Քաղաքականություն

Հենց Լավրովի հայտարարությունը վերջ դրեց ռուսական միջնորդությանը

Հենց Լավրովի հայտարարությունը վերջ դրեց ռուսական միջնորդությանը

Իրավիճակը Հայաստանից Արցախ հումանիտար օգնության տրամադրման հետ կապված, շարունակում է մնալ անորոշ ու դեռ հայտնի էլ չէ, թե ինչ կլինի հետո։ Ու մինչ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այցելում են Կոռիձոր, փորձենք ամփոփել վերջին օրերին Հայաստանի եւ Արցախի շուրջ տեղի ունեցածը համառոտ

• Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, որից հետո ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդես եկավ ամփոփիչ հայտարարությամբ, ըստ էության արձանագրելով, որ Արցախը Ադրբեջանի մաս՝ արցախահայերն էլ որպես Ադրբեջանի ազգային փոքրամասնություն են դիտարկվում եւ դրան համաձայն է նաեւ Հայաստանի իշխանությունը։ Միաժամանակ ազդարարեց, որ Հայաստանում խորհրդային տարիներին թերեւս բնակված ադրբեջանցիները վերադառնալու են Հայաստան եւ նրանք էլ դիտարկվելու են որպես ազգային փոքրամասնություն։

• Երեւանում «դարակազմիկ» ասուլիսով հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն ըստ մասնագիտական գնահատականների, երբեւէ նրա տված ամենավատ հարցազրույցն էր։ Ուշագրավ էր այն, որ Փաշինյանը խոսեց նաեւ տարածաշրջանի երկրների հետ միաձուլման անհրաժեշտության մասին։ Թե դա ինչպես է տեղի ունենալու եւ դրանից հետո Հայաստանից ինչ է մնալու, եթե ոչ միայն «Հայաստան» անվանումը, դեռ պարզ չէ։

• Փաշինյանի եւ Լավրովի հայտարարություններից հետո Ստեփանակերտում որոշեցին ավելի կոշտացնել հայտարարությունների բառապաշարը եւ կտրուկ գործողությունների անցնել։ Արցախի խորհրդարանը դիմեց ՄԱԿ անդամ երկրներին, խնդրելով ճանաչել Արցախի անկախությունը։ Հնչեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի «վերակենդանացման» կոչեր։

• Ստեփանակերտից հնչեցին հայտարարություններ, որ Մոսկովյան հանդիպումների արդյունքները Արցախի համար անընդունելի են։ Որոշ մեղադրական շեշտադրումներ եղան այդ հայտարարություններում նաեւ Ռուսաստանի հասցեին։

• Հայաստանում ապաստանած արցախցի փախստականներն էլ իրենց հերթին կոշտ հայտարարությամբ հանդես եկան՝ պահանջելով ապահովել իրենց վերադարձը հայրենիք՝ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի ուղեկցությամբ։

• Երեւանն անակնկալ կերպով որոշեց, որ մարդասիրական օգնություն է ուղարկելու Ստեփանակերտ։ Մոտ 400 տոննա օգնությունը տեղափոխող ավտոշարասյունը հասավ պաշարված Արցախի դարպասներին եւ կանգնեց, սպասելով ռուսական կողմի գործողություններին։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչները ուշադրությամբ հետեւում են ավտոշարասյունին։ Բայց Ադրբեջանն անդրդվելի է՝ օգտվեք Աղդամի ճանապարհից։

• Կոռնիձորից Ստեփանակերտ օգնություն ուղեկցելու հայկական կողմի խնդրանքին ռուսական կողմը չի արձագանքել, իսկ Բաքուն դա անվանել է «սադրանք»։ Միջանցքի բացումը պաշտոնապես պահանջել են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիայի ԱԳՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ։

• Ռուս փորձագետներն ասում են, որ Հայաստանին կարծես թե հաջողվել է արցախյան հիմնախնդրի քննարկումը եռակողմից հասցնել միջազգային հարթություն, իսկ դա նշանակում է եռակողմ ձեւաչափի ավարտ։ Մյուս կողմից, հենց Լավրովի հայտարարությունը վերջ դրեց ռուսական միջնորդությանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image