Քաղաքականություն

Հեռացան լքված հայրենիքի վերջին պահակները

Հեռացան լքված հայրենիքի վերջին պահակները

10 հայերը, որ մնացել էին Արցախում՝ չմիանալով 2023-ի մեծ գաղթին, ոչ մի հարցի լուծում չէին տալիս՝ ընկած հայրենիքում իրենց ներկայությամբ։ Ոչինչ չէին կարող անել եւ ոչինչ չէին ապացուցում, միայն ավելացնում էին տագնապը՝ իրենց անվտանգության առումով... Ինչպե՞ս են ապրել քաղաք-ուրվականում, իրենք էլ ուրվական՝ լքված քաղաքի վերջին պահակները դարձած, 10-ով, միայնակ, արյունարբու թշնամու հնարավոր բարեգթության հույսին։ Պատկերացնելն անգամ դժվար է, ինչ խոսք։ Նրանք կամավոր գերիներ էին, որ իրենք էին որոշել գերի մնալ, որոշել էին իրենց կյանքով դառնալ «հեռանալն անհնար է» իրավիճակ ու ապրել այդ իրավիճակում։ Բայց որքա՞ն։ Պարզ է, որ երկար չէր տեւի, թեեւ որքան տեւեց՝ դա արդեն երկար էր։

Այս ամենը հասկանալով հանդերձ, նրանց Հայաստան գալու մասին լուրն էլ միանշանակ ընկալել հնարավոր չէ։ Դա նորից, կարծես, ձգում է առանց այդ էլ պրկված մի նյարդաթել՝ մի հիշողություն, մի վիշտ, թե ինչպես հազարամյա հայրենիքը այսպես մաքուր, կարելի է ասել՝ ստերիլ, հանձնվեց թշնամուն՝ ապագայի համար նրան ոչ մի մտահոգություն չթողնելով։ Երբեք չէր կարող թուրքը երազել այսպիսի վերջաբան։ Չկա արցախցին, չկա Արցախը, քանի որ չկա այդ հողի տերը, եւ չկա նրա պահանջատիրությունն իր հայրենիքի նկատմամբ։ Հարցը փակված է, էջը՝ թերթված, թշնամու համար հնարավոր ամենաձեռնտու, իսկ հայի համար՝ ամենադաժան սցենարով։

Լավ է, որ այս մարդիկ եկան Հայաստան, բայց անգամ այդ դեպքը իշխանական քարոզիչները կարողացան օգտագործել մեկ անգամ եւս ցավ պատճառելու համար։ Ցավ պատճառելու մեծ մասնագետ կարելի է համարել եւ միշտ հենց այդպես հիշել Արսեն Թորոսյանին, որն ակնհայտորեն հաճույք է ստանում «Արցախն Ադրբեջան է» մտքից։ Նա ազդարարեց. «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր եւ ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի... տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։ Ոչ մի Արցախ՝ փակագծում, թե դրանից դուրս, այս մարդը արտաբերել չի կարողանում։ Այսօր, ահա, այսպիսի մարդիկ են կանգնած իշխանության ղեկին, որոնք ոչ միայն կործանել են ծաղկուն ու սիրելի մի հայրենիք, ոչ միայն ունեզրկման ու կոտորածի են մատնել արցախցիներին, այլեւ փորձում են խոշտանգել դրա համար ցավ ապրող ու մոռանալ չցանկացող եւ անգամ չկարողացող մարդկանց։ Փորձում են կործանել եւ վերացնել հիշողությունը, փոխել՝ վերացնել պատմությունը, նոր կետից, զրոյական, մաքուր` մանկուրտի կետից սկսել իրենց պատկերացրած «իրական» Հայաստանը։

Եվ այդքանից հետո Արսեն Թորոսյանը ցուցադրում է սոցցանցում իր զինվորական գրքույկը։ Անհասկանալի ժամկետով, անհասկանալի տարիքում նա ծառայել է հայկական բանակում, հպարտանո՞ւմ է նա։ Իրավունք ունի՞ արդյոք հպարտանալու, թե հայրենիքի զինվոր է եղել։ Դատեք ինքներդ, քանի դեռ արդարադատության ձեռքերը կարճ են՝ դատելու համար այս մարդու հնչեցրած մտքերը։ Բայց այս վերջին մարդկանց գաղթի մասին նրա արձանագրությունը կհիշվի, կմնա պատմության մեջ, ինչպես, օրինակ, մի անջնջելի սեպագիր արձանագրություն։ Մի հայտարարություն, որը նույնությամբ երեւի տեղադրել են ադրբեջանցի պաշտոնյաները՝ ի հզորություն իրենց երկրի եւ ի սարսափ թշնամիների։ Իսկ ի՞նչ նպատակով է դա արել Արսեն Թորոսյանը։ Այո, նա եւս դա արել է՝ հուրախություն ադրբեջանցի եղբայրների, ի հզորություն Ադրբեջան երկրի եւ ի վիշտ ու ի սարսափ մեզ՝ գիտակցական ամբողջ կյանքում Արցախով հպարտացած մարդկանց։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image