«Խարդախ, խաբեբա Նիկոլը Զովունիում կառուցվող «Նիկոլի թաղամասը» ընդլայնելու համար՝ իր մաֆիայի միջոցով ապօրինի քանդել է «Ունիվերսալ « ՍՊԸ-ի նորակառույց գործարանային մասնաշենքը։ «Նիկոլի մաֆիայի» հանցավոր ջանքերով՝ Կոտայքի մարզի իրավապահ եւ կառավարչական մարմինների կողմից՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիրների նկատմամբ իրականացվում են քայքայիչ, ռեպրեսիոն գործողություններ, զուգորդվող՝ ծեծի, ապօրինի ձերբակալությունների եւ շինծու քրեական գործեր «սարքելու միջադեպերով՝ «Ունիվերսալ» ՍՊԸ-ի ակտիվները խլելու համար, իսկ ՀՀ ՄԻՊ-ը շարունակ ստում է․․․», այսպիսի պաստառներով այսօր «Ունիվերսալ» ՍՊԸ-ի հիմնադիր Սամվել Թորոսյան իր աշխատակիցների հետ եկել էր կառավարության մոտ՝ բողոքի ակցիա անելու։ Դանակը հասել է կոկորդին, ասում է նա՝ էլ պետական դուռ չմնաց, որ չթակեմ։ «3 տարի է ինձ ձերբակալում են, ծեծում, իմ գործարանն են քանդում, չեն թողնում աշխատենք»,-ասաց գործարանի տնօրենը։
2021թ․ մարտի 18-ի կառավարության նիստին իշխանականները հավանություն են տվել «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի ներկայացրած՝ Զովունի բնակավայրում բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին։ Զեկուցողն այդ ժամանակ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էր: Սամվել Թորոսյանի խոսքով՝ դրանից հետո ապօրինաբար քանդել են այդ տարածքում գտնվող իր գործարանը, տարիների քրտինքը, որ Նիկոլ Փաշինյանի ընկերը՝ «Մագնոլիա-Կոմֆորտ» ՍՊԸ-ի տերը, ոմն՝ Աբո, շինարարություն անի: Այս Աբոն ներկայանում է որպես Փաշինյանի ընկեր, նշելով, թե ինքը Փաշինյանի հետ կալանավայրում է եղել։
«30 հոգուց բաղկացած ոստիկանական բանդան եկավ, ասացին՝ հողամասդ մեկ մետրի չափով հարում է «Մագնոլիա կոմֆորս» ՍՊԸ-ին, որը իրավունք չուներ 2021թ․-ին գնել այդ հողամասը։ Նիկոլի մաֆիան 2020թ․-ին որոշեց Զովունիի սպորտային գոտին վերածել բնակելի թաղամասի։ Նախաձեռնել են այդ գործընթացը, հասցրել ավարտին՝ բազմաթիվ օրենքներ խախտելով։ Նիկոլը եւ նախարարները, կամ իր ընկերները՝ «Մագնոլիա» ՍՊԸ-ի տնօրինությունը, ոչ մի օրենքի չեն ենթարկվում։ Երկրում ապօրինություններ է տեղի ունենում, ոչ մեկն իմ դիմումներին չի արձագանքում։ Ստիպված դիմել ենք այս քայլին։ Արդեն հնարավոր չի դիմանալ, քանդում են իմ տարիների քրտինքը։ Մաս-մաս, փուլ փուլ քանդում են իմ գործարանը»,-ասաց նա։
Զրուցակիցս պնդում է՝ Զովունիում խոսում են, թե նորակառույց թաղամասի մի մասը Սուրեն Պապիկյանինն է, մյուս մասը Նիկոլ Փաշինյանինը։ «Ամբողջ Զովունին է դա ասում, կեսն ասում է՝ Նիկոլ Փաշինյանինն է, կեսը՝ Պապիկյանինը։ ՄԻՊ-ին դիմում ենք գրում, որ սա մեր տարածքն է՝ իբրև կանաչապատման գոտի է, բայց գործարանի տարածքն է։ Աշխատող գործարան է՝ ոչ թե սովետական միությունից ստացված, այլ զրոյից սարքած՝ գիշեր-ցերեկ աշխատելով, այսօր Նիկոլի ընկերները քանդում են։ Նիկոլը գործարա՞ն է սարքել, որ գործարան է քանդում։ Ես սա իրեն եմ վերագրում, իսկ եթե տեղյակ չէ, թե իր ստորադասներն ինչ են անում այս երկրում, ուրեմն՝ ինքն անմեղսունակ է, որ տեղյակ չէ՝ Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանն ինչով են զբաղված։ ՄԻՊ-ը պատասխանում է, որ չկա թաղամաս»,- ասաց նա։
«Ունիվերսալ» ՍՊԸ-ի տնօրենը հայտարարում է, թե իր նկատմամբ հալածանքներին միացել են նաեւ համայնքի ղեկավարությունը, Կոտայքի մարզպետը, մարզի դատախազը։
«Իմ գործարանն արդեն էն աստիճանի են քանդել, որ չգիտեմ՝ հնարավոր կլինի վերականգնել, թե ոչ։ Բայց սրանց նպատակը ամբողջ գործարանը քանդելն է, իրենք հիմա զբաղվում են դրանով։ Բազմաթիվ դատական հայցեր եմ ներկայացրել, 20-ից ավել գործ կա դատարանում, բայց այս մարդիկ օրենքներին չեն ենթարկվում։ Դատարանում գործերն առաջ չեն գնում, Հակակոռուպցիոն դատարանում այս թեմայով գործ կա, բայց մեկ տարի ու կես անցել է՝ նիստեր տեղի չի ունենում, լուր չկա»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում