ՀՀ մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը կարծում է, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթը ԱԺ-ում ինքնին սադրիչ էր։
«Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը հստակ սահմանում է, թե որ խոսքը կարող է սահմանափակվել։ Դա այն խոսքն է, որը ոտնահարում է այլոց կրոնական կամ բարոյական արժեքները։ Դու կարող ես ունենալ քո գենդերը, սեռական կողմնորոշումն ու ցանկությունները, բայց երբ դու շփվում ես մի հասարակության հետ եւ իրացնում ես քո խոսքի ազատությունը, որտեղ մեծամասնությունը կամ մի հսկա զանգված վիրավորված է զգում իր բարոյական կամ կրոնական արժեքների համար, այդ խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել։ Ես չեմ ասում, որ մարդուն դրա համար պետք է բանտարկել, նրա վրա քարեր շպրտել, բայց այդ տեսակ խոսքը կարող է սահմանափակվել։
Պետք է լինի օրենսդրական հստակ կարգավորումների դաշտ։ Ցավոք սրտի՝ այս թեման այնքան հիվանդագին զգացմունքներով է ընդունվում, որ նույնիսկ չես կարողանում առաջարկել օրենսդրական լուծում՝ հենց մեծամասնության շահերից ելնելով։ Հենց փորձ արվի իրավական կարգավորում տալ այդ խնդիրներին, դրա մեջ կարող են տեսնել այլասերված Եվրոպայից եկող մի բան, որի դեմ հանրությունը կարող է ընդվզել։ Մինչդեռ՝ այս խնդիրները կարիք ունեն բերվելու շատ զգայուն, շատ գրագետ, արեւմտյան արժեքները, մեր Սահմանադրությունը հաշվի առնող բալանսի։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, կարծում եմ, շատ կտրուկ, շատ սադրիչ, շատ ժամանակավրեպ գործողություն էր, որը գուցե վերցված էր այլ երկրների օրինակներից, բայց շատ կտրված էր հայկական պահանջներից եւ իրականությունից։ Եվ ռեակցիան էլ տեղ-տեղ արդարացի էր, տեղ-տեղ էլ հասավ ծայրահեղական դրսեւորումների։ Մենք հայտնվեցինք երկու ծայրահեղ երեւույթների արանքում, եւ պետությունը պետք է ստիպված գտնի հասցված վնասի վերականգնման լուծումը»,- մեզ հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների երրորդ պաշտպանը։
Մեր դիտարկմանը, որ տարբեր անհատներ, ՀԿ-ներ սոցցանցերում հանդես են գալիս ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հրաժարականի պահանջով, վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է վերանայի նրա պաշտոնավորումը, Կարեն Անդրեասյանն արձագանքեց․ «Ես հասկացա, որ խոսքը ոչ թե հրաժարականի մասին է, այլ քանի որ այդ հանձնաժողովի նախագահը պարբերաբար ստիպված է լինելու առերեսվել նման ցավոտ խնդիրների, եւ տիկին Զոհրաբյանը որեւէ բարդույթ ունի այդ խնդիրների կիզակետում հայտնվելու, ապա պետք է վերանայել, տեսնել, թե որքանով է իրեն հարմար այդ գործառույթը։
Ինչ վերաբերում է առանձին կազմակերպությունների ներկայացրած հրաժարականի պահանջին, ապա նրանք որքան ծայրահեղական քայլերով գործողությունների են դիմում, որոնք մեր երկրի համար ժամանակավրեպ են ու վտանգավոր, նույն կերպ էլ ծայրահեղական պահանջներ են առաջ քաշում Նաիրա Զոհրաբյանի դեմ, որն արդար չէ։ Իր գործողությունների մեջ չեմ տեսել այնքան պախարակելի արարք, որ պահանջվի նրա հրաժարականը»։