Մշակույթ

Նույնն է, ինչ տեղի էր ունենում Սովետական Միությունում, որտեղ երշիկը տասնամյակներ շարունակ պետք է չթանկանար

Նույնն է, ինչ տեղի էր ունենում Սովետական Միությունում, որտեղ երշիկը տասնամյակներ շարունակ պետք է չթանկանար

Թեեւ երկրի ղեկավարը հորդորում է ջերմությամբ ընդունել պետության ձեռքը քո գրպանում, այդուհանդերձ, բարեփոխումների անվան տակ համատարած թանկացումները` տրանսպորտի սակագնից մինչեւ հայտարարագրերի լրացում, հարված է ծայրը ծայրին հասցնող միջին վիճակագրական քաղաքացու գրպանին:  

Տնտեսագիտության թեկնածու Արմեն Քթոյանն օրինակ է բերում Լյուքսեմբուրգը, որտեղ քաղաքային տրանսպորտն անվճար է, ինչը նշանակում է, որ քաղաքացին ոչինչ չի վճարում, սակայն. «Լյուքսեմբուրգը դա կարող է իրեն թույլ տալ, բայց թե մենք ինչ չափով կարող ենք մեզ դա թույլ տալ` հարց է: Այսինքն, եթե ասում ենք թանկացում, նկատի ունենք` ով եւ ինչ չափով պետք է վճարի ծառայության որակի բարելավման համար: Սա քննարկման հարց է: Հանրությունը կարող է ոչինչ չվճարել, եւ ամեն ինչ վճարվի քաղաքային բյուջեի հաշվին, բայց էլի ստացվում է, որ դա հանրությունն է վճարում: Իսկ թե որքանով է դա արդարացված, պետք է այս կոնտեքստում դիտարկել: Եթե գնաճային մյուս դրսեւորումները դիտարկենք, ապա, եթե Հայաստանի գնաճը համեմատենք հարեւան եւ այլ երկրների գնաճի հետ, կարելի է ասել, որ մեզ մոտ գնաճի զսպման քաղաքականությունն ավելի էֆեկտիվ է, մեզ մոտ Կենտրոնական բանկն ավելի շուտ նախաձեռնեց գնաճի զսպման քաղաքականությունը եւ դրա պտուղներն այն է, որ հայաստանյան գնաճն ավելի չափավոր մակարդակում է գտնվում մի շարք զարգացած երկրների համեմատ: Դրա վկայություններից է նաեւ այն, որ Կենտրոնական բանկն էլի նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որն իր պտուղները տվեց գնաճի զսպման գործում»: 

Ինչպե՞ս է գնաճի զսպման քաղաքականությունն ավելի էֆեկտիվ Հայաստանում, երբ մի շաբաթվա մեջ, օրինակ, «Ախթամար» ծխախոտի տուփը 900 դրամով թանկացել է։ «Կոնկրետ այդ դեպքը չեմ կարող վերլուծել, որովհետեւ թվերից տեղյակ չեմ, բայց գնաճ ասելով մենք հասկանում ենք տնտեսությունում գների միջին մակարդակը ոչ թե մի ապրանքի գծով, այլ տասնյակ, հարյուրավոր ապրանքների գծով, որովհետեւ մարդ կա՝ ծխախոտ չի օգտագործում, դրա փոխարեն ուրիշ բան է օգտագործում: Բնակչության տարբեր շերտեր կան, որոնց վրա գնաճը տարբեր կերպ է ազդում, բայց քանի որ գնաճի ընդհանուր մակարդակը Հայաստանում ավելի ցածր է, քան մեզ հետ համադրելի այլ երկրներում, նշանակում է, որ գնաճի կառավարման առումով շոշափելի քայլեր արձանագրվել են»,- համոզմունք է հայտնում տնտեսագետն ու ընդգծում, որ այս պարագայում պետք է հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում ողջ աշխարհն է մտել բարձր գնաճի փուլի մեջ. «Ու եթե նախկինում զարգացած երկրների համար նորմալ էր համարվում մինչեւ 1-1.2 տոկոս գնաճը, հիմա 3-4 տոկոս գնաճն է նորմա համարվում: Սրանք պրոցեսներ են, որ պետք է այդ տեսանկյունից նայել»:

Ինչ վերաբերում է եկամուտների հայտարարագրմանը, ապա այն շատ երկրներում կիրառվող գործիք է, որը, ըստ տնտեսագետի, թույլ է տալիս մի շարք հարցեր լուծել. «Տարբեր մոդելներ կան՝ եկամուտների հայտարարագրման, որի շուրջ կարելի է վիճել, քննարկել, թե որքանով է ճիշտ հենց այն մոդելը, որը մեզ մոտ փորձում են կիրառել։ Սա հարցի մի կողմն է, եկամուտների հայտարարագրումը կարող է լինել համատարած կամ որոշակի շեմից բարձր եկամուտներ ստացող անձանց եկամուտների հայտարարագրում: Երկրներ կան, որտեղ եկամուտ, գույք, ունեցվածք եւ ամեն ինչն է հայտարարագրվում, դա ստվերայնության կրճատման կարեւոր գործիք է, օրինակ՝ բալթյան երկրներում, երբ այս համակարգը ներմուծվեց, իրենք արձանագրեցին, որ համակարգը ներմուծելուց առաջ եւ հետո եկամտային հարկի գծով մուտքերն էականորեն ավելացել են»:

Այսինքն Ն. Փաշինյանի կողմից առաջ քաշված այն տրամաբանությունը, որ չկա զարգացում առանց գնաճի, ճիշտ է։ «Ես իր խոսքերը չեմ կարող մեկնաբանել, միայն կարող եմ ասել, թե տնտեսագիտական տրամաբանությունը որն է. բոլոր այն երկրները, որտեղ տնտեսական ակտիվություն կա, եւ տնտեսական աճ է արձանագրվել, այդ տնտեսական աճն իր հետ բերում է որոշակի գնաճային ճնշումներ: Տնտեսական աճը նշանակում է, որ երկրում ավելի շատ եկամուտ է ստեղծվում, այդ ավելի շատ եկամուտն ավելի մեծ պահանջարկ է ձեւավորում, իսկ պահանջարկի ավելացումը գների վրա ճնշող ազդեցություն է ունենում: Դու չես կարող փորձել գնաճը զսպել, բայց միեւնույն ժամանակ խթանել տնտեսությունը: Այսինքն՝ տնտեսագիտական առումով, այո, համարվում է, որ գնաճն ու տնտեսական զարգացումն իրար հետ զուգահեռ ընթացող պրոցեսներ են»: 

Արդյոք իրար հետ զուգահեռ չպե՞տք է ընթանա նաեւ աշխատավարձերի, թոշակների բարձրացումը, որ մարդիկ ի վիճակի լինեն գնաճը հաղթահարել։ «Եթե հետ գնանք ու տեսնենք, օրինակ, թե 2012-14 թվականներին Հայաստանում միջին աշխատավարձն ինչքան էր, ու դա բաժանենք 100 դրամների վրա ու տեսնենք, թե միջին աշխատավարձ ստացող անձը 100 դրամով ինչքան ուղեւորություն իրեն կարող էր թույլ տալ, եւ հետո՝ հիմա կարող եք վերցնել միջին աշխատավարձն ու բաժանել 150 դրամի վրա, ըստ այդմ՝ ինչքան ուղեւորություն կարող է իրեն թույլ տալ, իմ տրամաբանությամբ՝ մի քիչ ավելի բարձր է ստացվում հիմա: Սա գլոբալ հարց է, որովհետեւ քաղաքապետարանը կարող է ասել` ժողովուրդ ջան, գների աճ թույլ չեմ տալիս, 100 դրամով կշարունակեք երթեւեկել, բայց դա կլինի նույնը, ինչը տեղի էր ունենում Սովետական Միությունում, որտեղ երշիկը տասնամյակներ շարունակ պետք է չթանկանար, բայց երշիկի արտադրության ինքնարժեքը այսպես թե այնպես աճում էր, եւ Սովետական Միության փլուզման վերջին տարիներին այնպես էր, որ Սովետական Միության բյուջեի 40 տոկոսը գնում էր հենց այդօրինակ սուբսիդիաների: Այսինքն՝ սոցիալական էֆեկտը հաշվի առնելով՝ կառավարությունը սուբսիդավորում է դա, ու, այսպես թե այնպես, այն լինելու է բնակչության հաշվին»:

Մեր տնտեսությունում, ըստ Քթոյանի, մեծ դերակատարում ունի նաեւ հանքագործությունը, եւ այս օրերին Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը չի կարող չանդրադառնալ տնտեսության ցուցանիշների վրա։ «Սա բարդ հարց է, եւ ես չեմ խորացել, թե ինչքանով են այդ պահանջներն արդարացված»,- ասում է նա ու նկատում, որ դժվար է ասել, թե խոշոր հարկատու գործարանի մի քանի օրվա գործադուլն ինչքան թանկ է նստելու ՀՀ բյուջեի վրա։
«Այնպես չէ, որ դա սիմետրիկ է բաշխված այստեղ, որ, ենթադրենք, ինքը մի տարում 1 մլրդ-ի հարկ է վճարում, օրական` 300 մլն, ըստ այդմ՝ եթե 5 օր կանգնեց, ուրեմն մեկուկես մլրդ չի վճարելու բյուջե: Այդպես չէ, այնտեղ տարբեր ռիթմեր կան: Ամեն դեպքում, լավ իրավիճակ չէ, եւ պետք է արագ լուծումներ գտնվեն, միաժամանակ չեմ կարծում, որ կոմբինատն ամբողջությամբ փակելու կամ կազմալուծելու ռիսկ կա, պետք է փորձել միջանկյալ լուծումներ գտնել»,- ասում է տնտեսագետն ու անդրադառնալով կառավարության` կոմբինատի գործադուլին  չմիջամտելու հանգամանքին, նկատում․ «Ի՞նչ է նշանակում կառավարության միջամտելն այս դեպքում. կառավարությունը կա՛մ պետք է ասի սեփականատիրոջը` ես քեզ փող եմ տալիս, այդ մարդկանց հարցերը լուծի, կա՛մ ասի` քո շահույթից այդ մարդկանց հարցերը լուծի, կա՛մ մարդկանց ասի` լռեք ու նստեք ձեր տեղը: Այսինքն՝ երբ մենք խոսում ենք տնտեսվարողի կամ տնտեսվարող-պետություն տեսանկյունից, ապա քաղաքակիրթ երկրներում պետությունը պարտադրում է տնտեսավարողին, որ աշխատողների պահանջները կատարվեն, բայց այս դեպքում, եթե պետությունը նման բան պահանջի կոմբինատից, նույն բանը բոլորից պետք է պահանջի, իսկ դա նշանակում է պարտադրել, որ բոլորը մեծ ներդրումներ կատարեն, որ կարողանան համապատասխանեցնել եւ բարելավել աշխատանքային պայմանները, անվտանգությունը, որն այսօր ընդունված է, իսկ նման ներդրումային կարողություններ ո՛չ կազմակերպություններն ունեն, ո՛չ էլ պետությունն ունի»: 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image