Պուտինը Հայաստան չի մեկնի ոչ այն պատճառով, որ նրան կարող են ձերբակալել՝ ՄՔԴ կարգադրության համաձայն, այլ որովհետև նա մտավախություն ունի Երևանում հանդիպել հայերի ատելությանը, որոնք իրեն համարում են հայոց աշխարհի ողբերգության մեղավոր։ Այս մասին նշել է ռուս քաղաքագետ Արկադի Դուբնովը։
Նրա համոզմամբ, ՀՀ-ի կողմից ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումն ավելի շատ կապ ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, և այդ կերպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր շուրջը համախմբել հակակրեմլյան տրամադրությունները՝ պաշտպանվելու «Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու» և ազգային շահերը դավաճանելու մասին շարունակ հնչող մեղադրանքներից։
«[Հռոմի ստատուտի] վավերացման այլ բացատրությունները, թե այն անհրաժեշտ է Երևանին՝ Ադրբեջանի [իրականացրած] ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքներ ներկայացնելու համար, հիմնավորված են թվում, բայց երկրորդական [նշանակություն ունեն]»,- գրել է Դուբնովն իր «Telegram»-յան ալիքում։
Նրա խոսքով, Երևանի նման քայլը վիրավորական է Մոսկվայի համար ու աննախադեպ հետխորհրդային տարածքում։ Ինչ վերաբերում է կոշտ պատասխան տալու Կրեմլի սպառնալիքներին, ապա քաղաքագետի ներկայացմամբ, «հայերն այսօր արդեն այնքան վատ վիճակում են, որ նրանց այլևս չես զարմացնի Ռուսաստանից եկած նոր խնդիրներով»։