Հասարակություն

Մտորումներ՝ Հայ մամուլի օրվա առիթով

Մտորումներ՝ Հայ մամուլի օրվա առիթով

Երեկ Հայ մամուլի օրն էր՝ հայ լրագրողների եւ մամուլի ոլորտի աշխատակիցների մասնագիտական տոնը։ Օրը, իհարկե, շնորհավորանքների ու մաղթանքների է տրամադրում, սակայն նաեւ չի կարելի չխոսել ոլորտի խնդիրների մասին։ Հայ մամուլի օրը Հայաստանի երրորդ հանրապետության ժամանակներում սահմանված տոն է։ Սկսել են նշել 2004 թվականից՝ ի նշանավորումն 1794 թվականի հոկտեմբերի 16-ին Հնդկաստանի Մադրաս քաղաքում Հարություն քահանա Շմավոնյանի կողմից ստեղծված «Ազդարար» պարբերականի լույսընծայման։ Մամուլի օր եղել է նաեւ Խորհրդային Հայաստանում։ Այն ժամանակ Մամուլի օր են նշել մայիսի 5-ը` ի պատիվ բոլշեւիկյան «Պրավդա» թերթի լույսընծայման։

Իր գոյության 230 տարիների ընթացքում հայկական մամուլը բազմաթիվ լավ ու վատ օրեր է տեսել, կիսել իր ժողովրդի ճակատագիրը, գտնվել սովետական պետության սահմանափակումների մամլիչի տակ, փորձել գոյատեւել Առաջին Հանրապետության գոյության կարճատեւ ընթացքում եւ, ահա, ավելի քան երեսնամյակ իր գոյությունն է շարունակում Երրորդ Հանրապետության օրոք։ Մամուլը միշտ, նաեւ այսօր հասարակության արտացոլանքն է։ Ինչպիսին հասարակության վիճակն է, այդպիսին էլ՝ մամուլի վիճակը։ Ինչպիսի խնդիրներ որ կան այսօր Հայաստան պետության կյանքում, տարբեր ոլորտներում, նույնպիսի եւ նույնքան խնդիրներ էլ կան հայաստանյան մամուլում։ Ինչպես Հայաստանի կյանքի բոլոր ոլորտներում, մամուլում էլ այսօր կա պրոֆեսիոնալիզմի պակաս։ Բարձր տեխնոլոգիաներն իրենց հերթին կարծես ջնջել են դասական իմաստով մամուլի եւ բլոգերության սահմանները։

Առանձին եւ շատ լուրջ խնդիր է տպագիր մամուլի գոյության հարցը՝ համատարած ցանցայնացման ներկա դարաշրջանում, ինչը խոսակցության այլ թեմա է։ Կա նաեւ կադրերի արտահոսքի խնդիր, ֆինանսական խնդիրներ, եւ այսպես շարունակ։ Շատ լավ, փորձառու լրագրողներն անցնում են այլ աշխատանքի, որովհետեւ լրագրության մեջ ցածր աշխատավարձեր են, քանի որ լրատվամիջոցները հիմնականում գոյատեւում են գովազդների շնորհիվ, իսկ հայ տնտեսվարողները գովազդ տալիս են միայն իշխանական ԶԼՄ-ներին, որպեսզի իշխանության հետ լավ հարաբերություններ ունենան։

Սակայն, այս բոլոր օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներով հանդերձ, հայկական մամուլն այսօր իրականացնում է իր առաքելությունը եւ փորձում է օպերատիվ լրատվություն տալ հասարակությանը, դառնալ հանրային շահերի պաշտպան՝ շատերի համար իրենց խնդիրները բարձրաձայնելու վերջին հույսի հարթակ եւ պետական պաշտոնյաների գլխին մահակ։ Ու որքան էլ փորձենք քննադատաբար մոտենալ մամուլի աշխատանքին, լրատվության որակից մինչեւ կադրեր եւ այլն, սակայն անուրանալի է, որ որպես չորրորդ իշխանություն, այն այսօր մեր երկրի ամենակայացած ոլորտներից է, որը նաեւ կարողանում է պահպանել իր ինքնաբավ գոյությունը՝ հաճախ նաեւ հակադրվելով իշխող վարչակարգերին ու դիմադրելով նրանց ճնշումներին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image