Քաղաքականություն

Կսատարեմ այն ուժին, որն ունակ է հաղթելու այս դավադիր իշխանությանը․ Զաքարյան

Կսատարեմ այն ուժին, որն ունակ է հաղթելու այս դավադիր իշխանությանը․ Զաքարյան

Հունիսի 20-ին նախատեսած արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ի հայտ են գալիս զանազան դաշինքներ և միություններ։

«Հայոց ազգային գվարդիա» կազմակերպության ղեկավար, «Հայահավաք» շարժման խորհրդի անդամ Արշակ Զաքարյանը «Հրապարակի» հետ զրույցում իր ղեկավարած կառույցի անունից ասաց, որ չի մասնակցելու ընտրություններին, սակայն «Հայահավաք» շարժումն այս առիթով «իր հայտարարությունը կանի ուրբաթ կամ շաբաթ օրը»։

««Հայահավաք» շարժման անդամ է «Հայոց ազգայի գվարդիան», ես Ձեզ ներկայացրեցի ՀԱԳ-ի տեսակետը։ «Հայահավաքն» իր հայտարարությունը կանի ուրբաթ կամ շաբաթ օրը։ «Հայահավաքին» տարբեր կազմակերպություններ են միացած, և ես իրավունք չունեմ շարժման անունից առանձին հայտարարություն անել», - ասաց քաղաքական գործիչը։

- Պարո՛ն Զաքարյան, ի՞նչ գործունեություն եք հիմա ծավալել, ո՞ր ուժերի հետ եք մասնակցելու հնարավոր արտահերթ ընտրություններին։ Եվ ընդհանրապես մասնակցելո՞ւ եք, թե՞ չէ։

- Եթե բանը հասավ ընտրության, որպես քաղաքացի գնալու եմ ընտրելու։ Այդքանը, մնացած ոչ մի բանով չեմ մասնակցում։ Ես ընտրություններին դեմ եմ։ Ես այս դավաճան իշխանությունների հետ ընտրությունների գնալուն դեմ եմ։ Եվ մինչև հիմա էլ գտնում եմ, որ դրանք պետք է հեռացվեն ու դատվեն։ Դա իմ անձնական կարծիքն է։

- Որևէ կերպ ինչ-որ ուժի չե՞ք սատարի։

- Անպայման կսատարեմ այն ուժին, որն ունակ է հաղթելու այս դավադիր իշխանությանը։ Որի շանսերն ավելի մեծ են, որը որ վայելում է ավելի շատ վստահություն ադեկվատ մասսայի մեջ։

- Իսկ ո՞ւմ եք համարում այդպիսին։

- Դա արդեն գաղտնիք է, որովհետև հանրային անձ եմ հանդիսանում, ինչպես ասում են, չեմ ուզում բոլորի վրա իմ կարծիքը փաթաթել։ Այն ուժը, որն ամենաունակը կլինի մրցելու և այս ուժին հաղթելու, նրան էլ սատարելու եմ որպես քաղաքացի՝ իմ քաղաքացիական պարտքը կատարելով, գնալով ընտրության։ Բայց ես դեմ եմ այս դավադիր ուժերի հետ ընտրության գնալուն, որովհետև չեմ համարում, որ իրենք իրավունք ունեն երկիրը ծախելուց հետո մասնակցել ընտրության։

- Սյունիքի հետ կապված ի՞նչ գնահատականներ ունեք։ Ադրբեջանցիները մտել են Սյունիքի տարածք, դեռևս հետ չեն գնում։

- Ես այս մասին նախազգուշացրել եմ դեռ շատ վաղուց։ 2019 թվականին նույնիսկ ասել ենք, թե հերթականությունն ինչպես է լինելու՝ Արցախն են պատերազմով հանձնելու, հետո Սյունիքի մասին է խոսքը գնալու։ Թուրքերը հնարավորինս փորձելու են Սյունիքը կտրել Հայաստանից։ Կամ էլ մինիմումը նրանք ցանկանալու են ուղիղ կապ ունենալ Նախիջևանի և Թուրքիայի հետ, որպեսզի պանթյուրքիզմի, Թուրանի ծրագիրն ավելի իրագործելի դառնա։ Եվ դա մենք ասել ենք դեռ շատ վաղուց, զգուշացրել ենք, որ այս իշխանությունները եկել են հենց այդ ծրագիրն իրականացնելու համար։ Ես մնում եմ իմ կարծիքին, և, ցավոք սրտի, համոզվում եմ, որ մենք չենք սխալվել։ Եվ, ցավոք սրտի, տեսնում եմ, որ Հայաստանում մարդիկ կան, որոնք այդ վտանգը չեն տեսնում, որն ակնհայտ է։ Արդեն եկել-չոքել է մեր դռանը։ Եթե մի ժամանակ Արցախը պաշտպանում էր Հայաստանը, այսպես ասած կենդանի վահան էր հանդիսանում Հայաստանի համար, հիմա արդեն ադրբեջանցին ազատ մուտք է գործում։ Մենք մեր սուվերենությունը փաստորեն կորցրել ենք, քանի որ օտար երկրի զինված ուժերն առանց խոչընդոտի կարողացել են ներթափանցել մեր երկիր։ Նշանակում է, որ մենք մեր երկրի սուվերենությունը սկսել ենք կորցնել։        

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image