Քաղաքականություն

Ավելի շատ ոգեւորված են իշխանության վայելքներով, քան պատասխանատվությամբ

Ավելի շատ ոգեւորված են իշխանության վայելքներով, քան պատասխանատվությամբ

Հետահայաց գնահատելով անցյալ տարեվերջին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները՝ Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նկատում է, որ դրանք տեղի ունեցան արտասովոր պայմաններում։ «Այն, ինչ այդ պայմաններում պետք է տեղի ունենար, տեղի ունեցավ, այսինքն՝ քվեների ճնշող մեծամասնությունը ստացավ «Իմ քայլը» դաշինքը եւ եւս երկու ուժ։ Թե ինչ ընթացք կունենան քաղաքական պրոցեսները՝ դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Հիմնական պատասխանատվությունը ստանձնել է «Իմ քայլը» դաշինքը, դա ակնհայտ է։ Այլեւս շատ դժվար կլինի նախկին իշխանությունների սխալներին ապավինելը, պետք է իրականացվեն արդյունավետ քայլեր»,- նշեց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե չի՞ ձեւավորվել միատարր խորհրդարան, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Խորհրդարանը միատարր չէ, դա ակնհայտ է, մեկուսացված չէ։ Չեմ կարծում, թե քաղաքացիական հասարակությունը անտարբեր կլինի եւ նրա նկատմամբ դիտորդի դեր կունենա»։

Հարցին, թե կձեւավորվի՞ արտախորհրդարանական ընդդիմություն, եթե նկատի ունենանք, որ բազմաթիվ հին քաղաքական ուժեր, կուսակցություններ ձեռնպահ մնացին ԱԺ ընտրություններին մասնակցելուց, Վիգեն Խաչատրյանն արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ եւ՛ հները կգործեն, եւ՛ նորերը կառաջանան, արտախորհրդարանական ընդդիմություն եղել է եւ կլինի, դա անխուսափելի է։ Այս բոլոր զարգացումները կախված են ԱԺ-ում ներկայացված ուժերի գործունեության արդյունավետությունից։ Եթե նրանք արդյունավետ կգործեն, ապա լավ արդյունքներ կունենանք, եթե ձախողվեն, ապա նորից կառաջանա փողոցային պայքար, որը երբեք լավ արդյունքի չի հանգեցնի։ Ակնհայտ է, որ մենք այսօր ունենք իշխանությունն իրացնող անպատրաստ քաղաքական ուժ, որը դեպքերի բերումով եկել է իշխանության։ Թե որքանով նրանք կհասունանան՝ ժամանակը ցույց կտա։

Ընթացքը հուսադրող չէ։ Մեծամասնությունն, իհարկե, կրթված, պատրաստված մարդիկ են, բայց առայժմ չեմ նկատում անհրաժեշտ լրջությունը, խոհեմությունն ու շրջահայացությունը։ Նրանք ավելի շատ ոգեւորված են իշխանության գալու վայելքներով, քան պատասխանատվություն կրելով։ Առաջին միտումները դրա մասին են վկայում, որոնք եթե զարգանան, շատ վտանգավոր կլինի։ Քեֆեր, միջոցառումներ, սակայն մեր պետությունն այն վիճակում չէ, որ իրենք այդքան արագ վայելեն իրենց նոր կարգավիճակը։ Սա մտահոգող է»։

Նկատեցինք, թե այդ կերպ նոր իշխանությունները կրկնո՞ւմ են նախորդների ավանդույթները։ «Ես տեսնում եմ նախորդ իշխանությունների ավանդույթները կրկնելու միտումները, բայց իրենց պատասխանատվությունն ավելի բարձր ու դաժան է լինելու, քան նախորդներինը։ Եվ սա պետք է գիտակցեն իրենք»,- ասաց մեր զրուցակիցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image