Ադրբեջանական շրջափակման ու հրաշքով փրկվելու պատմությունն է ներկայացված Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գրքում։
ԳԱԱ Պատմության ինստիտուտը եւ «Հայոց տուն» նախաձեռնությունը «Կենդանի պատմություն» միջոցառման շրջանակում հյուրընկալել էին 44-օրյա պատերազմի մասնակից եւ հրաշքով փրկված Կոլյա Ստեփանյանին եւ նրա հինգ ընկերներին։
Արսեն Այվազյանը, Արման Արմաղանյանը, Դավիթ Սահակյանը, Արթուր Հարությունյանը, Ռուսլան Թումանյանը եւ Կոլյա Ստեփանյանը 70 օր ադրբեջանական շրջափակման մեջ մնալուց հետո փրկված տղաներն են, Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գրքի իրական հերոսները։ Նրանց 70-օրյա պայքարի ու ողջ մնալու ճանապարհի մասին պատմող գիրքը ներկայացվեց «Կենդանի պատմություն» միջոցառմանը։
«Գիրքն իսկապես կենդանի պատմություն է այն մասին, թե ինչ ոգու տեր են հայ երիտասարդները։ Ամեն էջում արձանագրված պատմություն է»,- ասաց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
«Հայոց տուն» նախաձեռնության համահիմնադիր, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն էլ տղաներին հորդորեց ընտանիք կազմել եւ սերունդը շարունակել։ «Դուք հաղթել եք մահվանը, հիմա պիտի հաղթեք կյանքում եւ պետք է հաղթեք՝ սերունդ ունենալով»,- ասաց պրոֆեսորը։
Միջոցառմանը ներկա էին նաեւ տղաների ծնողները։ «Մենք իրենց ենք կյանք պարգեւել, իրենք էլ իրենց վերադարձով են մեզ կյանք պարգեւել։ Հիմա ավելի ուժեղ եմ, քան երբեւէ»,- արցունքները զսպելով՝ ասաց Ռուսլան Թումանյանի մայրը՝ տիկին Կարինեն։
Կոլյա Ստեփանյանը պատմեց, որ գիրքը թեեւ գեղարվեստական է ու որոշակիորեն վերաշարադրումն է իրադարձությունների, բայց նկարագրված բոլոր գործողություններն իրականությունն են՝ դեպքերից տարիներ հետո վերաիմաստավորված։ Գրող դառնալու մանկության երազանքն իրականացրած Կոլյան իսկապես արձանագրել է կենդանի պատմությունը, որն ապագա սերունդներին, զուտ նկարագրությունից բացի, շատ ասելիք ու պատմելիք ունի։