Ընդդիմախոսներին ԿԳԲ-ի «պադվալները» լցնելու օպերացիան սկսված է։ Շատերն այս օրերին հիշել են, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ իրավապահներին գործողություններ սկսելու հրահանգ տալիս՝ հենց Ազգային ժողովի ամբիոնից։ «Դուք ընդհանրապես ինչի՞ եք ազատ, ձեր մասին գրում են, որ դուք օտարերկրյա շպիոններ եք, ի՞նչ գործ ունեք դուք էս դահլիճում ընդհանրապես նստած: Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ՝ սաղիդ պտի տանեմ-լցնեմ ԱԱԾ-ի պադվալը: Առաջինը դու պիտի գնաս ու կգնաս»,- հունից դուրս գալով՝ բղավում էր Փաշինյանը, պատգամավորներին հորդորում՝ «չուտել իր ներվերը»՝ ըստ էության, տապալելով սահմանադրական կարգը Հայաստանում, ըստ որի՝ իրավապահներն անկախ են եւ առաջնորդվում են միայն օրենքով: Այսինքն, կառավարության ղեկավարն իրավունք չունի նման ուղղակի հրահանգ իջեցնել եւ միջամտել քրեական գործերի հարուցմանը, կալանքներ սահմանելուն:
Այս սպառնալիքներից մեկ ամիս անց դատախազությունը գնաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի «հետեւից»՝ վերջիններիս նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելով եւ Ազգային ժողով միջնորդություն ուղարկելով։ Իսկ ավելի ուշ` Եկեղեցուն պաշտպանելու համար, բանտում հայտնվեց բարերար, գործարար Սամվել Կարապետյանը, որին կալանավորելու հրահանգը նույնպես ուղիղ Փաշինյանից էր իջեցվել․ «Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ», «Ընդմիշտ կպասիվացնենք» անթաքույց սպառնալիքներով: Իսկ 2 օր առաջ իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «հեղաշրջման գործով» այս պահին արդեն կալանավորված է 16 մարդ՝ Սրբազան պայքարի ղեկավարներն ու աջակիցները, այդ թվում՝ Բագրատ սրբազանը, զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը, Սրբազան պայքարի ակտիվիստ Լիդիա Մանթաշյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, Աղվան Արշակյանը, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը, Արմեն Ալեքսանյանը, Հրայր սարկավագը, այլք: Ցանկը դեռեւս ավարտուն չէ, ԱԱԾ-ն խուզարկել է նաեւ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տունը, ինչը վկայում է, որ շղթան կարող է շարունակվել։
Ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու մեջ մեղադրվող Բագրատ սրբազանը մեղքը չի ընդունում, իսկ տարածված ձայնագրություններն էլ, ասում են՝ մոնտաժված են, գուցե արհեստական բանականությամբ ստեղծված, ինչը չէր կարող դատարանի համար հիմք հանդիսանալ։ Սրբազանի փաստաբան Սերգեյ Հարությունյանի խոսքով՝ արքեպիսկոպոսի կեցավայրից զենք չի հայտնաբերվել, նա կալանքի հիմքերն անընդունելի է համարում, բողոքարկելու է։ «Որպես այդպիսին, հիմքեր չկային, հիմնավոր չէին, միջնորդությունը հիմնավոր չէր եւ ենթակա էր մերժման, սակայն ի սկզբանե, երբ պարզ դարձավ, որ գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, արդեն հասկանալի էր, թե ինչ որոշում է կայացվելու»,- ասաց փաստաբանը:
Ինչպե՞ս են այս մարդիկ դարձել Նիկոլ Փաշինյանի զոհը, ի՞նչ տրամաբանությամբ են ընտրվել հենց նրանք։ Չէ՞ որ տարբեր թիմերի, տարբեր դաշտի ներկայացուցիչներ են: Ի՞նչ սկզբունքով են իրավապահները կանգ առել այս թիրախների վրա եւ ի՞նչ ապացույցներ ունեն, որ ենթադրյալ «հեղաշրջման» նախապատրաստման հարցում հենց այս մարդիկ են ակտիվ եղել եւ ոչ թե ուրիշները: Ուշագրավ է, որ հրապարակված «հեղաշրջման թերթիկում» չկա Բագրատ սրբազանի ամենօրյա ընկեր, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի անունը։ Նա իր անվան բացակայությունն այսպես է մեկնաբանում․ «Իմ անունն այս պահին բացակայում է, բայց, դատելով իշխանականների վարքագծից, մի օր էլ իմ անունը կհայտնվի ինչ-որ մի ցուցակում։ Թերեւս հաշվի են առել, որ ես պատգամավոր եմ, եւ անձեռնմխելիությունից զրկելու հարց կարող է առաջանալ, պրոցեսը կերկարի, իրավական խոչընդոտներ կառաջանան՝ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։ Ես չեմ բացառում, որ ինչ-որ պահից իմ անունը կհոլովվի, ինչն ինձ բնավ չի կաշկանդում»։
Պատգամավորը շեշտում է՝ այս ընթացքում ենթարկվել է հետապնդումների, մեքենան են կոտրել, հարազատներին են տեռորի ենթարկել։ «Իմ մեքենայի արգելակների չաշխատելը, այն հարձակումները, որ ամեն օր ես զգում եմ, որ կա նաեւ իմ հարազատների նկատմամբ, հարկային տեռորը, որն ամեն անգամ լայն թափ է ստանում»,- նշեց նա։ Երեկ՝ օրվա վերջին, փաստաբան Սերգեյ Հարությունյանի միջոցով ԱԱԾ շենքում գտնվող «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից Բագրատ սրբազանը նամակ է փոխանցել ժողովրդին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Իմ շատ սիրելի ժողովուրդ
Նախ ցանկանում եմ ամբողջ սրտով խոնարհ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր աջակցության եւ զորակցության համար եւ ձեր ներողամտությունը հայցել՝ անհարմարություններ պատճառելու համար։ Ստի եւ կեղծիքի վրա հիմնված չարիքի իշխանությունն այլ կերպ չի կարող վարվել, քան հալածելը, լռեցնելը բոլոր նրանց, ովքեր ճշմարտության եւ արդարության ճանապարհի մարտիկներ են, ում համար թանկ են Հայրենիքը, սեփական պետությունը եւ պատիվը։ Չկա ավելի քաղցր երեւույթ, քան հալածվելը Հայրենիքի եւ պատվի համար։ Պատիվ է մեզ՝ անցնել այս ճանապարհը։ Անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնի դատարանը, իմ, մեր որոշումը մեկն է՝ մեր խոցված մոր՝ Մայր Հայաստանի ազատագրումը, մեր պատվի եւ ուրախության վերականգնումը։ Չտրտմե՛ք, չընկճվե՛ք, չկասկածե՛ք եւ չտատամսե՛ք. իր վերջին օրերն ապրող չարիքը գլորվելու է, եւ մենք կերտելու ենք մեր կյանքի նոր արշալույսը։
Այո՛, Հոգեւոր Հայաստանը պետք է հաղթի այս «նոր» Հայաստանին,
Եռագույնը՝ սեւ ու սպիտակին,
Տաճարը՝ փողոցին։
Քանի որ մեր երազներն ու իղձերն ավելի են, քան մեր կյանքի սահմանափակ թվով օրերը։
Ապրում եմ կյանքիս ամենաերջանիկ օրերը, քանզի հենց ինձ եւ ձեզ է տրված իրականացնելու մեր Տան կառուցման առաքելությունը, կյանքի կոչելու մեր Ավետյաց Երկրի Տեսիլքը։
Մեր հաղթանակն այլընտրանք չունի…
ՀԳ. Փաստաբան Սերգեյ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ ՔՊ-ական պատգամավորները սուտ լուրեր են տարածում՝ իբր դատական նիստի ընթացքում հաստատել եմ չարիքի իշխանության տարածած ձայնագրությունների իսկությունը։ Ստի ու կեղծիքի իշխանությունը չի կարող այլ բան անել, քան սուտ ու կեղծիք տարածելը։ Բայց, ինչպես արդեն ասացի, ստի վերջը մոտ է։ Ամեն բան լավ է լինելու»։