Հասարակություն

Հայկական արտադրանքը եվրոպացիների ճաշակով չէ

Հայկական արտադրանքը եվրոպացիների ճաշակով չէ

Եվրամիությունը Հայաստանին ոչինչ չի կարող տալ, որովհետև ԵՄ-ն ինքը խնդիր ունի: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն մերձեցման քաղաքականությանն ու դրա տնտեսական հնարավորություններին, ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հայաստանը Եվրամիության հետ պայմանագիր ուներ՝ GSP + համակարգում էր գործում և մոտ 6500 անվանում ապրանքներ զրոյական մաքսատուրքով, արտոնյալ կարգավիճակով արտահանվում էին  եվրոպական երկրներ: Բայց, բնականաբար Եվրամիության հետ չկարողացավ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել, Եվրամիության հետ հինգ տոկոս էլ չի գերազանցում Հայաստանի առևտրաշրջանառությունը, բայց Ռուսաստանի դիրքերն օրինակ 2024 թվականին 37% -ից  բարելավվում է մոտավորապես 41.3%»,-ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Ի՞նչ է տեղի ունենում՝ ցանկացած արտահանվող արտադրանք արտահանման շուկաներում պիտի գնահատվի, արդյո՞ք այդ շուկաներում այդ արտադրանքի պահանջարկ գոյություն ունի: Օրինակ, Հայաստանն ինչ ներուժ ունի արտահանումներ իրականցնելու՝ միրգ, բանջարեղեն, խմիչքներ, մսամթերք, ծխախոտ, և այլն, դրանք բոլորն այն արտադրատեսակներն են, որոնց պահանջարկը կա բացառապես Ռուսաստանում, ասիական երկրներում և որտեղ հայկական արտադրանքը կարող է լինել մրցունակ՝ այդ թվում պայմանավորված մեր սփյուռքով, պայմանավորված Ռուսաստանի քաղաքացիների ճաշակով:
«Եվրոպայում ճաշակը լրիվ այլ է, այսինքն, հայկական խմիչքը, հայկական արտադրանքը եվրոպացիների ճաշակով չէ, գումարած Եվրոպայի բնակլիմայական պայմաններն էլ են թույլ տալիս, որ նրանք ավելի լավ բերք ստանան: Օրինակ, նրանք շատ ավելի միրգ են կարողանում ստանալ և շատ դեպքերում Հայաստանն ինքն է Եվրոպայից, այդ թվում Հունաստանից խնձոր ներմուծում՝ ամենաէլեմենտար ներմուծման մասին եմ խոսում: Գինիները՝ Պորտուգալիա, Իտալիա, Հունաստան արտադրվում են եՎրոպայում և շատ ավելի որակյալ, իրենց քիմքին հաճելի, կոնյակն արտադրում է Ֆրանսիան, եվրոպացիները գերադասում են ֆրանսիական կոնյակ խմել և ոչ թե հայկական, գարեջուրն արտադրում է Եվրոպան՝ Չեխիան և Գերմանիան և նույնիսկ Հայաստան են ներկրում իրականացնում: Հետևաբար, այս արտադրատեսակներով Հայաստանը չի կարող մրցունակ լինել: Բժշկական ծառայություններով, դեղատեսակներով որևէ կերպ Եվրոպայի որակի հետ մրցակցությանը Հայաստանը չի կարող դիմանալ»,-ասաց Նաիրի Սարգսյանը:

Ինչ վերաբերում է որակ-գին մրցունակ լինելուն, այստեղ ևս Հայաստանը մրցունակ չէ, որովհետև Եվրոպան աշխատում է իր արտադրանքի շուկան ընդլայնելու ուղղությամբ: Եվրամիության շուկան այլևս չի բավարարում Եվրոպային և իր տնտեսությունը փրկելու ու կայունացնելու կամ զարգացնելու համար նրանք պետք է նոր շուկաներ դուրս գան: Իսկ այդ նոր շուկաներ դուրս գալուն Եվրամիությանը խանգարում է Թուրքիան, որովհետև կարողանում է շատ էժան արտադրանքներ ստանալ, որոնք կարող է նաև Հայաստանը ստանալ: Բայց քանի որ Թուրքիան շատ մեծ պետություն է՝ նրա դեպքում ապրանքների ինքնարժեքները շատ ավելի էժան են ստացվում: 

«Լոգիստիկ առումով է շատ ավելի բարենպաստ դիրքում գտնվում, աշխատուժն է շատ էժան՝ ի հաշիվ քրդական համայնքի, հողերն են շատ բերրի՝ ի հաշիվ Հայաստանից բռնազավթված Արևմտյան Հայաստանի տարածքների և այսպես շարունակ: Թուրքիան, խոշոր պետություն լինելով, պետական սուբսիդիաներ է հատկացնում և խթանում է արտահանումը: Եվ Հայաստանը եվրոպական շուկայում ոչ միայն պետք է մրցակցի եվրոպական երկրների հետ, այլև պետք է մրցակցի Թուրքիայի հետ, իսկ առաջիկա քսան տարում Հայաստանը որևէ ներուժ չունի թուրքական արտադրանքի հետ եվրոպական շուկայում մրցակցելու համար»,-նկատում է Սարգսյանը:

Նոր աշխարհի քաղաքական քարտեզում նոր ուժային բալանսի ձևավորման դեպքում պետք չէ ակնկալել որևէ դրական ազդեցություն Հայաստանի շուկայի վրա, որովհետև առևտուրը կսկսի շատ ավելի ուղիղ ձևով իրականացվել և Հայաստանը միջնորդի կարգավիճակից դուրս կգա:
«Հիմա Հայաստանը շատ ավելի կարևոր խնդիր ունի գոտիները ձգելու և տնտեսական ներուժ ստեղծելու: Իսկ այդ տեսանկյունից, ունենք ռեսուրսներ և հնարավորություններ նոր ներուժ սկսելու, սակայն ցավոք սրտի չունենք կամք և համապատասխան գիտելիք, փորձառություն, հմտություն ունեցող պետական պաշտոնյաներ, ոլորտային կարգավորող ինստիտուտներ, որպեսզի կարողանան այդ ներուժը ստեղծել, հետևաբար այս կառավարության կազմով Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին տնտեսական օգուտներ գեներացնել»,-եզրակացրեց Նաիրի Սարգսյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image