Երեկ ամբողջ համացանցը հայհոյում եւ անիծում էր կարմիրբերետավոր այն բիոզանգվածին, որոնք քաշքշելով, ասֆալտին ծեփելով՝ բերման էին ենթարկում Եռաբլուր այցելած սգավոր մայրերին։ Նրանք չէին ուզում, որ իրենց որդիների մահվան թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն իր շքախմբով այցելի իրենց զավակների շիրիմներին ու իր «դժգույն ներկայությամբ» պղծի այդ շիրիմները։ Բայց Նիկոլ Փաշինյանի հրահանգներն անվերապահ կատարող «ղզլբաշները»՝ հայ ոստիկանի արտահագուստով կարմիրբերետավորները, այնպես արեցին, որ նա անարգել մուտք գործի Եռաբլուր, իսկ զոհվածների հարազատները հայտնվեն ոստիկանական բաժանմունքներում։ Նրանց հեռանալուց հետո զոհվածների հարազատները հեռացրին Փաշինյանի ու նրա թիմակիցների դրած ծաղկեպսակները Եռաբլուրից։
Երեկվա կադրերն այնքան սարսափելի էին, որ անգամ նիկոլականները` իրենց քարոզչամիջոցներով, չկարողացան ծպտուն հանել ու արդարացնել դրանք, հատուկենտ նողկալի արարածների չհաշված։ Ոստիկանների գործողություններն այնքան անհանդուրժելի ու ստորացուցիչ էին, որ անգամ իշխանությունների «օբյեկտիվ» քննադատ Դանիել Իոաննիսյանը դատապարտեց կարմիրբերետավորների գործողությունները՝ խոստանալով իր ՀԿ-ի անունից հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: «Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը (մասնավորապես դրա` ժողովրդավարությանը վերաբերող մասը) ամբողջությամբ կեղծավոր է, եթե իր ենթակա ոստիկանությունն իր այցին ընդառաջ այսպիսի ապօրինություններ է գործում։ Անձամբ ինձ մոտ տպավորություն է, որ Փաշինյանի իրական շնորհավորանքը զոհվածների մայրերին բռնությամբ բերման ենթարկելն էր եւ ոչ ժողովրդավարության մասին այն կեղծավոր տեքստը, որ հեռարձակում են Հ1-ով»,- գրել էր նա:
Իսկ ինչպիսի՞ն էր իշխանությունների պաշտպան ոստիկանության եւ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի արձագանքը դեպքի կապակցությամբ։ Մոտավորապես այնպիսին, ինչ միջազգային հանրության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքը հայ-ադրբեջանական բախումներին, որտեղ Ադրբեջանն ակնհայտորեն ագրեսոր ու վայրագ կողմն է, բայց միջազգային կառույցները դա մի տեսակ չեն նկատում կամ դեռ պետք է ուսումնասիրեն, որ նկատեն։
Ահա ոստիկանության արձագանքը․ «Ոստիկանության պետի հանձնարարությամբ այդ գործողություններն ուսումնասիրվում են, եւ հանրությունը կիրազեկվի արդյունքների մասին:
Հորդորում ենք՝ միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով»։ Ու չկա մեկը, որ ոստիկանությանը հորդորի՝ իր «գլադիատորների բրիգադը» չօգտագործել՝ նման անբարո ու նողկալի մեթոդներով օրվա քաղաքական իշխանության «հետույքը» պահելու համար։ Մարդու իրավունքների ու հատկապես ԼԳԲՏ համայնքի պաշտպան Քրիստինե Գրիգորյանն էլ, ամբողջ օրը մտածելուց եւ ուսումնասիրելուց հետո, օրվա վերջում նոր հայտարարություն տարածեց, որը քիչ էր մնում՝ կտրուկ դատապարտեր ոստիկանության գործողությունները։
«Պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած դեպքում եւ հատկապես նման զգայուն եւ հուզական գերլարված իրավիճակներում, ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ եւ զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է։ Տեղի ունեցածի վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն, եւ դրա շրջանակում Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի ոստիկանությունից, այդ թվում՝ առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ»,- ահա այսպես՝ միջազգային կառույցների ոճին հարիր անատամ ու անհասցե հայտարարությամբ է հանդես եկել ՄԻՊ-ը։
Նրանց այս վերաբերմունքից պարզ է դառնում, որ վաղն այդ նույն ոստիկաններն էլ ավելի կոշտ ու անբարո մեթոդներով են հարձակվելու իրենց զավակների շիրիմներն անցանկալի անձանցից պաշտպանող սգավոր մայրերի վրա։