Քաղաքականություն

Արցախի հանձնումն Արեւմուտքին ինտեգրվելու նախապայման էր 

Արցախի հանձնումն Արեւմուտքին ինտեգրվելու նախապայման էր 

Բոլորը համոզված են, որ 44-օրյա պատերազմում Հայաստանի պարտությունն ու Արցախի կորուստը կանխորոշված էին ի սկզբանե: 

Մի մասն ասում է, որ Փաշինյանն իշխանության էր բերվել հենց այդ նպատակով, մյուսները պնդում են, որ նա Արցախը ծախել է 5 միլիարդ դոլարով` լավ գին են առաջարկել, ինքն էլ համաձայնել է, երրորդները կարծում են, թե նա եւ նրա թիմը հավաքագրված են եղել անգլոսաքսերի կողմից, իսկ քանի որ անգլոսաքսերը Թուրքիայի եւ Ադրբեջանի դաշնակիցներն են, հենց նրանց ցուցումով է Փաշինյանը երկիրը տարել գիտակցված պարտության։ Կան մարդիկ էլ, որ ասում են, թե Արցախի հանձնման եւ պարտության հարցում շահագրգռված էր Ռուսաստանը, որ առանց Վլադիմիր Պուտինի համաձայնության եւ թույլտվության Ադրբեջանը դժվար թե պատերազմ սկսեր Հայաստանի դեմ: Կարծում եմ՝ Արցախի հանձնումն այն կարեւոր նախապայմանն էր, որի դեպքում միայն Հայաստանը կարող էր անդամակցել արեւմտյան բլոկին, Հայաստանն Արցախով ոչ մի կերպ չէր տեղավորվում արեւմտյան արժեհամակարգի մեջ: Փաշինյանն էլ, որպես արեւմտյան արժեհամակարգի կրող, մարդ, որը համոզված է, որ Հայաստանը երջանիկ ապագա կարող է ունենալ, եթե ինտեգրվի ԵՄ-ին եւ արեւմտյան կառույցներին, որոշեց ազատվել այդ բալաստից, որ կարողանա Հայաստանը տանել ԵՄ:

Հնարավոր է նաեւ, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը որոշել է հաճելին համատեղել օգտակարի հետ. ի սկզբանե իմանալով, որ հանուն եվրոպական ինտեգրացիայի Արցախը պետք է հանձնել, գաղտնի բանակցությունների մեջ է մտել Իլհամ Ալիեւի հետ եւ մի բան էլ նրանից է պոկել:

Արեւմտյան ինտեգրացիայի ճանապարհ բռնած բոլոր հետխորհրդային երկրներին մի բան է միավորում. նրանք ունեն կորցրած տարածքներ եւ պայքարում են այդ տարածքները հետ բերելու համար: Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 20 տոկսը` Ղրիմն ու եւս 4 շրջան, Վրաստանը`Աբխազիան եւ Հարավային Օսիան, Մոլդովան՝ Մերձդնեստրը: Մի ժամանակ Ադրբեջանը եւս այդ բլոկի մեջ էր, երբ կորցրել էր Արցախն ու հարակից 7 շրջանները: Եթե հիշում եք, այս 4 երկրներն Արեւմուտքի հովանու ներքո միություն էին ստեղծել, որը կոչվում էր ԳՈւԱՄ: Այս երկրները ռուսական ծավալապաշտությունից տուժած երկրներն էին, որոնք արեւմտյան աջակցությամբ ուզում էին հետ բերել իրենց տարածքները, վերականգնել իրենց երբեմնի տարածքային ամբողջականությունը: Միությունը երկար կյանք չունեցավ, քանի որ այս երկրների կամ գոնե դրանց մի մասի իշխանությունները հասկացան, որ Արեւմուտքն իրենց օգտագործում է որպես զենք կամ, ավելի ճիշտ գործիք՝ Ռուսաստանի դեմ պայքարի համար, իրենք դիմացը ոչինչ չեն ստանում, կորցնելուց բացի: Ով դա հասկացավ, գնաց իր ճանապարհով եւ օգտվեց:

Առաջինն այդ միությունը փաստացի լքեց Ադրբեջանը, որի ղեկավար Իլհամ Ալիեւին եվրաինտեգրացիան պետք չէր երկու շատ պարզ պատճառով. առաջին՝ Ալիեւը հասկացավ, որ Արցախը եւ կորցրած շրջանները հնարավոր չէ հետ բերել Արեւմուտքի աջակցությամբ, Արեւմուտքը՝ ընդհակառակը, շահագրգռված է կոնֆլիկտի ձգձգմամբ, քանի որ դա օգնում է, որ կողմերը կախված լինեն իրենից: Ինքն այնքան փող եւ ուժ ունի, որ կարող է ինքնուրույն լուծել կորցրածը վերականգնելու հարցը` ունենալով Թուրքիայի եւ այլ դաշնակիցների աջակցությունը: Երկրորդ․ Ալիեւին պետք չէր եվրաինտեգրացիան, քանի որ եվրոպացիները պնդում էին, որ ԵՄ-ին միանալու համար Ադրբեջանը պետք է լինի ժողովրդավարական, ինչը նշանակում է, որ Ալիեւը պետք է կատարի ԵՄ վերադասից իջեցված բոլոր հանձնարարությունները, այդ թվում՝ թույլ տալով, որ երկրում բազմանան նրանց կողմից ֆինանսավորվող եւ նրանց ենթակա կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցները, ինչն անմիջական սպառնալիք էր իր իշխանությանը, իսկ ինքն ուզում էր լինել մենիշխան, իր երկրում հարցերը լուծել առանց որեւէ մեկի կարծիքը կամ խորհուրդը հարցնելու: Ալիեւը երկու նպատակն էլ իրականացրեց. սեփական միջոցներով միլիարդավոր դոլարների զենք գնեց, վերակազմավորեց բանակը եւ դաշնակիցների աջակցությամբ գրավեց ու հայաթափեց Արցախը եւ հարակից շրջանները, փակեց արեւմտյան ֆինանսավորմամբ գործող բոլոր կառույցները, այդ թվում՝ արեւմտյան լրատվամիջոցները՝ հավերժականացնելով իր իշխանությունը: Ալիեւը գիտի, որ ո՛չ իր բռնապետական հակումները, ո՛չ Արցախի գրավումն ու հայաթափումը չէին կարող խոչընդոտ լինել Արեւմուտքի եւ նրա առանձին երկրների հետ տնտեսական կապերը զարգացնելու համար` Արեւմուտքին հետաքրքրում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ՝ իր շահերը․ ադրբեջանական նավթը, գազը, հիմա էլ՝ էլեկտրաէներգիան:

2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Վրաստանի քաղաքական էլիտան հասկացավ, որ Արեւմուտքն իրենց կարող է թշնամացնել Ռուսաստանի հետ, մղել պատերազմի, բայց երբ իրենք պատերազմում են ռուսների հետ, կարող է ձեռքերը լվանալ կամ, ամենաշատը՝ միջնորդել, որ պատերազմը կանգնեցվի Ռուսաստանի համար հաղթական պայմաններով․ ռուսները հետ չգնացին 2008-ին իրենց գրաված տարածքներից: 2012-ին վրացիները մերժեցին պրոարեւմտյան Միացյալ ազգային շարժումը եւ դրա առաջնորդ Միխայիլ Սահակաշվիլուն, եւ արդեն 12 տարի երկրում իշխում է «Վրացական երազանքը», որը վարում է ավելի հավասարակշռված քաղաքականություն՝ թույլ չտալով, որ հանուն եվրաինտեգրացիայի երկիրը եւս մեկ անգամ ներքաշվի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, վերջնականապես կործանելով Վրաստանը: Վրաստանի իշխանությունները չեն հրաժարվել Աբխազիան եւ Հարավային Օսիան վերադարձնելու մտադրությունից, միայն թե դա ուզում են իրականացնել Ռուսաստանի հետ բանակցելով, ասելով, որ Արցախի տարբերակն իրենց համար ընդունելի չէ:

Ուկրաինայի մասին կարելի է ասել միայն այն, որ 2014-ին տեղի ունեցած գունավոր հեղաշրջման արդյունքում երկիրը սկզբում կորցրեց Ղրիմը, որն իր տարածքով եւ բնակչության թվով հավասարազոր է Հայաստանին, իսկ հետագայում ներքաշվեց Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, հանուն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի անդամ դառնալու անկատար հեռանկարի: Եթե պատերազմի սկզբում ամերիկացիներն ու եվրոպացիները խոսում էին բացառապես Ուկրաինայի հաղթանակի մասին, ապա հիմա խորհուրդ են տալիս հաշտվել երկրի տարածքի 20-25 տոկոս կորստի հետ՝ բացատրելով, որ պատերազմի շարունակությունը հղի է էլ ավելի մեծ տարածքային կորուստներով: Ուկրաինան կորցրել է նաեւ իր բնակչության մոտ 40 տոկոսը՝ գումարած երկրի էներգետիկ ենթակառուցվածքների եւ արդյունաբերության ոչնչացումը:

Աչքի առաջ ունենալով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի օրինակը՝ 2018 թվականին Հայաստանն ընտրեց եվրաինտեգրացիայի փշոտ, բայց փառավոր ճանապարհը: Ճիշտ է՝ հասարակ ժողովրդին խաբելու համար Փաշինյանն ասում էր, որ հեղափոխությունը չունի արտաքին քաղաքական ուղղություն, բայց դե՝ հեղափոխությունների մեծ մասնագետ Վլադիմիր Իլյիչն է դեռ 100 տարի առաջ ասել, որ հեղափոխության իրական նպատակն իշխանություն վերցնելն է, իսկ դրա անելիքներն ի հայտ են գալիս հետո: Իսկ հայ քաղաքական էլիտան գիտեր, որ 2018-ի հեղաշրջումն ունի արտաքին քաղաքական հստակ ուղղություն, եւ մեծամասամբ համաձայն էր այդ փոփոխության հետ, որովհետեւ բոլորն էլ հոգով ազատատենչ եվրոպացի էին, ոչ թե ռուսի ստրուկ: Ռուսական ստրկությունից ազատվելու համար պետք էր ազատվել Արցախից, քանի որ, ինչպես Փաշինյանն էլ պատկերավոր բացատրում, Արցախը Հայաստանի վզին կապած պարան էր, որն ուզում էին ավելի ձգել եւ մի մոտիկ տեղից կապել, բայց իրեն հաջողվեց 2020 թվականի պատերազմի միջոցով ազատվել այդ պարանից ու վազել այնտեղ, որտեղ իր սիրտն էր ուզում: Միայն թե պարանից ազատվելուց հետո էլ պարզվեց, որ չի կարող վազել, որովհետեւ, ինչպես ասում են, սողալու համար ծնվածը չի կարող թռչել: 

Ինչ վերաբերում է Ռուսաստանի մասնակցությանը 44-օրյա պատերազմին․ Ռուսաստանն օգնեց կամ գուցե չխանգարեց Ադրբեջանին՝ հաղթել Հայաստանին: Իսկ ինչո՞ւ պետք է խանգարեր, եթե գիտեր, որ Փաշինյանը որոշել է ազատվել պարան Արցախից, խանգարեր, որ Ադրբեջանի հետ թշնամանա՞ր: Էդ ինչի` Փաշինյանն իր շահը գիտի, կարող է փող աշխատել, Ռուսաստանն իր շահը չգիտի՞: Ռուսաստանն օգնեց Ադրբեջանին՝ վերականգնել իր տարածքային ամբողջականությունը՝ գիտենալով, որ դրանով Ադրբեջանին ավելի է կտրում արեւմտյան ազդեցությունից եւ դարձնում իր համար շահավետ գործընկեր, մինչդեռ Հայաստանը, լինելով Արեւմուտքի կամակատար, վերածվել էր Ռուսաստանին թշնամի երկրի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image