Հասարակություն

Արթիկի վետերանների շենքը հոսանքազրկված էր, դռներից մեկը կոտրած, պատին՝ հայհոյանք

Արթիկի վետերանների շենքը հոսանքազրկված էր, դռներից մեկը կոտրած, պատին՝  հայհոյանք

Ավելի վաղ գրել ենք, որ Արթիկի վետերանների միության շենքում գիշերը դեպք է գրանցվել։ Ըստ քաղաքացիների՝ անհայտ անձը կամ անձիք մտել են շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Hraparak.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին, որ Հունիսի 12-ին՝ ժամը 20,43-ին, ՀՀ ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի վետերանների համար նախատեսված շինությունում։ Հրդեհը մարվել է հրշեջ ծառայության կողմից ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումում։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հրդեհի բռնկման նախնական վարկածը էլեկտրական մալուխների՝ կարճ միացումից է առաջացել։

Մինչդեռ գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, որ ֆեյսբուքում ահազանգել էր կատարվածի մասին, նշում է, որ շենքը մի քանի ամիս է՝ հոսանքազրկված էր, եւ որպես ապացույց ցույց տալիս այսօր արված լուսանկարը, որտեղ պատկերված է հոսանքի արկղը՝ բարձիթողի վիճակում, անջատված մալուխը, որից սնվում էր շենքը, հանված է նաև էլեկտրոհաշվիչը։

«Վարկածը, թե հոսանքի լարերից է, գրեթե անհնար է։ Այդտեղ՝ նույն տարածքում, կա նաև երիտասարդական կազմակերպություն, որի դռները նույնպես կոտրված էին եւ ներսում հայհոյանք պարունակող գրություն կար, թե ով դատի տա․․․․․, մի խոսքով կատարվածը լրիվ խուլիգանություն է։ Էդ կազմակերպության երիտասարդներն էլ փաստեցին, որ շենքում հոսանք չկար։ Ի դեպ, վետերանների միության նախագահը վերջերս մահացել է, եւ նրան դեռ փոխարինող չկա»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ Արթիկի ոստկանությունում պնդել են, որպեսզի դեպքը հանգամանալից ուսումնասիրվի, քանի որ համոզված են, որ խուլիգանական արարքի դրսևորում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image