«Հայկական ժամանակում» տպագրվել էր 1979 թ․ մի հանցագործության մասին դատարանի վճիռը՝ բոլոր մանրամասներով։ Այդ նյութերը նախկինում էլ են հրապարակվել, բայց ոչ այնքան բաց, եւ անգամ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ Ծառուկյանի նկատմամբ ռեպրեսիաներ էին սկսվել, դրանք չէին հրապարակայնացվում։ Հիմա Փաշինյանի լրատվամիջոցը պոռնկագրական բնույթի նյութեր է տպագրում՝ վարկաբեկելով վարչապետի քաղաքական հակառակորդին։ Մինչդեռ, երբ մենք Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հրապարակում էինք արել՝ ընդամենը նշելով հոդվածը, մեզ անարգանքի սյունին գամեցին։
Yerkir.am լրատվական կայքի խմբագիր Վահե Սարգսյանի գնահատմամբ, Գ. Ծառուկյանի դատավճռի հրապարակումը բազմաթիվ մտահոգիչ երեւույթներ է պարունակում: Նախ՝ հարց, թե որտեղ են պահվում Խորհրդային Հայաստանի Գերագույն դատարանի արխիվային նյութերը, այսինքն՝ ո՞վ է տրամադրել գաղտնի համարվող անձնական գործը։ «Որքան ինձ հայտնի է՝ դրանք պահվում են ՀՀ ազգային արխիվում: Ես, որպես նաեւ պատմաբան, մի քիչ գոնե տեղյակ եմ, թե ինչպես է հնարավոր այդ կարգի նյութը ստանալ այնտեղից. դա կա՛մ պետք է լինի տվյալ անձի դիմումի, կա՛մ ընտանիքի անդամի (եթե տվյալ անձն այլեւս կենդանի չէ), կա՛մ տվյալ անձի կողմից լիազորված մեկի միջոցով: «ՀԺ»-ի՝ «համացանցում շրջանառվում է» թեզը ծիծաղելի է, եւ բոլորին պարզ է, որ սովորական լրատվականներին եւ անձանց անհասանելի այդ դատավճիռը տրամադրվել է վարչապետի ուղիղ հրահանգով, ով նաեւ պատվիրել է ընտանեկան թերթին՝ մասսայականացնել այն: Բայց չենք կարող ասել, թե այն տրամադրվել է հենց Ազգային արխիվի կողմից, քանի որ փաստաթղթի վրայից մաքրված են այն պահպանող պետական հաստատության տվյալները։ Սա՝ մեկ։ Մյուս կողմից՝ այդ նյութերը, որքան տեղյակ եմ, վերջերս են հանձնել արխիվին, եւ շատ հնարավոր է՝ նման կարեւորության փաստաթղթի պատճենի արտահոսքը տեղի է ունեցել մինչ դա արխիվին հանձնելը»։ Վահե Սարգսյանի խոսքով՝ այստեղ գործ ունենք այն հերթական խայտառակ իրողության հետ, երբ պետության ղեկավարը, հանուն սեփական քաղաքական ամբիցիաների, ընդդիմադիրներին լռեցնելու կամ հեղինակազրկելու գործիք է դարձնում պետական հաստատությունը՝ ստիպելով կատարել ապօրինի գործողություններ: «Այդ իմաստով Գ. Ծառուկյանի՝ խմբակային բռնաբարության մեղադրանք պարունակող դատավճռի հրապարակմամբ իշխանությունները հերթական անգամ խմբակային կերպով եւ այս էլ որերորդ անգամ բռնաբարեցին պետական այս կամ այն ինստիտուտի հեղինակությունը, քաղաքացիների՝ պետական համակարգի հանդեպ օրավուր նվազող վստահությունը»,- ասում է նա ու ավելացնում․
«Իհարկե՝ «անգրագետ Պողոսը» կծափահարի իշխանություններին եւ կնվաստացնի Ծառուկյանին, բայց մտածող մարդիկ լավագույնս գիտակցում են, որ այս ճղճիմ քայլով ՀՀ իշխանություններն ապացուցեցին, որ պետությունը թքած ունի մարդու անձնական տվյալների գաղտնիության վրա, եւ ոչ մեկս այլեւս ապահովագրված չենք, որ նման անբարո քայլ կկատարվի յուրաքանչյուրիս հանդեպ, եթե համարձակվենք քննադատել իշխանություններին»։ Նա նաեւ նշեց մի շատ զավեշտալի, իրականում ամոթալի իրողություն եւս․ երբ «Հրապարակում» հրապարակվեցին Սուրեն Պապիկյանի՝ անցյալում դատվածություն ունենալու մասին տեղեկությունները, իշխանական եւ այլ շրջանակներ անարգանքի սյունին գամեցին այդ իրողությունը՝ նշելով, թե դա բարոյական չէ։ Դրան արձագանքեց նաեւ ինքը՝ պարոն Պապիկյանը:
Այժմ հանրությանն է ներկայացվում Գ․ Ծառուկյանի անձնական կյանքին առնչվող մի փաստաթուղթ, որը պահվում է ՀՀ ազգային արխիվում՝ այն հիմնարկում, որը շուրջ մեկ տարի ենթարկվում էր Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությանը, իսկ 2019թ․ սեպտեմբերից փոխանցվել է արդարադատության նախարարությանը։ Վահե Սարգսյանն ուզում է իմանալ՝ պարոն Պապիկյանը կամ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այս առիթով որեւէ բացատրություն կամ հիմնավորում ունե՞ն։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ ասում է, որ, այսպես կոչված, հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական կյանքը, որը մինչ այդ էլ մի լավ օրի չէր, այսօր ահավոր տհաճ վիճակում է, երբեք այսքան ցածր մակարդակում չի եղել, քանի որ հիմա ուղղակի խրախուսվում են ընդդիմախոսների նկատմամբ բանսարկությունները, մատնություններն ու կոմպրոմատները։ Իշխանյանին սա հիշեցնում է իր ծնողների պատմածով՝ 30-ականները։ Ավետիք Իշխանյանի համար տհաճ էր անդրադառնալ թեմային, բայց նկատում է, որ այդ վճիռը դռնփակ դատական նիստից է, որ հետագայում Ծառուկյանն արդարացվել է․
«Ամենագլխավորը՝ Ծառուկյանի ԲՀԿ-ն եղել է հեղափոխական իշխանության հիմնական դաշնակիցը։ Ոչ միայն նկատի ունեմ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումները, ջրով ապահովելը, հեղափոխությանը ջուր տանելը, այլ հատկապես 2018-ի հոկտեմբերի 2-ի ճգնաժամից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը մտքին դրել էր արդեն Ազգային ժողովը յուրացնել, այդ ժամանակ նրա հիմնական դաշնակիցը Գագիկ Ծառուկյանն էր։ Նաեւ՝ ընտրություններից հետո, եւ ուշադրություն դարձրեք կարեւորագույն հարցերին իրենց քվեարկություններին եւ Սահմանադրական դատարան չդիմելը։ Փաստորեն, երբ իրեն փորձեց ցույց տալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ, գործի դրվեցին ամենակեղտոտ տեխնոլոգիաները՝ վարկաբեկման համար»։ Իշխանյանի խոսքով, սրա նախադեպն արդեն եղել է՝ ԼՀԿ-ական Անի Սամսոնյանի նկատմամբ, երբ Փաշինյանի սպառնալիքներից հետո հանկարծ «հայտնաբերվեցին» նախկին ամուսնու ինչ-ինչ գործողությունները։