Հասարակություն

Մանկական երկաթուղին ավերվում է` տեր չկա

Մանկական երկաթուղին ավերվում է` տեր չկա

Նայելով այս լուսանկարին՝ դժվար է պատկերացնել, որ դրանում պատկերված շենքն ու այն հնամաշ գույքը, որը կարող ենք տեսնել այսօր Հրազդանի կիրճում, մանկական երկաթուղու` շատերիս փոքրուց ծանոթ տարածքում, նույնն են։ Այգին անխնամ է, շենքը՝ մաշված, վիտրաժների կեսը՝ հանված։ «Ահավոր վիճակ է, գալիս են, ջարդում, կեղտոտում, վառում, սատանայական նշաններ են թողնում։ Գնացքների մեջ վառում են, կեղտոտում են, վիտրաժները կոտրում են»,- գանգատվում է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ տնօրենի որդին՝ Գեւորգ Գեւորգյանը։ Այս ընկերությունը մանկական երկաթուղու եւ հարակից այգու ամբողջ տարածքի վարձակալն է 2014 թվականից։ Այդ ժամանակ, քաղաքապետի որոշմամբ, 965 քմ հողամասից 376 քմ-ն ուղղակի վաճառվել է ընկերությանը, իսկ մնացածը տրվել է վարձակալությամբ։ Այս պայմանագիրը գործում է մինչեւ 2025 թվականի հունիսի 15-ը։

Գեւորգ Գեւորգյանը վստահեցնում է՝ իրենք տարածքը մաքրում են, նոր կարուսելներ են բերելու։ «Մենք ոչ մի բան ո՛չ վաճառում ենք, ո՛չ էլ ոչնչացնում ենք։ Այգին կեղտոտում են, սատանայական բաներ են գրում ամեն տեղ, ներկում են, պղծում են։ Կհիշե՞ք, որ մեր զինվորների նկարները պղծել էին։ Էդ նույն ձեւով արված է գնացքների մեջ, այգու պատերին։ Գնացքը վառում են, կեղտոտում են մեջը։ Հացն ուտում են` թողնում են գնացքի մեջ, գնում են։ Դրա համար կամերա եմ դրել, լույս եմ քաշել ու եթե գտնեմ, պատժելու եմ։ Դիմել ենք ոստիկանություն, հիմա այստեղ պոստ են դրել։ Ոստիկանները գալիս, պտտվում են»,- ասում է Գեւորգ Գեւորգյանը։

«Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին մեղադրում են գնացքի վագոնները, հին վիտրաժները թալանելու մեջ, ոմանք նաեւ լուրեր են տարածում, թե մանկական երկաթուղու տեղը շենքեր են գցելու։ «Դա աբսուրդ է։ Վիտրաժները հանել ենք, որ չփչացնեն, չջարդեն, չթալանեն եղածը։ Էդ, ինչ որ խոսում են՝ վայ, գնացքները քանդել-տարել են, շենքեր են քցելու տեղը՝ տենց բան չկա։ Այստեղ լինելու է էլի մանկական այգի, ինչպես եղել է, չի կարող այդտեղ շենք սարքվել, դա ծիծաղելի է։ Մենք արդեն 15 տարի այդ այգու տերերն ենք, ու սա մնալու է որպես մանկական երկաթուղի, մանկական այգի։ Ամեն ինչ իր հունով գնում է, մեր այգին է՝ մենք սարքում ենք»,- ասում է Գեւորգը։ 

Ինչեւէ, 15 տարին քիչ ժամկետ չէ այգին տեսքի բերելու համար։ Սակայն կապիտալ, լուրջ ծախսեր այստեղ չեն արվել ո՛չ սեփականատիրոջ, ո՛չ էլ քաղաքի կողմից։ Որոշ փորձեր՝ այգով զբաղվելու ուղղությամբ, եղել են։ 2020 թվականին Հայկ Մարությանն այգու վերակառուցման ծրագրեր էր գծում՝ այն ժամանակվա ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ, ներդրողներ էր փնտրում։ Այդ նույն տարում ընկերության 60 տոկոս բաժնեմասը հանձնեցին ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ռուցոգ ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանին, որը պետք է որոշակի աշխատանքներ իրականացներ, բայց ոչինչ չարեց։ Այժմ բաժնետոմսերի ամբողջական փաթեթը կրկին Գեւորգյանների ձեռքում է։ Քաղաքապետարանը կրկին ծրագրեր ունի, բայց դրանք վերաբերում են միայն թունելին։ 

«Մանկական երկաթուղու հետ կապված՝ մենք որեւէ գործառույթ չունենք։ Մերը միայն թունելի ճանապարհի նորոգումն է, որը նախատեսված է 2025 թվականին»,- «Հրապարակի» հետ զրույցում նշեց Տարոն Գեւորգյանը՝ Երեւանի քաղաքապետարանի լրատվականից։ Մեկ տարի առաջ նա հաղորդում էր, որ «թունելի շինարարական աշխատանքները, հավանաբար, կսկսվեն 2024-ին»: Հայկ Մարությանի հնչեցրած խոստումներից՝ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի եւ մարզական կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, Հրազդանի կիրճին կապող թունելների վերանորոգում, մնաց միայն «Խ»-ն` «խոստումներ» բառի առաջին տառը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image