Հասարակություն

Դանիել Իոաննիսյանը կոչ է անում Վարդան Ղուկասյանին ծեծե՞ն. Փաստաբանը գրառումը պատահական չի համարում

Դանիել Իոաննիսյանը կոչ է անում Վարդան Ղուկասյանին ծեծե՞ն. Փաստաբանը գրառումը պատահական չի համարում

«Հրապարակի» հետ զրույցում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Արամայիս Հայրապետյանն ասում է. «Հիշո՞ւմ եք, պրն Ղուկասյանի հայտարարությունը համասեռամոլների հետ կապված, կարծում եմ այդ մասով էլ մեղադրանք կառաջադրեն, կտեսնեք, կամ մեղադրանք կառաջադրեն կամ փորձաքննություն այդ հարցով, արդյո՞ք դա անհանդուրժողականություն չէ»: 

Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքին, պաշտպանը նշում է, որ այդ պատմությունը կապված է շինաղբի պատմության հետ: Սալահատակները փոխել են, հին սալահատակները անհրաժեշտ է եղել ինչ-որ տեղ լցնել՝ որպես շինաղբ: «Այս անձը՝ վարորդը, տարել է, լցրել ինչ-որ տեղ և ասում է, որ ինչ-որ անձ՝ երևի Սպարտակ Ղուկասյանն է ասել, որ տանեմ, լցնեմ այստեղ, բայց նաև ասում էր, որ անձամբ այդ մարդուն չի ճանաչում: Այդ շինաղբը՝ հող, բետոն, ջարդված սալահատիկներ են, դա որակել են շորթում, ասում են՝ ձեր հեղինակությունն օգտագործելով հարկադրել եք անձին, որպեսզի ինքն այդ գույքը՝ իրականում շինաղբը, Ա կետից տեղափոխի Բ կետ, լցնի Ձեր ռանչոն: Բայց պարզվում է, որ շինաղբը լցված է եղել ճանապարհի մոտակայքի հատվածում»,- մանրամասնում է Հայրապետյանը: 

Նշում է, որ գործը որակել են որպես միջին ծանրության հանցագործություն և տվել տնային կալանք Սպարտակ Ղուկասյանին մինչև հունվար: Սակայն այս ընթացքում նրան նոր մեղադրանք են առաջադրել, ինչը փաստաբանը որակում է որպես իր պաշտպանյալի կողմից չկատարված արտահայտություն, որը վերագրել են նրան ու կալանավորել: Պաշտպանը պնդում է` այն, ինչ արվում է Վարդան Ղուկասյանի դեմ, քաղաքական հետապնդում է շատ ավելի վտանգավոր դրսևորումներով: «Առողջական խնդիրներ, դրանց խոչընդոտներ, խցային պայմաններ, իրականացված ու չբացահայտված մահափորձ: Պարոն Ղուկասյանը մշտապես ասում էր և մեզ էլ է թույլ տվել բարձրաձայնել, որ այդ չբացահայտված մահափորձն ու այս գործողություններն իր դեմ, իր կյանքի հետ կապված վտանգ է զգում, այսինքն, ենթադրում է, որ այս երկու դեպքերը գուցե կապ ունեն՝ ավել տեղեկատվության չեմ տիրապետում այդ մասով»,-ասաց պաշտպանը: 

Վարդան Ղուկասյանը հորդորել է պաշտպաններին իր առողջական խնդիրների մասին չբարձրաձայնեն, սակայն վերջիններս չեն կարողանում խղճին դեմ գնալ ու լռել լրջագույն առողջական խնդիրների մասին: «Մենք պաշտոնապես էլ ենք հայտնել մեր մտահոգությունների մասին: Հարազատներն առաջարկել են իրենց ծախսերով հոգալ բուժզննումը, առաջարկել են բժիշկ բերել, որպեսզի իրավապահների ներկայությամբ զննեն, սակայն թույլ չեն տալիս՝ զանազան պատճառաբանություններով մերժում են: Դիմելու ենք Եվրադատարան և ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման մարմին, որն ունի նման իրավասություն՝ նման դեպքերում միջամտելու: Հիմա ընթացակարգերն ենք ուսումնասիրում՝ այդ հնարավորությունն էլ ենք ուսումնասիրում»,-տեղեկացրեց Հայրապետյանը: 

Իսկ խցային պայմանները սարսափելի են՝ չորս հոգի չափազանց փոքր տարածքում, Ղուկասյանին ծխել չի կարելի, իսկ մյուսներն անընդհատ ծխում են, Ղուկասյանն ունի թե սրտի հետ կապված խնդիր, և թե շաքարային դիաբետ, որի դեպքում անընդհատ բժշկական վերահսկողություն պետք է լինի, սակայն ՔԿ-ում նման բժիշկ չունեն: 
«Նման դեպքերում այնտեղ անընդհատ հերթապահ բժիշկ պետք է լինի այդ մասնագիտացմամբ, որովհետև ամեն վայրկյան կարող է առողջական վիճակի կտրուկ վատթարացում գնալ: Ընդ որում, իրեն որ տարել են հիվանդանոց, ինքը չի էլ դիմել, որ տանեն, պարզապես այնքան է վատացել վիճակը, որ վախից են տարել հիվանդանոց»,-ասաց Հայրապետյանը: Նա հավելեց, որ մտահոգություն ունեն նաև խոշտանգումների մասով, հատկապես Դանիել Իոաննիսյանի հրապարակումը, որտեղ Վարդան Ղուկասյանի մասով տարբերակներ էր առաջարկում, որոնցից մեկը բանտում խոշտանգումների ենթարկելն էր: «Դանիել Իոաննիսյանի հրապարակումներից որևէ մեկը ես պատահական չեմ համարում, որովհետև իր բոլոր հրապարակումներին, որպես կանոն, հետևում է իրավական գործընթաց»,-ասաց պաշտպանը: Այդ գրառումը բավական էր, որպեսզի ՆԳՆ-ն բռնության կոչի բաղադրիչով գործ հարուցեր: 
«Բանտախցում խոշտանգելն ազատազրկված անձին՝ շատ նուրբ է այդ հարցը, որովհետև այդ անձը պետության հոգածության ներքո է և խոշտանգման թույլտվությունն էլ պետությունը կարող է տալ ու դա կարող է չբացահայտվել: Ինչ բռնեն` փողոցում ծեծեն, ինչ` բանտախցում, դուք կարող է չիմանաք էլ, ինքն ասի՝ նման բան է եղել, ասեն՝ խաբում ես: Եթե մեկը կոչ է անում, որ բանտախցում ծեծեն՝ սա ահավոր վտանգավոր բան է ու անվերահսկելի վիճակ է, կամերա չկա, դա շատ անբարոյական վիճակ է: Հիմա, եթե Վարդան Ղուկասյանը դա կարդա, պատկերացնո՞ւմ եք, պիտի փորձի հնարավորինս արթուն մնալ, իր առողջական վիճակով հասկանո՞ւմ եք, թե դա ինչի կհանգեցնի»,-ասաց պաշտպանը: 

Սակայն, իրավապահները վարույթ են նախաձեռնել հենց պաշտպանի՝ Արամայիս Հայրապետյանի դեմ: Պատճառաբանությունն այն է եղել, որ պաշտպանը կոնկրետ անձի` վկայի, տվել է հարցեր՝ ստացել պատասխաններ, ինչը ոչ միայն իր իրավասությունների մեջ է մտնում, այլև իր պարտականությունն է: «Նաև Եվրոպական դատարանն է ասում, եթե պաշտապանության կողմն ընտրում է ակտիվ պաշտպանություն, ուրեմն ինքը քննիչի հետ հավասար իրավունք ունի վկաներին հարցման ենթարկելու: Իմ հարցման ենթարկելու մասով տեսագրություն կա, բայց պարզվում է, որ այս գործողությունը արդարադատությանը միջամտել է նշանակում, և վարույթ են նախաձեռնել: Իմ հետ կապված որևէ գործողություն չեն կատարել: Փորձում են հոգեբանական ճնշում գործադրել, ես հարյուրավոր, հազարավոր գործերով նույն գործողություններն արել եմ ու փոխանցել քննիչին, երբեք խնդիր չի եղել: Դատարաններն իմ արած գործողություններն ընտրել են որպես ապացույց, գնահատել են այդ գործողությունները, երբևէ որևէ մեկը չի ասել, որ դու դա չես կարող անել, չէին էլ կարող ասել՝ օրենքը դա թույլ է տալիս, բայց քանի որ Վարդան Ղուկասյանի հետ է կապված՝ դա էլ չի կարելի»,-շեշտում է Ղուկասյանի պաշտպանը: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image