Քաղաքականություն

Ալյասկան նման էր Գորբաչով-Ռեյգան, Գորբաչով- Բուշ ավագ հանդիպմանը, բայց մեկ տարբերությամբ

Ալյասկան նման էր Գորբաչով-Ռեյգան, Գորբաչով- Բուշ ավագ հանդիպմանը, բայց մեկ տարբերությամբ

Քանի րոպե կտեւի Պուտին-Թրամփ ձեռքսեղմումը ու քանի անգամ․․․Միչեւ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ էին հավաքում, կայացավ նոր աշխարհակարգի ձեւավորման սկիզբն արդեն պաշտոնապես ազդարարող պատմական հանդիպումը երրկու լիդերների միջեւ։ Շուրջ վեց տարվա դադարից հետո կայացած Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքները միջազգային մամուլը տարբեր ձեւակերպումներով ներկայացրեց․ ըստ Euronews-ի, Ուկրաինայի և Եվրոպայի համար ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև այս հանդիպումը նման էր հին ընկերների և գործընկերների վերամիավորման: Այժմ նրանց առաջնորդները կորոշեն իրենց հաջորդ քայլերը՝ հիմնվելով «Ալյասկայի ձեռքսեղմման» նոր իրականության վրա: Ալ Ջազիրան արձանագրեց՝ Պուտինը ժամանակ շահեց, և միևնույն ժամանակ նա ստիպված չեղավ բախվել այն ծանր տնտեսական հետևանքներին, որոնք ԱՄՆ նախագահը խոստացել էր եվրոպացի առաջնորդներին: Տեղի ունեցավ հակառակը: Իսկ Ռոյթերսը նկատել էր՝  նրանք չբացահայտեցին մանրամասները,  չպատասխանեցին հարցերին։

Թրամփը հանդիպումից հետո FOX news -ի հարցին, թե ինչ խորհուրդ կարող է տալ Զելենսկուն, ուղիղ պատասխանեց․ «Գործարք կնքել, Ռուսաստանը հզոր երկիր է։ Նրանք՝ ոչ»։ Սրանով, թերեւս ԱՄՆ-ի նախագահը նախանշեց հնարավոր սցենարները։ Ապա  Թրամփը Զելենսկուն և ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարներին  հայտնեց հանդիպման արդյունքներն ու փոխանցեց՝  հակամարտությունը դադարեցնելու համար Պուտինը նախընտրում է համապարփակ համաձայնագիր։ Արեւմտյան լրատվամիջոցներն արդեն գրում են օգոստոսի 18–ին Վաշինգտոնում Թրամփի ու Զելենսկու հնարավոր հանդիպման մասին։ 

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը Ալյասկայի հանդիպումը հաջողված է համարում ու համեմատում է 1986թ -ին Ռեյկյավիկում անցկացված Գորբաչով-Ռեյգան կամ 1989․, Մալթայում անցկացված Գորբաչով- Բուշ ավագ հանդիպումների հետ՝ շեշտելով, որ նմանատիպ հանդիպումները փաստացի սահմանում են հետսառըպատերազմյան նոր աշխարհակարգի ուրվագծերը ու արդի միջազգային հարաբերությունների ֆունդամենտալ խնդիրների լուծման տեսանկյունից կարեւոր նշանակություն ունեն։ 

«Ի տարբերություն Ռեյկյավիկի եւ Մալթայի, Ալյասկայի սամիթի առանցքային շահառուն ոչ թե Վաշինգտոնն էր, այլ Մոսկվան, որի համար այս հանդիպումը սեփական աշխարհաքաղաքական սուբյեկտայնության բարձրացման շատ կարեւոր հարց էր՝ Ռուսաստանի մեկուսացումը, փաստացի, չհաջողվեց, ավելին, Ռուսաստանն այլեւս միջազգային քաղաքականության ծանրքաշային խաղացող է եւ պատահական չէ, որ այս առումով  եվրոպական դերակատարներն ու մեդիաները խիստ բացասական են գնահատում  այս սամիթի արդյունքները՝ հատկապես Արեւմուտքի համար»-«Հրապարակ»-ին ասում է Վահե Դավթյանը։

Անդրադառնալով Ալյասկայի հանդիպման ուշագրավ սիմվոլիզմին, ինչպիսին ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ СССР գրառմամբ վերնաշապիկն էր, որը միանգամից գրավել էր մեդիաների ուշադրությունը, մեր զրուցակիցը նկատում է՝ դա ամենեւին պատահական չէր եւ ընդգծում էր Ռուսաստանի՝ ԽՄ իրավահաջորդ լինելու հանգամանքն ու դրանից բխող աշխարհաքաղաքական դիրքավորումը։

«ՌԴ-ն Խորհրդային Միության իրավահաջորդն է եւ ոչ միայն չի հրաժարվում Խորհրդային Միության ժառանգությունից, այլեւ սահմանում  է սեփական քաղաքական ինքնությունը եւ սեփական աշխարհաքական դիրքավորումը հենց Խորհրդային Միության չափման ներքո եւ այս առումով, Խորհրդային Միության սիմվոլիկ հիշատակումը եւ՛ վերբալ, եւ ոչ վերբալ մակարդակներում, առավել քան օրինաչափ էր ու տրամաբանական։ Ալյասկայում  Պուտինը այցելեց նաեւ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ զոհված խորհրդային օդաչուների գերեզման եւ այս հարգանքի  տուրքի մատուցումը եւս աշխարհաքաղաքական սիմվոլիզմի շարքից է։ Այն ցույց է տալիս, որ Մոսկվան շարունակում է դիրքավորվել որպես 2-րդ համաշխարհային պատերազմի արդյունքների, այսինքն, մեծ հաղթանակի հիմնական կրող եւ այս առումով, այո՛  հատկանշական է, որ ինչպես Դուք եք նկատում, Մոսկվան օգտագործում է Ուկրաինական ԽՍՀ տեղանունը՝ փաստացի, դրանով իսկ  Ուկրաինան դիտարկելով որպես սեփական աշխարհաքաղաքական տարածության բաղկացուցիչ մաս։ Ի դեպ, դա առավել քան տեղավորվում  է նաեւ Ալյասկայում Պուտինի արած այն հայտարարության տրամաբանության մեջ, որ ռուսներն ու ուկրաինացիները եղբայրներ են, եղբայրական ժողովուրդներ  են եւ որ Ուկրաինայում տեղի ունեցողը մեծ ողբերգություն է ռուս ժողովրդի համար։ Շատ մեծ  սիմվոլիկ նշանակություն ուներ նաեւ Ալյասկայում Պուտինի հանդիպումը ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոսի հետ, ինչն ընդգծում էր Ալյասկայի քաղաքակրթական անցյալն ու պատմական դիմագիծը եւ պատահական չէր, որ Պուտինը խոսեց Ալյասկայում ռուս-ամերիկյան ընդհանուր պատմության մասին»-, բացատրում է քաղաքագետը։

Խոսե՞լ են արդյոք Ալյասկայում երկու առաջնորդները Հարավային Կովկասից, որտեղ Թրամփի ուղի է նախատեսվում կառուցել։ Ըստ մեր զրուցակցի, հավանաբար՝ ոչ, բայց ոչ այն պատճառով, որ հարցը կարեւոր չէ, այլ այն պատճառով, որ հանդիպման հիմնական նպատակը ռուս-ամերիկյան հարաբերությունների, հետեւաբար, միջազգային հարաբերությունների նոր ֆունդամենտալ մայրուղին գծելն էր։ «Անգամ ուկրաինական ճգնաժամի լուծումը լինելու է այդ բարդ ու շատ ֆունդամենտալ գործընթացից ածանցյալ եւ ոչ թե ինքնանպատակ։ Դա շատ հստակ ընդգծվում էր նաեւ Թրամփի խոսքում»-կարծում է քաղաքագետը։

Ինչ վերաբերում է տնտեսությանը, Վահե Դավթյանն ընդգծում է՝  միջազգային հարաբերությունների ձեւավորվող նոր համակարգի հիմքում լինելու է գեոտնտեսությունը, ուստի, բնական է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների կենտրոնական հարցերից էր նաեւ տնտեսական համագործակցությունը։

«Թրամփը քաջ գիտակցում է , որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը հաճախ խնդիրների է հանգեցնում եւ թուլացնում է նույն Վաշինգտոնի դիրքերը , որովհետեւ մի բան է, օրինակ, մաքսատուրքերի բարձրացումը, մեկ այլ բան, աշխարհի ամենախոշոր նավթագազային դերակատարներից մեկին, այսինքն, Ռուսաստանի տնտեսական ակտիվության սահմանափակումը։ Վերջերս Հնդկաստանի շուրջ ընթացող զարգացումները դրա վառ ապացույցն էր, երբ կիրառվեց 50 տոկոսանոց նավթատուրք, չնայած դրան, ՆյուԴելին շարունակեց նավթ ներկրել Ռուսաստանից։ Սա նշանակում է, որ այդ նավթը վերամշակվելուց հետո, արդեն դառնալով նավթամթերք, արտահանվելու է եվրոպական շուկա՝ այնտեղ մրցելով ամերիկյան ածխաջրածինների հետ։ Ի դեպ, ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարեց, թե անհամբեր սպասում է, թե երբ կավարտվի հակամարտությունը՝ տարատեսակ բիզնես նախագծեր սկսելու համար»б-բացատրում է Վահե Դավթյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ ուկրաինական հակամարտության լուծումը ամբողջությամբ կախված չէ միայն Վաշինգտոնից եւ Մոսկվայից։

Առաջիկայում սպասվում են բանակցություններ ու քննարկումներ Կիեւի հետ, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի շրջանակներում, իսկ արեւմտյան քաղաքական ու ռազմաքաղաքական էլիտաների ներսում շատ մեծ անտագոնիզմ կա ու անգամ ԱՄՆ-ՌԴ գործարքի պայմաններում պետք չէ ակնկալել, որ հակամարտությունը շատ արագ կավարտվի։ Ըստ մեր զրուցակցի, սա է պատճառը, որ Թրամփը հայտարարեց հանդիպման արդյունքներով  գործարքի բացակայության մասին։

«Կողմերը նախընտրեցին զերծ մնալ դեկլարատիվ բնույթի համաձայնություններից, որի իրականացումը գետնի վրա կախված է ոչ միայն Վաշինգտոնից ու Մոսկվայից, այլեւ այլ  դերակատարներից, բայց իհարկե, Մոսկվայի եւ Վաշինգտոնի կոնցեպտուալ համաձայնությունը հակամարտության դադարեցման եւ ուկրաինական ճգնաժամի լուծման համար շատ լուրջ նախադրյալ կարող են ստեղծել, որպեսզի կոնֆլիկտի ուղիղ կամ անուղղակի մասնակից այլ դերակատարներ եւս խմբագրեն իրենց մոտեցումները կոնֆլիկտի հետագա զարգացման վերաբերյալ»- եզրափակում է քաղաքագետը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image