Հասարակություն

Ասպետ-ընդդիմադիրին սպասելիս

Ասպետ-ընդդիմադիրին սպասելիս

Հերթական զանգն ու հերթական դժգոհությունն եմ լսում՝ իսկ ո՞ւմ հետեւից գնանք, երբ ընդդիմադիր դաշտում «մարդ չկա», երբ ընդդիմությունն ավելի մեծ հակակրանք է առաջացնում մեզ մոտ, քան իշխանությունը։ Պարզ է, որ լատենտ իշխանական տեսակետ է հայտնում զրուցակիցս եւ փորձում արդարացնել իր քաղաքացիական պասիվությունը, իշխանություններին չքննադատելը, հարմարվողականությունը։ Այս տեսակը, մեծ հաշվով, ավելի մերժելի է, քան իշխանության մեջ գտնվողները։ Դասականն ասում էր՝ սրանք ուզում են ե՛ւ կույս մնալ, ե՛ւ հաճույք ստանալ։ Եվ զուր են բոլոր փաստարկները՝ սրանց ոչնչով չես կարող համոզել։ Որովհետեւ նա չի տեսնում այն բոլոր ռեպրեսիաները, որ իշխանությունը կիրառում է ընդդիմադիրների դեմ՝ կանխելով նորմալ ընդդիմության ձեւավորումն ու կայացումը։ Նա չի տեսնում այն ջանքերը, որն ընդդիմադիրները գործադրում են՝ հաղթահարելով իր նմանների բացասական վերաբերմունքն ու մերժումը, իշխանությունների ճնշումները։ Նա տանը մնացած 40-ամյա օրիորդի նման սպասում է սպիտակ ձիու վրա նստած ասպետ-ընդդիմադիրին, որը ոչ մի թերություն չի ունենա՝ գեղեցիկ կլինի, լավ հռետոր, նախկինում որեւէ պաշտոն զբաղեցրած չի լինի եւ նախկին իշխանությունների հետ էլ ոչ մի՝ անգամ ամենահեռավոր կապեր չի ունենա։ Բայց սրա հետ մեկտեղ՝ նա նաեւ ամեն ինչ անում է, որ ընդդիմության իր իդեալին նմանություն ունեցող որեւէ մեկը երբեւէ չհայտնվի ասպարեզում։ Այսինչը պաշտոն է զբաղեցրել 2018-ից հետո, մյուսը 2018-ին ողջունել է Նիկոլ Փաշինյանին, երրորդը ժամանակին ու իր ուզած ձեւով չի քննադատել նրան եւ այլն, եւ այսպես շարունակ։ Նման «մաղով» որեւէ մեկն ի վիճակի չէ անցնել, նման ակադեմիական պահանջներին բավարարող մարդ չենք գտնի առաջիկա հարյուրամյակի կտրվածքով անգամ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image