«Հրապարակի» զրուցակիցը Մասիսի ավագանու անդամ, մանկավարժ, զոհվածի մայր Ելիզավետա Օհանջանյանն է:
- Մասիսի համայնքապետը դատապարտվեց 6 տարի, 3 ամիս ազատազրկման, չթողեցին անգամ, որ դատավճիռն ուժի մեջ մտնի` նա Մոսկվայից ժամանեց Երեւան եւ անմիջապես օդանավակայանում կալանավորվեց ու տեղափոխվեց «Նուբարաշեն» ՔԿՀ: Այն դեպքում, երբ կարող էր ուղղակի Հայաստան չգալ, դրսում ապրել, ինչպես շատ նախկին պաշտոնյաներ են հեռացել ու չեն վերադառնում: Ինչպիսի՞ համայնքապետ է եղել նա այս 7 տարիներին:
- Նա հրաշալի մարդ է, հոյակապ ղեկավար, հոգատար բոլորի նկատմամբ: Երբեք տարբերություն չի դրել՝ մարդը գյուղի՞ց է եկել, հենց Մասիսի բնակի՞չ է, թե՞ մեկ այլ քաղաքից է: Եթե կարող է օգնել մարդուն, անպայման դա անում է: Եղել են դեպքեր, որ անգամ սեփական գրպանից` իր միջոցներով մարդկանց օգնել է: Ես վաղուց եմ ճանաչում իրեն: Հիանում եմ նրա սկզբունքայնությամբ: Նա երբեք իր գաղափարներին չի դավաճանում, միշտ այն կարծիքին է, որ հայրենիքը պետք է սիրել ու զարգացնել, պահել, թուրքի դեմը չծնկել: Արցախից ամենաշատը մեր մարզ, մեր համայնք է մարդ մտել: Դավիթը բոլորին օգնել է: Անգամ նրան այլ քաղաքներից են դիմում, որ օգնություն ստանան, պատկերացնո՞ւմ եք: Երբեմն մտածում էի, թե մարդը ո՞նց կարող է հասցնել բոլորին օգնել՝ թե՛ Մասիսից, թե՛ Մասիսի գյուղերից, դեռ մի բան էլ` դրսից: Դրան գումարած՝ այդքան արցախցու է տեղավորել, իր հնարավորությունների չափով օգնել ամեն ինչով: Անգամ 2022-ին, երբ Ջերմուկի դեպքերը եղան, մի քանի ընտանիք եկան Մասիս, այդ մարդկանց օգնեց, տեղավորեց…. այդ ամենը տեսնելով, ո՞նց կարելի է վատ բան ասել նրա մասին: Նրան դատում են որպես հայրենասերի:
- Ասում են` ցուցարար է ծեծել 2018-ին, դրա համար են դատում:
- Ես չեմ հավատում այդ ստերին: Նա մարդկանց հետ շփվելու այնքան գեղեցիկ տակտիկա ունի, որ եթե անգամ մեկին մի հարցով մերժում է, ենթադրենք՝ իր ուժերից վեր է լինում օգնելը, այնպիսի գեղեցիկ ձեւով է խոսում, որ մարդիկ հիացած դուրս են գալիս նրա մոտից: Համբարձումյանն այնքան հանգիստ մարդ է, որ չի կարող բռնության ենթարկել ինչ-որ մեկին: Մի մարդ, որն այդքան օգնում է ուրիշներին, չի կարող վնասել: Անգամ իր ընկերներին էր դիմել, որ դրսից ինչ-որ ընտանիքների օգնություն ուղարկեին: Նույնիսկ իր շրջապատի ռեսուրսն է մարդն օգտագործել` ի շահ կարիք ունեցող մարդկանց: Այսօր որ Մասիս քաղաքը լուսավորված է, դա էլ է իր շնորհքը: Մասիսը զարգանում է, գեղեցկանում է հանուն նրա: Երիտասարդությանը մեծ տեղ տվող ղեկավար է նա: Լիքը երիտասարդ կադրեր ունենք, որպեսզի վաղը նրանք դառնան հմուտ մասնագետներ:
- Ըստ Ձեզ` ինչո՞ւ են հենց այս շրջանում որոշել նման դաժան դատավճիռ կայացնել Դավիթ Համբարձումյանի դեմ:
- Այս իշխանությունը բոլոր հնարավոր պայքարող օջախները փորձում է ոչնչացնել: Օրինակ` զոհվածների ծնողները մեծ ուժ էին ներկայացնում, ուստի ամեն բան արեցին, որպեսզի մեզ պառակտեն, բաժանեցին խմբերի եւ արդյունքում պառակտեցին: Այնպես չէ, որ մարել ենք կամ մեռել ենք, չէ, բայց առաջվա համախմբվածությունը չկա: Հիմա նույն բանն անում են ընտրված, սիրված համայնքապետերի հետ: Բոլոր կալանավորված քաղաքապետերը հայրենասեր են, ընդդիմադիր են եւ, ամենակարեւորը` թրքամետ չեն: Այդ է պատճառը, որ մարդիկ պատժվում են: «Դուխով» բառը ճակատին կամ դոշին գրելով չէ, դուխովը մեր ընդդիմադիր համայնքապետերն են, որ իմանալով, թե ինչերի միջով են անցնելու, դուրս են գալիս պայքարի ու առանց որեւէ մեկին սպառնալու, վախեցնելու՝ հաղթում են: Մարդկանց հոգին չեն կարող բանտարկել, նրանց բանտարկում են ֆիզիկապես: Դավիթ Համբարձումյանը, ի տարբերություն իրեն բանտարկողների, միշտ մեծարել է մեր զոհերի հիշատակը: Մասիսում մեծ հուշահամալիր է սարքել, նա այն մարդն է, որը մեզ միշտ գնահատել է, խոնարհվել է մեր առաջ, հարգել է մեզ եւ ասել է, որ մենք հարգանքի ենք արժանի: Պատերազմից հետո նա Մասիս համայնքում տոնածառ չդրեց: Իր տան մեջ էլ չդրեց եւ ասաց, որ իր երեխաներն էլ պիտի իմանան, թե ինչու տոնածառ դնել չի կարելի այդքան արհավիրքներից հետո: Այդքան զոհեր, Արցախի կորուստ…. պատերազմից վեց տարի անց միայն Մասիսում տոնախմբություններ են եղել, Մասիսի օր, երգիչներ, համերգներ եւ այլն: ՔՊ-ական ավագանին նեղվում էր, որ տոնածառ չի դրվում, իսկ նա պատասխանում էր, որ եթե սգավոր մայրերը Նոր տարին Եռաբլուրում են անցկացնում, ինչքանո՞վ է ճիշտ, որ մենք հրավառություն կազմակերպենք: