Վերլուծություն

5 գործոն, որ հնարավոր են դարձնում Փաշինյանի հեռացումը

5 գործոն, որ հնարավոր են դարձնում Փաշինյանի հեռացումը

Հունիսի 7-ին հաշված օրեր են մնացել, հետզհետե ուրվագծվում, ամբողջանում է նախընտրական պայքարի պատկերը։ Կարծում եմ, որ առնվազն 5 դրական գործոն կա, որոնք կարող են վճռել ԱԺ առաջիկա ընտրությունների ելքը։

1. Քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ հատկապես վերջին շրջանի հեռուստաբանավեճերը ՔՊ-ի քարոզչամեքենայի գլխավոր խոսափող Հ1-ի եթերում ակնառու են դարձնում իշխող ուժի քաղաքական դիակ դառնալու նախանշանները եւ մոտալուտ պարտության հավանականությունը։ Առնվազն վերջին երկու բանավեճում պարզ դարձավ, որ առողջ միտքն ու փաստարկված քննադատությունն ի չիք են դարձնում գործող իշխանությունների ստերը, հուսահատ ճիչերն ու սպառնալիքները, մաշված պոպուլիզմն ու մանիպուլյացիաները, որքան էլ ասպարեզ նետեն ծանր հրետանի համարվող իրենց դեմքերին, օրինակ՝ Վահագն Ալեքսանյանին եւ Ալեն Սիմոնյանին։

2․ Ընդդիմադիր ուժերի, hատկապես՝ գլխավոր ֆավորիտների եւ Փաշինյանի իշխանախմբի քարոզարշավների որակական տարբերությունը՝ կապված թե՛ մարդաշատության, թե՛ խոսույթի եւ թե՛ անցկացման մակարդակի հետ։ Գործող ռեժիմը, նույնիսկ վարչական ռեսուրսն ապօրինի ներգրավելով, չի կարողանում նորմալ լսարան հավաքել, հավաքներն էլ գաստրոնոմիկ վոյաժների, սպառնալիքի, թշնամանք սերմանելու եւ կենցաղային զազրախոսությունների մասին են։

3. Եթե ՔՊ-ական թիմի քարոզարշավն ընթանում է հիստերիկ սպառնալիքների, անհոգ կերուխումի, լաչառության, մրցակիցներին սեւացնելու, երեսներին ուղիղ քննադատություն եւ ամոթանք ստանալու, հակադարձողներին վիրավորելու կամ ոտքի վրա նրանց կալանավորելու որոշում կայացնելու, հորինված հերոսներով սրտաճմլիկ տեսարաններ բեմադրելու եւ այլ խայտառակ միջադեպերով, ապա ընդդիմադիր առանցքային դերակատարների նախընտրական հանդիպումները զերծ են սկանդալներից, ատելության խոսույթից, նվազագույնի են հասցված էժանագին պոպուլիզմն ու խոստումները։ Դրա փոխարեն ներկայացնում են ծրագրեր, կոնկրետ առաջարկներ, ապագայի հստակ տեսլական։

4. Արցախցիների համախմբվածությունը եւ ազդեցիկ կշիռը՝ ի հեճուկս Փաշինյանի արցախատյաց ելույթների եւ հանրային պոռթկումների։

5. Ընտրությանը մասնակցող ընդդիմադիր ուժերի՝ գոնե վերջին շրջանում համագործակցված գործելաոճը, ՔՊ-ի դեմ միավորվելու, միմյանց չթիրախավորելու պահվածքը։ Այս ամենը հույս է ներշնչում, որ ընտրությունների վերջին ակորդը լինելու է հաղթական, բայց դրա համար հնարավորինս մեծ թվով ընտրողներ պետք է «ոչ» ասեն այս աղետաբեր իշխանություններին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image