Հասարակություն

«Հրապարակ». Արաքսն ապօրինի հատած քուրդը խնդրել է իրեն Թուրքիա չվտարել

«Հրապարակ». Արաքսն ապօրինի հատած քուրդը խնդրել է իրեն Թուրքիա չվտարել

Իգդիր քաղաքում 1983-ին ծնված, հնգամյա կրթությամբ, ազգությամբ քուրդ, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, խնամքին 3 անչափահաս եւ առողջական խնդիրներով չափահաս 1 երեխա ունեցող, նախկինում չդատված, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող Նեջդեթ Յուսուֆի Աբիքին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թ․ ապրիլի 6-7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Իգդիր քաղաքի Արալըքի շրջանից անցել է Արաքս գետը եւ առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը եւ մուտք գործել Հայաստան։ Այնուհետեւ գտնվելով ՀՀ-ում՝ 2025 թ․ ապրիլի 20-ին, ժամը 23։44-ի սահմաններում, ՀՀ-ից Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու նպատակով մոտեցել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Ագարակ» սահմանային անցակետին, սահմանային վերահսկողության ժամանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի համապատասխան աշխատակցին է ներկայացրել իր՝ Թուրքիայի Հանրապետության նմուշի անձնագիրը, որի մեջ փակցված է եղել նաեւ քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում ձեռք բերված, վերջինիս անհատականացնող տվյալներով լրացված, պետական լիազոր մարմնի կողմից տրվող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` ՀՀ մուտքի կեղծ արտոնագիր, նպատակ ունենալով քողարկել իր կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի մուտք գործելու հանգամանքը։ 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 469 հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) եւ 457 հոդվածի 1-ին մասով (փաստաթղթերը կեղծելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է  ընտրվել կալանքը։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում նախնական դատալսումների ժամանակ Նեջդեթ Աբիքը եւ նրա պաշտպանը արագացված դատաքննություն կիրառելու միջնորդություն են ներկայացրել։ Մեղադրյալը դատարանում հայտնել է, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է դրա հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում։ Հանրային մեղադրող Գ․Մանուչարյանն արագացված վարույթի դեմ չի առարկել։ 2025 թ․ հունիսի 25-ին Սյունիքի դատարանը  բավարարել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը եւ նշանակել է լրացուցիչ դատալսումներ։ 

Օգոստոսի 1-ին Սյունիքի մարզի դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Հրաչ Դաջունցը Նեջդեթ Աբիքին մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածներով, Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակել է ազատազրկում`1 ամիս ժամկետով, Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ նշանակել է ազատազրկում` 1 տարի ժամկետով, նշանակված պատիժներն իրար գումարելով՝ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 տարի 1 ամիս ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվել 2025 թ․ ապրիլի 21-ից: Ն․ Աբիքի նկատմամբ որպես լրացուցիչ պատիժ է նշանակվել ՀՀ  տարածքից վտարելը՝ 5 տարի ժամկետով՝ վտարման երկիր սահմանելով Թուրքիայի Հանրապետությունը: Վտարումը պետք է իրականացվեր Ն․ Աբիքի կողմից հիմնական պատիժը կրելուց հետո՝ լրացուցիչ պատժի հաշվարկը սկսելով նրան ՀՀ տարածքից վտարելու պահից։ Դատարանը նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ: 

Ն․ Աբիքը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով  վերանայել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 2025թ. օգոստոսի 1-ին կայացրած  դատավճիռը՝ վերացնելով իրեն 5 տարի ժամկետով ՀՀ  տարածքից վտարելը: Վերաքննիչ դատարանում  այս գործով վերջին նիստը կայացել է նոյեմբերի 14-ին, դատավճիռ դեռ չկա։ Դատարանն արդյոք կհարգի՞ քուրդ քաղաքացու խնդրանքը եւ կբեկանի՞ նրան Թուրքիա չվտարելու խնդրանքը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image