Հասարակություն

Եվրոպացիները մեզ ապո՞ւշ են համարում

Եվրոպացիները մեզ ապո՞ւշ են համարում

Եվրոպացիների կողմից Հայաստանի ներկայիս իշխանության  քաղաքականությանը առավել ագրեսիվ աջակցության փուլը թևակոխել է բացահայտ սպառնալիքներ հնչեցնելու փուլ` Հայաստանի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր համաձայն չեն Հայաստանի մասնատման հետ և վերջինիս հավաքական Արևմուտքի (Եվրոպա, ԱՄՆ, Թուրքիա և Ադրբեջան) և Արևելքի (Իրան, Ռուսաստան, Չինաստան) դիմակայության պլացդարմի վերածելու։ 

Մոտավորապես նման ինտրիգային տեքստ է ասել օրերս Եվրոպական Միության արտաքին գործերի հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը. ԵՄ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին: Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանում ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ՝ ներքին, թե արտաքին։ Դիվանագիտականից նորմալ լեզվով թարգմանելը նշանակում է երկու բան.

1. Եվրոպան, փաստորեն, ուղղակի և հաստատակամորեն իրեն իրավունք է վերապահում միջամտել Հայաստանի ներքին գործերին և փաստացի վերջնագիր է ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին, որ մենք ոչ մի դեպքում մեր դժգոհությունը չհայտնենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, որն իր հերթին սպասարկում է կողմնակի խաղացողների(եվրոպացիների) շահերը և խիստ ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին։ 

Իրավիճակն, ըստ էության տարօրինակ է, որովհետև նույն Բորելը սպառնում է հայերին, որ եթե վերջիններս «համարձակվեն» դիմադրել Հայաստանը ոչնչացնելու իշխանամետ քաղաքականությանը՝ հանուն տարածաշրջանից ռուսներին և իրանցիներին վտարելու, ապա եվրոպացիները շատ դժգոհ կլինեն։

2. եվրոպացիներն այնքան են խրվել աշխարհաքաղաքական ախոռի մեջ, որ արդեն առանց թաքնվելու իրենք են ոտնահարում եվրոպական ժողովրդավարության հիմնարար սկզբունքները և համարձակվում են մեզ սպառնալ նույնիսկ անհամաձայնություն հայտնելու փորձերի համար։

Ստացվում է, որ փաշինյանական իշխանությունը եվրոպացիներից թույլտվություն է ստացել Հայաստանի ազգային շահերը հանձնելու շրջանակներում ցանկացած գործողություն կատարելու։ 

Իհարկե, Հայաստանի իշխանությունները բառացիորեն երջանիկ են իրենց տերերի կողմից Հայաստանի քաղաքացիների նկատմամբ լկտի և անամոթ վերաբերմունքից, քանի որ սխալմամբ եվրոպացիների կողմից իրենց թուրքամետ և ադրբեջանամետ քաղաքականության աջակցությունը համարում են ինչ-որ ինդուլգենցիա:

Միանգամից վերապահում անենք, եվրոպական «դեմոկրատներն» ու նրանց (հենց իրենց, այլ ոչ թե ժողովրդական) հայկական իշխանությունը չարաչար սխալվում են։ 

Մեզ լուռ, բութ, հնազանդ, եվրագովեստներով զմռսված Կենսազանգված համարելը առանցքային սխալ է։ 

Եվ ի դեպ, իսկ ինչու եվրոպացիներն այդքան «մտահոգված» չէին իրենց ռազմավարական գործընկեր Ադրբեջանի կողմից արցախցիների էթնիկ զտումներով և մատը մատին չէին տալիս, որպեսզի կանխեին պատերազմը Հայաստանի և Արցախի դեմ:

Ինչու են եվրոպացիներն ու նրանց դիտորդներն ընդամենը «հետևում», թե ինչպես է թուրք-ադրբեջանական տանդեմը օկուպացնում իբր «ժողովրդավարական» Հայաստանի ինքնիշխան տարածքները:

Ինչու ոչ մի իրական քայլ , ոչ մի բան, ես շեշտում եմ՝ հայերի սպանությունների և առևանգումների համար թուրք-ադրբեջանական տանդեմին պատժելու համար մենք մինչև հիմա չենք տեսել եվրոամերիկացիներից։

Եվրոպացիները մեզ ապո՞ւշ են համարում։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image