Մշակույթ

Նախագծով՝ աշխատողների 80%-ի շեմը կիջեցվի 50%-ի

Նախագծով՝ աշխատողների 80%-ի շեմը կիջեցվի 50%-ի

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն եւ լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաեւ նշված հաստատություններում իջեցնել հիմնական աշխատողների տոկոսային շեմը։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որ զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության նախադպրոցական ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։

Ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի վերաբերյալ տարբեր քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախադպրոցական մի շարք ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման ժամանակ կարող է խնդիր առաջանալ, քանի որ դեռեւս կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք գործունեություն են իրականացնում բնակելի նշանակության տարածքներում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական եւ բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ծառայություն մատուցող կազմակերպություններն իրականացնում են նաեւ մինչեւ 4 ժամ տեւողությամբ ծառայություն, առաջարկվում է վերանայել մանկավարժական կազմի հիմնական աշխատողների պահանջը, քանի որ օրվա մի մասը նշված մասնագետներն աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախատեսվում է հիմնական աշխատողների 80%-ի շեմն իջեցնել 50%-ի։
Նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր եւ նախադպրոցական ծառայություններ իրականացնող ոչ պետական կենտրոնները, լիցենզավորվելով եւ գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության եւ այլն), ինչպես նաեւ կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image