Քաղաքականություն

Եթե «Շանթ դաշինքը» մասնակցի ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը․ Շահեն Հարությունյան

Եթե «Շանթ դաշինքը» մասնակցի ընտրություններին, ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը․ Շահեն Հարությունյան

Արցախյան շարժման ակտիվ մասնակից, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը, ով ղեկավարում էր 2004 թվականին դատարանի որոշմամբ կասեցված «Ցեղակրոն» կուսակցությունը, մարտի 18-ին հայտարարել էր «Ազգային միացյալ նախաձեռնություն» անվանումով կուսակցություն հիմնելու մասին։

Սակայն մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ որոշվել է կուսակցությունը կոչել «Շանթ դաշինք»։

Իսկ արդեն ապրիլի 27-ին տեղի ունեցավ «Շանթ դաշինքի» հիմնադիր համագումարը, որին կուսակցության նախագահ ընտրվեց հասարակական ակտիվ գործունեությամբ հայտնի Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյան որդին։

Երեկ «Հրապարակի» հետ զրույցում Շանթ Հարությունյանն ասաց, որ որդին է զբաղվում նոր կուսակցության հարցերով։

Շահեն Հարությունյանը «Հրապարակին» ասաց, որ այսօր, ամենայն հավանականությամբ, կավարտեն կուսակցության գրանցումը։ «Կուսակցության համագումար արել ենք։ Ըստ օրենքի նորմերի՝ պետք է համագումարն անես, համագումարից հետո 1 տարվա ընթացքում ներկայացնես կուսակցության գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը՝ 300 և ավելի հիմնադիր անդամներ, մնացյալ դիմումները։ Հենց օրենքի շրջանակներում գրանցենք կուսակցությունը, արդեն հնարավորություն կունենանք մասնակցել ընտրություններին», - ասաց հասարակական-քաղաքական գործիչը։

Ինչ վերաբերում է «Ազգային միացյալ նախաձեռնություն» անվանումը «Շանթ դաշինք»-ով փոխարինելուն, ապա Հարությունյանն ասաց․ «Ցանկանում էինք «Ազգային միացյալ նախաձեռնություն» անվանումով գրանցել՝ 1966 թվականին Շահեն Հարությունյանի, Հայկազն Խաչատրյանի, Ստեփան Զատիկյանի կողմից ստեղծված կուսակցության մոտիվներով։ Բայց քանի որ մեր ընտրական ժամանակը սուղ է, առջևում ընտրություններ կան, և այդ կուսակցությունը հանրությանը ներկայացնելու և մեզ հետ կապելու ժամանակ չկա, որոշեցինք ժողովրդի համար ավելի ճանաչելի, ավելի ընդգրկուն իմաստ ունեցող անունով հանդես գալ։ Ուստի որոշեցինք անունը դնել «Շանթ դաշինք»։ Ժողովուրդը Շանթին ճանաչում է, դրա համար էլ հենց «Շանթ դաշինք»։ Դա պայմանավորված է նրանով, որ Շանթի շուրջ համախմբված են գաղափարական մարդիկ, ովքեր կուսակցական էլ չեն։ Անձամբ Շանթը կուսակցական էլ չէ, Շանթի պայքարի ընկերները, առաջին արցախյան պատերազմի ժամանակ իր հետ ընկերություն արած մարդիկ»։

Հարությունյանը նշեց, որ այս կուսակցությունը միջոց է` մասնակցելու ընտրություններին, ներգրավվելու քաղաքական պրոցեսներին, որի շուրջ էլ համախմբված են ոչ կուսակցական, գաղափարական մարդիկ։ «Այսինքն, սա կուսակցական և անկուսակցական գաղափարական դաշինք է Շանթի գաղափարների շուրջ»։  

- Պարո՛ն Հարությունյան, մի քանի նոր կուսակցություններ են հիմնվել՝ «Արդար Հայաստան» (Նորայր Նորիկյան), «Ինքնիշխան Հայաստան» (Դավիթ Սանասարյան), «Հանուն Հանրապետության» (Արման Բաբաջանյան), «Վերածնվող Հայաստան» (Վահե Հակոբյան)։ Նշվածներից ինչ-որ մեկի հետ քննարկումների կամ բանակցությունների մե՞ջ եք։

- Ոչ, մենք բանակցություններ չենք վարում։ Որպես այդպիսին, դաշինք չենք կազմելու։ Եթե որոշենք մասնակցել ընտրություններին, գոնե այս պահի դրությամբ պարզ է, հստակ է մեզ համար, որ մենք ընտրությունների կգնանք միայնակ՝ «Շանթ դաշինք» կուսակցությունով։

- Դուք ժամանակին Դավիթ Սանասարյանի հետ սերտ հարաբերություններ ունեիք։

- Դավիթ Սանասարյանի հետ մենք եղել ենք, այսպես ասած, պայքարի ընկերներ, պայքարակիցներ։ Սակայն, ըստ էության, այս փուլում, մանավանդ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, իմ և Սանասարյան Դավիթի քաղաքական-գաղափարական ուղղվածություններն արդեն իսկ տարբերվում են։ Դավիթ Սանասարյանն ունի իր կուսակցությունը, ես՝ իմ կուսակցությունը։

- Իսկ եթե ընտրություններ լինեն, Շանթ Հարությունյանը մասնակցելո՞ւ է։

- Կարևոր է ընդգծել, որ եթե «Շանթ դաշինքը» մասնակցի արտահերթ ընտրություններին, մեր ցուցակը կգլխավորի Շանթ Հարությունյանը։

- Իսկ կարո՞ղ եք այլ գործիչների անուններ նշել, որոնք ընդգրկված են ձեր կուսակցությունում։

- Ոչ, որովհետև դեռևս պայմանավորվածություններ չկան, դեռևս ցուցակները չեն կազմվել, դեռևս միայն զբաղված ենք կուսակցաշինական գործընթացով։ Եթե գրանցենք կուսակցությունը, ընտրությունների հետ կապված ցուցակը, ռազմավարությունը կօգտագործենք։

- Ձեր հիմնական ուղղվածությունն ինչի՞ վրա է լինելու։ Ծրագրից մի քանի բան կարո՞ղ եք ասել։

- Նախ ասեմ, որ ծրագիրը գրելուց չենք առաջնորդվել, որ ամեն ինչի մասին պետք է խոսենք, ամեն ինչի մասին պետք է գրենք։ Մեզ համար կարևոր կետերն ենք առանձնացրել։ Դրանք են՝ անվտանգություն, արտաքին քաղաքականություն, կրթություն, գիտություն, մշակույթ, արդարադատություն և տնտեսություն։ Ամենակարևորը` անվտանգություն և արտաքին քաղաքականություն՝ արտաքինի մասով, ներքինի մասով՝ կրթություն, գիտություն, մշակույթ։ Արտաքին քաղաքականության մեջ մեզ համար ամենակարևորը, որպես այդպիսին, անկյունաքարային սկզբունք է 1921 թվականի Մոսկվայի պայմանագրի (Լենին-Աթաթյուրք պայմանագիր) դեմ հանդես գալը։ Ըստ էության, մենք, որպես Հայաստան, չենք կարող Մոսկվայի պայմանագրի դեմ որոշակի քայլեր իրականացնել, որովհետև դա կնքված է Մոսկվայի և Թուրքիայի միջև։ Սակայն մենք իրավական գործընթաց պարտավոր ենք և կարող ենք սկսել կոնկրետ Կարսի պայմանագրի դեմ։ Քանի որ հենց Կարսի պայմանագրում է մեր ստորագրությունը դրված (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան՝ մի կողմից, մյուս կողմից՝ Թուրքիա, Ռուսաստան)։ Այս պայմանագիրը Ռուսաստանից է պարտադրվել մեզ։ Եվ մեր Ազգային ժողովը, կառավարությունը, Անվտանգության խորհուրդը հստակ քայլեր պետք է ձեռնարկեն Կարսի պայմանագրի դեմ՝ Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու, չեղարկելու համար։ Եվ դրանից բխող արդեն նոր քաղաքականություն պետք է Հայաստանը վարի։

- Իսկ որպես ձեր հիմնական արտաքին քաղաքական գործընկեր ո՞ւմ եք տեսնում՝ Արևմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը, Իրանը կամ Չինաստանը։

- Բնականաբար, Լենին-Քեմալ պայմանագրի շղթայի շրջանակից դուրս գալու ժամանակ բոլոր պետությունները, որոնք պատրաստ են մեզ աջակցել, օժանդակել, կլինեն մեր դաշնակիցները, մասնավորապես՝ Արևմուտքը և Միացյալ Նահանգները։

- Իսկ գրասենյակներ արդեն սկսե՞լ եք բացել հանրապետության տարածքում։

- Դեռևս ունենք 1 գրասենյակ Երևանում, Թումանյան փողոցի վրա։ Սպասենք կուսակցության վերջնական գրանցմանը, հետո նոր արդեն կսկսենք պլանավորել մնացած բաները։ Հայաստանյան այս իրավիճակում ներքաղաքական, ներկուսակցական գործունեություն չենք ցանկանում ծավալել։ Որովհետև Հայաստանն ունի արտաքին վտանգ, առկախված է արտաքին վտանգն արտաքին թշնամիների կոնկրետ գործողություններից։ Եվ կուսակցություն ստեղծելը, հիմնելն ավելի շատ պարզապես ընտրություններին մասնակցելու համար է։ Հետագայում, երբ որ արդեն Հայաստանում քաղաքական կյանքը կկարգավորվի, փոքր-ինչ կմեղմանա, կթուլանա արտաքին վտանգները, այդ ժամանակ մենք արդեն ավելի լայն թափով կսկսենք գրասենյակներ բացել, մասնաճյուղեր բացել, հանդիպումներ հանրապետությունում։ Բայց գոնե այս փուլում մեզ համար հստակ է․ քանի կա արտաքին վտանգ, զերծ մնալ ակտիվ քաղաքական, կուսակցական գործունեությունից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image