Քաղաքականություն

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատմանը

Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության խոսնակ Պետեր Ստանոն վտանգավոր ու մտահոգիչ է գնահատել «Հայաստան/Ադրբեջան սահմանին վերջին զարգացումները»։

«Հայաստան/Ադրբեջան սահմանին վերջին զարգացումները երկուստեք վտանգավոր ու մտահոգիչ են: Անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Եվրոպական Միությունը կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ հետագա ռազմական տեղակայումից ու գործողություններից: Բոլոր ուժերը պետք է հետ գնան մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը, և երկու կողմերն էլ պետք է ներգրավվեն սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ բանակցությունների մեջ», - հայտարարել է ԵՄ դիվանագիտության խոսնակը։

Եվրամիությունը կոչ է արել ադրբեջանական կողմին «առանց հապաղման ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու կալանավորվածներին» ու ողջունել «միջազգային դիտորդական առաքելության համար առաջարկները»։ «Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին՝ առանց հապաղման ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու կալանավորվածներին: Մենք ողջունում ենք լարումների թուլացմանն ուղղված բոլոր ջանքերը, ներառյալ հնարավոր միջազգային դիտորդական առաքելության համար առաջարկները», - ասված է տարածված հայտարարության մեջ։

Ստանոն նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում։ «ԵՄ-ն պատրաստ է փորձագիտություն տրամադրել և օգնել սահմանային դելիմիտացիային և դեմարկացիային, ինչպես նաև աջակցել վստահության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ եղած միջոցներին՝ Հարավային Կովկասի կայուն խաղաղությանն ու բարգավաճմանն անցնելու համար», - եզրափակել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության խոսնակը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image