Քաղաքականություն

Ոչ ռոբոտացմանը

Ոչ ռոբոտացմանը

2007 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը գլխավորում էր «Այլընտրանք» կոչվող նախընտրական դաշինքը, որի կարգախոսներից մեկն էլ «Ոչ ռոբոտացմանը» կոչն էր: 2007-ին նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, եւ «Ոչ ռոբոտացմանը» ուղղված էր Քոչարյանին եւ նրա իշխանությունը մերժելուն: Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո այս կարգախոսը նոր իմաստ է ստացել, այն այլեւս հասկացվում է բուն իմաստով` Փաշինյանն իր շրջապատին եւ ենթականերին վերածել է ռոբոտների, որոնք առաջնորդվում են ոչ թե սեփական բանականությամբ, արժեքներով, զգացմունքներով, այլ Փաշինյանի կողմից իջեցված հրահանգներով: Փաշինյանն ամենեւին դեմ չէր լինի ամբողջ հայ հասարակությանը կամ դրա մեծ մասին ռոբոտացնելուն, ինչի ուղղությամբ եւ աշխատում է:

Նիկոլ Փաշինյանի հավաքագրած կամ նրա համար հավաքագրված թիմը կազմված է ոչ թե մարդկանցից, այլ՝ ռոբոտներից: Կարող էինք ասել՝ ստրուկներից, բայց այդ ձեւակերպումը ժամանակավրեպ է. թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության զարգացման պայմաններում ստրուկներին փոխարինելու են եկել ռոբոտները` մեքենաներ, որոնք կատարում են իրենց տիրոջ հրահանգը, առանց վերլուծելու կամ քննարկելու այդ հրահանգի իմաստը, նշանակությունը, անգամ վտանգավորությունը` սեփական գոյության համար: Հնարավոր է, որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ռոբոտները եւս որոշակի ինքնուրույնություն ձեռք բերեն, գիտական ֆանտաստիկան նկարագրում է ռոբոտների, որոնք օժտված են էմոցիաներով եւ բանականությամբ, բայց այս պահին գործող ռոբոտների մոտ դա իսպառ բացակայում է: 

Հովիկ Աղազարյանի կնոջ հոգեհանգստի արարողությունը ցույց տվեց, որ, ի դեմս ՔՊ-ականների մեծամասնության, մենք գործ ունենք ոչ թե բանական մարդկանց` Homo sapiens-ի, այլ՝ ռոբոտների հետ: Եթե Հովիկ Աղազարյանի կինը մահացած լիներ մեկ ամիս առաջ, նրա հոգեհանգստին կմասնակցեին բոլոր ՔՊ-ական պատգամավորները, նախարարները, մարզպետները եւ այլ կարգի չինովնիկներ` իրենց ղեկավարի` վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ: Բայց Հովիկ Աղազարյանի կինը չմահացավ, նա սպանվեց Փաշինյանի կողմից. Աղազարյանի եւ նրա ընտանիքի անդամների դեմ սկսված հոգեբանական, քրեաիրավական հետապնդումը հասցրեց նրան, որ խեղճ կնոջ առողջությունը տեղի տվեց: Եվ քանի որ Աղազարյանն այլեւս ՔՊ-ական պատգամավոր չէ, նա թույլ չի տվել, որ իր կողմից կառավարվող ռոբոտները մասնակցեն հոգեհանգստին:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ճիշտ էր, երբ օրեր առաջ ասում էր, որ իրենք այլեւս չունեն անձնական կյանք: Անձնական կյանքի բացակայության մասին նրա պնդումը ես այն ժամանակ ընկալեցի որպես սեփական նախաձեռնությամբ ինչ-որ հարաբերություններ ունենալու արգելք. իրենց արգելված է առանց վերադասի համաձայնության ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ մարդկանց հետ շփվել, ամուսնանալ կամ ամուսնալուծվել, երեխաներ ունենալ, գնալ հանգստի, հաց ուտել, քնել, արթնանալ: Յուրաքանչյուր քայլ պետք է հրահանգավորվի, պետք է համաձայնեցվի վերադասի կողմից: Պարզվեց, որ վերահսկողությունը շատ ավելի խորն է. վերադասը տոտալ վերահսկողություն է հաստատել նաեւ իրենց զգացմունքների վրա. առանց նրա համաձայնության իրենք իրավունք չունեն ուրախանալ, տխրել, սգալ կամ ինչ-որ մեկին վշտակցել: 

Տրամաբանական հարց կարող է առաջանալ. Լավ, հանուն ինչի՞ են այս մարդիկ իրենց դատապարտել կամավոր ռոբոտացման, ինչո՞ւ են իրենք իրենց զրկել մարդուն տրված ամենամեծ արժեքից` ազատությունից: Սրա բացատրությունն այն է, որ Նիկոլի ռոբոտներին թվում է, թե այս ռոբոտացումը ժամանակավոր է, որ դա վերաբերելու է իրենց կյանքի ընդամենը մի հատվածին: Հիմա իրենք ռոբոտ են դարձել, բայց դրա փոխարեն իրենց հնարավորություն է տրված փող աշխատելու, ինչ-որ կարողություն կուտակելու: Իրենք ազատությունը փոխարինել են փողի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ հավերժ չէ, մի օր նրա իշխանությունն էլ կվերջանա, եւ այդ ժամանակ իրենք կվերստանան կորցրած ազատությունը եւ կկարողանան ապրել ոչ թե ռոբոտի, այլ սովորական մարդու կյանքով: Այդ ժամանակ իրենք ե՛ւ փող կունենան, ե՛ւ ազատություն: Մի արդարացում էլ կա. իրենք իրենց զոհաբերում են հանուն իրենց երեխաների, իրենք հիմա ապրում են ռոբոտի պես, բայց իրենց երեխաների համար ազատ եւ բարեկեցիկ կյանքի հեռանկար են ստեղծում: 
Քանի որ ռոբոտի եւ ստրուկի միջեւ ոչ մի տարբերություն չկա, ինչպեսեւ ռոբոտը, ստրուկը եւս տիրոջ սեփականությունն է եւ պարտավոր է կատարել նրա ցանկացած հրահանգ եւ քմահաճույք, ապա նիկոլական ռոբոտները պետք է իմանան երկու բան: Նախ՝ ստրկությունից ազատագրում չկա, եթե դու ստրուկ ես, ապա դա ցմահ է:

Հնարավոր է, որ Նիկոլն ինչ-որ պահի կորցնի իշխանությունը, բայց դա չի նշանակի իրենց մեխանիկական ազատագրում, ստրուկներն էլ մի տիրոջից փոխանցվում էին այլ տերերի, նույնն է նաեւ ռոբոտների դեպքում: Ինչ վերաբերում է ռոբոտացման շրջանում կուտակած հարստությանը, ապա ռոբոտը չի կարող ունենալ սեփականություն, նա՝ ինքն է իր տիրոջ սեփականությունը: Դա նշանակում է, որ տերը ցանկացած պահի կարող է խլել ռոբոտի կուտակած սեփականությունը՝ համարելով, որ ինչ ինքը տվել է, կարող է նաեւ վերցնել: Կա, չէ՞, օրենք ապօրինի գույքի բռնագանձման մասին, դա վերաբերում է մինչեւ 2018 թվականը կուտակված սեփականությանը եւ կտարածվի նաեւ դրանից հետո կուտակված սեփականության վրա: Այն պահին, երբ իրենք փորձեն կտրել կապը տիրոջ հետ, նրանց սեփականությունն ավտոմատ կդառնա տիրոջ սեփականությունը: Երկրորդ. ստրուկից ստրուկ է ծնվում, եւ չի եղել պատմության մեջ գեթ մի դեպք, երբ ստրուկի երեխան ազատ մարդ ծնվի: Ստրուկները դա շատ լավ իմացել են, բայց, այնուամենայնիվ, շարունակել են բազմանալ: Ռոբոտներն էլ չեն կարող ազատ մարդ ստեղծել` ազատություն սերմանել- դաստիարակել իրենցից ծնվածների մեջ: Իրենց դատապարտելով ռոբոտացման՝ իրենք ռոբոտացման են դատապարտել նաեւ իրենց սերունդներին:

Այնպես որ, «Ոչ ռոբոտացմանը» կարգախոսը նոր իմաստ է ստանում: Նիկոլական ռոբոտները պետք է գիտակցեն, որ նույնիսկ ամենալավ ռոբոտը մաշվում է` կորցնելով պիտանելիության ժամկետը, եւ փոխարինվում նոր եւ ավելի կատարյալ ռոբոտներով: Տեխնիկական առաջընթացի աղբանոցում չհայտնվելու միակ ձեւը ռոբոտացումից ազատագրվելն է, մարդ դառնալը, եթե, իհարկե, դա տեխնիկապես դեռ հնարավոր է:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image