ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» բոյկոտելով հերթական քառօրյան հայտարարեցին Արցախ մեկնելու մասին։
«Մեզ համար սակարկելի չեն ՀՀ անկախության հռչակագրում նշված դրույթները՝ մեր տարածքային ամբողջականությունը սուվերենությունը։ Անընդունելի ենք համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։ ՀՀ ներկայիս իշխանությունն անկարող է լուծել ներքին ու արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգով: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին և քվեարկություններին։ Մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան»խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ԱԺ ամբիոնին փակցնելով Արցախի դրոշը, որը սակայն րոպեներ անց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի կողմից հեռացվեց ամբիոնից։
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը ևս հայտնեց, որ իրենք նույնպես մեկնում են Արցախ։ «Եկեք նախապես ոչինչ չասեմ։ Լուսաբանումից տեղում կտեղեկանաք, միջոցառումներից կտեղեկանաք»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ օրակարգով են մեկնում Արցախ։ «Այո, միանշանակ արցախահայության հետ հանդիպումներ են լինելու։ Մեր օրակարգում իրականում մի քանի կետեր կան։ Քաղաքացիների հետ հանդիպումներից բացի շրջելու ենք նաև Արցախի գյուղերով, հանդիպումներ են լինելու նաև Արցախի խորհդարանի մեր գործընկերների հետ»,- ասաց Վահե Հակոբյանը՝ «Հայաստանից»։
«Ով անտարբեր չէ Արցախի ճակատագրի հետ կապված, միանշանակ նրա հետ հանդիպում լինելու է։ Ամբողջ կազմով չենք մեկնում, կիսվել ենք։ Մի մասը Արցախ է մեկնում, մյուսը՝ Սյունիք։ Ոչ, Տավուշ՝ ոչ, այժմ միայն Արցախ ու Սյունիք, բայց վերադառնալիս անպայման մյուս մարզեր էլ ենք այցելելու։ Վերադարձի հետ կապված ժամկետ չեմ կարող նշել։ Կարծում եմ՝ կմնանք այնքան, մինչև օրակարգը սպառվի»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ իշխանություններն այս պրոցեսի հետ կապված ևս անցել են մանիպուլյացիայի։
«Այսօր նրանք օրակարգ են ստեղծել, թե մենք պիտի խուսափենք պատերազմից, քանի որ մենք պատրաստ չենք պատերազմի։ Սրանով երևի ուզում են հերթական զիջումների տանել։ Հասարակությանը, նորից եմ ասում, կեղծ օրակարգով կերակրում են, մեզ էլ անվանում ռևանշիստ, պնդում, թե իբր մենք չենք ցանկանում խաղաղություն։ Այո, դրոշով շատ բան չես կարող անել, բայց դա շատ կարևոր գործոն է ու ցավոք այս իշխանությունները չեն հասկանում դրա դերն ու նշանակությունը։ Խոսքը միայն Հայաստանի ու Արցախի դրոշների մասին չէ, առհասարակ յուրաքանչյուր պետության համար դրոշը բացառիկ դերակատարություն ունի, իսկ այս մարդիկ չեն հասկանում, քանի որ նրանք անհայրենիք են։ Քանի որ անհայրենիք են, նրանք պատրաստ են անգամ դրոշը պոկել, գցել, նվիրել թշնամուն։ Իսկ մեզ համար դրոշն առաջին հերթին խորհդանիշ է»,- հավելեց նա։
«Ոչ սթափ արձագանքներ գրանցվեցին ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության վերաբերյալ։ Իրականում մենք ընդամենը քառօրյայի հերթական նիստին մասնակցելու փոխարեն որոշեցինք գնալ Արցախ ու տեսնել՝ ինչ իրավիճակ է։ Արցախ մեկնելու տրամաբանությունը իրականում այն է, որ թիվ մեկ օրակարգը հիմա Արցախն է»,- ասաց Արցախի ճանապարհին գտնվող Արամ Վարդևանյանը՝ «Հայաստան» խմբակցությունից։ «Փաստորեն մեզ ասում են, թե Արցախ գնալը ինքնին իրենից ներկայացնում է սադրանք։ Իսկ, կներեք, ես ճի՞շտ եմ հասկանում, որ այդ մեկնաբանումը պայմանավորված է Ադրբեջանի վարքագծով կամ թուրք-ադրբեջանական տանդեմով։ Իսկ կներեք, հետագայում հնարավո՞ր է, որ, ասենք, «յան» ազգանունը, որով մեզնից յուրաքանչյուրի ազգանունն է ավարտվում, դա ևս հետո սադրանք համարեն։ Ազգալդյանի, Վազգեն Սարգսյանի անուն-ազգանուն տալը հնարավո՞ր է հետո ևս որպես սադրանք դիտարկվի։ Սա նորմալ չէ, այս ամենը արդեն աբսուրդի ժանրից է, չի կարելի այսպիսի հոգեվիճակի մեջ մտնել։ ՀՀ-ն միշտ եղել է, կա ու լինելու է Արցախի Հանրապետության երաշխավորը։
ՀՀ-ն միշտ լինելու է արցախահայության կողքին, այլ տարբերակ ուղղակի չի էլ կարող լինել։ Արցախ գնալը ո՞նց կարող է իշխանավորների համար վայնասունի առարկա դառնալ։ Ո՞վ կմտածեր, որ մի օր սենց բան է լինելու։ Ի՞նչ է նշանակում՝ Արցախ չգնալ, այսինքն՝ այս իշխանությունը հորդոր է տալիս մարդկանց, որ Արցախ չգնա՞ն։ Հայեր ջան, Արցախ անպայման պիտի գնալ, որովհետև նա ունի մեր կարիքը։ ԱԺ ամբիոնին տեղադրվում է դրոշ, որի համար հազարավոր հայեր մարտիրոսվել են, իսկ հետո ստացվում է, որ պատգամավորի կարգավիճակ ունեցող մի անձ վերցնում ու ջարդու՞մ է դա, սա ի՞նչ է։ Այո, Արցախի դրոշը տեղադրելով Արցախի հարցը չի լուծվում։ Աստված տար, որ այդպես լիներ, որ միայն դա պահանջվեր մեզնից, մենք ուղղակի կերազեինք, որ այդպես լիներ, բայց մյուս կողմից դրոշի տեղադրումը միանշանակ խորհուրդ ունի, որի մասին շատ ենք խոսել։ Խորհուրդը մեկ բառով՝ Արցախ-Հայաստան միասնականության մեջ է»,- նշեց Վարդևանյանը։