Արդեն 15 տարուց ավելի է՝ Սեւան քաղաքից դուրս հոսող կոյուղաջրերը, մինչեւ Հրազդան գետ թափվելը, լցվում են Գեղարքունիքի մարզի Վարսեր, Դդմաշեն, Ծաղկունք եւ Զովաբեր համայնքների բնակելի տարածքներն ու մշակովի հողամասերը: Գյուղացիները մեզ հետ զրույցում ասում էին, որ բազմիցս հարցը բարձրացրել են, սակայն ոչ մի կառույց խնդրին լուծում չի տվել.
«Սեւանից հոսող կոյուղաջրերը հոսում են տների մոտով, գարշահոտությունից խեղդվում ենք: Ամառը շատ ահավոր է, հիմա էլ նույնն է, ուղղակի եղանակը ցրտել է, գարշահոտությունն է փոքր ինչ քչացել: Ընտրությունից ընտրություն, ով եկավ գյուղ այս հարցը բարձրացրեցինք, անգամ ցույց ենք տվել այն տարածքները, որտեղ կոյուղաջրերն արդեն վերածվել են ճահճի: Գալիս են, տեսնում, գնում են: 10 տարուց ավելի է՝ կոյուղաջրերի մեջ ենք ապրում, հողատարածքներն չենք կարողանում մշակել, քանի որ լցված են կոյուղաջրերով»,-բողոքում են բնակիչները:
Ըստ բնակիչների՝ ձմեռը այդ կոյուղաջրերը սառչում են եւ հնարավոր չի լինում անցուդարձ կատարել, իսկ ամռան էլ չեն կարողանում իրենց հողտարածքները մշակել: Խնդրին քաջատեղյակ են համայնքի ղեկավարները, մարզպետարանը, սակայն 2 տասնամյակ խնդիրը մնում է չլուծված. «2016թ.-ին եղել եմ գյուղապետ, այս խնդիրը եղել է: Տարբեր տեղեր բարձրաձայնել եմ, բայց անօգուտ: Կոյուղաջրերը լցվում է բնակելի շենքերի տների բակերը, հողատարածքները, ամռանը ահավոր հոտ է գալիս: Բոլորն էլ տեղյակ են խնդրից, դա ջրային կոմիտեի խնդիրն է»,- ասաց Վարսեր համայնքի ղեկավար Հուսիկ Սեդրակյանը:
Դդմանշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանն էլ ասաց, որ նույն խնդիրն էլ իրենց համայնքում է, մոտ 800 մ կոյուղագիծը վնասվել է, եւ կոյուղաջրերը լցվում են համայնքի հողատարածքները. «90-ականներից այդ կոյուղագիծը չի աշխատում, կոտրել են, որ լցվի Հրազդան գետ, իսկ մինչեւ գետը լցվելը, այդ կոյուղատարը ամբողջությամբ վնասվել է, փտել է եւ լցվում է համայնքներ: Անասուները էդ կոյուղաջրերից են խմում, գյուղացիներից շատերը չեն կարողանում իրենց հողամասերը մշակել, քանի որ ծածկվել են կոյուղաջրերով»: