Չգիտեմ՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի «PR-շչիկները»: Ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ առաջարկներ են անում` ինքն ընտրում է, թե դրանցից որն անի, որը` չէ: Երեւի նման մի վայ-«PR-շչիկ» ժամանակին ասել է` սկսիր նախկիններին պատժել, կուլակաթափ անել ու բոլոր մեղքերը նրանց վրա բարդել: Դրանից հետո է սկսել նախկին պաշտոնյաներին ու ընդդիմադիր դարձած նախկին գործիչներին բռնել-դատել-ունեզրկելու գործընթացը:
Հետո, երբ այդ գործընթացը լավ գլուխ չի եկել, ինչ-որ մեկը կողքից հուշել է, որ դատավորներն են մեղավոր` վեթինգ արա, ասա` «կա՞ նման դատավոր, որ իմ ասածը չանի», պաշտոնից զրկի, ասա` «պատերի տակ վնգստացողներ եք դուք», բռնի` նստացրու, մյուսները կզգաստանան ու խելոք կսկսեն կալանքի սանկցիաներ տալ, գույքը խլելու որոշումներ կայացնել: Հետո երեւի ինչ-որ մեկն ասել է` մինչեւ բարձր ատյանը` Սահմանադրական դատարանը քոնը չլինի, չես կարող ոչ մի գործ ավարտին հասցնել: Փոխիր նախկին կազմը, քեզ հավատարիմ, թեկուզ կիսագրագետ մարդկանցով համալրի, որ ուզենաս ԵՄ գնալու, ՀԱՊԿ-ից դուրս գալու, սահմանազատման ու հող հանձնելու որոշումներ կայացնել, խաղաղության պայմանագիր կնքել, խելոք կողմ քվեարկեն: Դա էլ եղավ:
Անցել է ժամանակ` տեսել են, որ ռեյտինգն ընկնում է, մեկը հուշել է` ակտիվացիր: Ինչպե՞ս: Հեծանիվ քշի, ռոլիկներ նկարի, ճաշ եփի, ընտանեկան փոդքաստներ արա, ցանկացած բան, միայն թե մարդիկ ուրիշ որեւէ մեկին չտեսնեն ու չլսեն: Ոչինչ, որ քեզ կհայհոյեն, քո էջում կգրեն` «քեզնից զզվում ենք»․ սեւ փիառն էլ փիառ է: Կարեւորը՝ որ այլ անձ չհայտնվի ասպարեզում, եւ որեւէ մեկը քաղաքական կապիտալ չհասցնի կուտակել: Այս զզվանքն ու ատելությունը հանրային պասիվության են հանգեցնելու` հաջորդ ընտրությունը կբոյկոտեն, իսկ դա այն է, ինչը քեզ պետք է: