Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք տարի անց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ֆոնին միջազգային կառույցների կողմից հրապարակ նետվեց «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզը։
2016թ․ քառօրյա պատերազմին ակնդետ հետեւած մեր հասարակությունը, սակայն, հազիվ թե մոռացած լինի ադրբեջանցիների իրականացրած վայրագությունները, որոնց վերաբերյալ այն ժամանակ էլ հայցեր պատրաստվեցին եւ ուղարկվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՀՀ արդարադատության նախարարություն հարցում էինք հղել՝ իմանալու, թե ապրիլյան պատերազմի զոհերի եւ տուժածների իրավունքներին վերաբերող քանի՞ հայց է ուղարկվել ՄԻԵԴ, ի՞նչ ընթացքի մեջ է դրանց քննությունը։
ՀՀ վարչապետի խորհրդական, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն արձագանքել է մեր հարցմանը, նշելով՝ «Ի պատասխան 19․03․2019թ․ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված եւ սույն թվականի մարտի 22-ի թիվ 05/6155-19 գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչին վերահասցեագրված Ձեր հարցմանը՝ տեղեկացնում եմ, որ ապրիլյան պատերազմի զոհերի եւ տուժածների իրավունքներին վերաբերող գործերով մինչ այս պահը ՀՀ եւ Արցախի քաղաքացիների կողմից ներկայացված գանգատներից Ադրբեջանի կառավարությանը կոմունիկացվել է 22 գանգատ՝ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 8-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով եւ մեկ գանգատ՝ Կոնվենցիայի 2-րդ եւ 13-րդ հոդվածներով, որոնցով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներգրավվել է որպես երրորդ կողմ։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիների կողմից ՀՀ դեմ ներկայացված գանգատներին, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանը Կոնվենցիայի 1-ին, 2-րդ, 3-րդ, 8-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով կոմունիկացվել է 5 գանգատ։ Կարող ենք արձանագրել, որ այս պահին վորանշյալ բոլոր գործերով կոմունիկացիայի փուլն ավարտված է։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ապրիլյան պատերազմի դեպքերի հետ կապված Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված մեկական գանգատ 26 փետրվարի 2019թ․ Եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են անընդունելի»։
Փաստորեն Հայաստանի եւ Արցախի քաղաքացիները գանգատներ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք), 3-րդ (Խոշտանգումների արգելում), 8-րդ (Անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) եւ 14-րդ (Խտրականության արգելում) հոդվածներով։
Նույն հոդվածներով գանգատներ է ներկայացրել նաեւ Ադրբեջանը՝ գումարած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածը (Մարդու իրավունքները հարգելու պարտականությունը)։