Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին եւ պատմական մեքենաների ակումբը» մարտի 23-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մահվան օրը, կազմակերպել էր ավտոարշավ՝ նվիրված Թումանյանի ծննդյան 150-ամյակին։
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Գագիկ Աղաջանյանից հետաքրքրվեցինք, թե հին եւ պատմական մեքենաներով ինչպիսի ավտոարշավ են անցկացրել, ովքեր են մասնակցել դրան։
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կազմում գործում են տարբեր ակումբներ՝ սպորտային, ռետրո, կանանց, կարտինգի, ռալիի, արտաճանապարհային մեքենաների եւ այլն։ Եվ մենք էլ նախաձեռնեցինք երկու միջոցառում հենց ռետրո ակումբի համար։ Դրանցից մեկը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումն էր, երկրորդը լինելու է օգոստոսին։ Գաղափարն այն էր, որ «Հին եւ պատմական մեքենաների ակումբը», որում գրանցված է 100-ից ավելի մեքենա, կազմակերպի ավտոարշավ։ Իսկ պարտադիր պայմանն այն էր, որ մեքենաները վերջին քսան տարվա ընթացքում արտադրությունից դուրս եկած լինեն, եւ կոնկրետ այն մեքենայով, որով մեկնում ենք, ունենա 40 եւ ավելի տարիք։ Ամենաերիտասարդ մեքենան 40 տարեկան էր, կային նաեւ 1954, 1967թթ․ արտադրության մեքենաներ։ Այդ մեքենաներով էլ իրականացվեց ավտոարշավ թումանյանական վայրերում։ Մենք ստացել ենք Հովհաննես Թումանյանի թոռների ողջույնի խոսքը։
Եվ Երեւանի Թումանյանի թանգարանից մեկնեցինք դեպի Թբիլիսիի Թումանյանի թանգարան։ Մենք հասանք Դսեղ, այնտեղ ծաղկեպսակներ դրեցինք հուշարձանին, հետո եղանք Դսեղի Թումանյանի տուն-թանգարանում։ Մենք ունեինք համախոհներ, որոնք իրենց անձնական մեքենաներով անցան ամբողջ ճանապարհը։ Դսեղից հետո մենք շարժվել ենք դեպի Վրաստան։ Մարտի 23-ին՝ Հովհ․ Թումանյանի մահվան օրը, մենք այցելել ենք Թբիլիսի, այդ օրը հանդիպում է եղել Վրաստանում Հայաստանի դեսպանի հետ, Վրաստանում ԱԺ պատգամավորների, գործարարների, ԶԼՄ-ների հետ։ Հաջորդ օրը այցելեցինք Խոջիվանքի հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է Թումանյանը։
Այնտեղ ծաղկեպսակներ դրեցինք մեր մեծերի հուշարձանին, որից հետո էլ իջանք Հավլաբարի Սբ․ Էջմիածին եկեղեցի, որտեղ էլ մատուցվեց պատարագ։ Այնտեղ ներկա էին նաեւ հայկական եւ վրացական ԶԼՄ-ներ։ Հետո մենք այցելեցինք Սոլոլակ թաղամասը, որտեղ գտնվում է Թումանյանի տուն-թանգարանը։ Այնտեղ էլ անդամատոմսեր հանձնեցինք Ֆեդերացիայի երկու անդամների։ Միջոցառմանը ներկա էին նաեւ մեր կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանը, տարբեր կառույցների ղեկավարներ։ Մենք պլանավորել էինք բոլոր միջոցառումներն անցկացնել 36 ժամվա ընթացքում, ինչն էլ մեզ հաջողվեց»,- թումանյանական միջոցառումների մանրամասները ներկայացրեց Գագիկ Աղաջանյանը։