Քաղաքականություն

Փաշինյանի փորձում է իր վարկանիշը բարձրացնել նմանատիպ բեմականացումներով. Ս.Լուլուկյան

Փաշինյանի փորձում է իր վարկանիշը բարձրացնել նմանատիպ բեմականացումներով. Ս.Լուլուկյան

Մյունխենում Նիկոլ Փաշինյան` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին շատ գրվեց, ինքը նաեւ նման վերնագրով տեսանյութ էր տեղադրել իր էջում: Այնինչ Գերմանահայոց կեդրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը հարցականի տակ դրեց այդ փաստը:
«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ այն չի կարելի կոչել Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպում, դա չի համապատասխանում իրականությանը:

«Այդ հանդիպմանը ներկա չեն գտնվել կարևորագույն կառույցների ներկայացուցիչները: Ընդհանրապես ոչ մի կազմակերպություն ներկա չի գտնվել, ինչպես հանդիպմանը չեն մասնակցել ոչ գերմանահայոց թեմի ներկայացուցիչները, ոչ գերմանահայոց կեդրոնական խորհուրդը, ոչ ակադեմիական միությունը, ոչ հայ ակադեմիական միությունը, ոչ հայ գործարարների միությունը։ Մենք ունենք տարբեր կառույցներ ու կազմակերպություններ, սակայն ոչ մեկը ներկա չի գտնվել»,-ասաց Լուլուկյանը: Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած անձանցից միայն երեքին է Լուլուկյանը ճանաչում, որոնցից մեկը Մյունխենի հայ համայնքի նախկին նախագահն էր, մյուսը Մյունխենի հայ համայնքի վարչության նոր փոխնախագահը, բայց թե ինչ կարգավիճակով է վերջինս ներկա գտնվել հանդիպմանը` որպես համայնքի վարչության փոխնախագահ, թե պարզապես հայ համայնքի անդամ՝ չի կարող ասել:

Լուլուկյանը նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցելու հրավեր գերմանահայոց թեմը եւ իրենք չեն ստացել: «Եթե նույնիսկ հրավեր ստանայինք, չէինք մասնակցի այդ հանդիպմանը, հատկապես վերջերս արած հայտարարությունների հիման վրա, որ նա արել է Մյունխենում՝ Ցեղասպանության ժխտողական այդ հայտարարությունը: Այս պայմաններում անհնար էր մասնակցել նման հանդիպմանը: Բացի այդ, այդ հայտարարությունից հետո մենք հաղորդագրություն ենք տարածել: Դրանից հետո Գրեմանիայում ՀՀ դեսպանին պաշտոնապես հայտնեցինք, որ մենք դադարեցնում ենք մեր համագործակցությունը ապրիլքսանչորսյան կազմակերպչական աշխատանքներում, քանի որ դեսպանը հանդիսանում էր նաև համակազմակերպիչ այդ միջոցառումներին, որովհետև գերմանահայոց թեմն ու գերմանահայոց կեդրոնական խորհուրդը ևս մասնակցում էին կազմակերպչական աշխատանքներին»,-տեղեկացրեց Սամվել Լուլուկյանը:

Գերմանիայում բնակվող մեր հայրենակիցը շեշտում է` Գերմանիայի հայության մասով ինքը կարող է ասել, որ Փաշինյանը հիմնականում չունի աջակցություն: «Այդ վերջին հայտարարությունը Ցեղասպանության հետ կապված մեծ բողոքի ալիք է բարձրացրել այստեղ: Մինչև մեր հայտարարություն անելը, կազմակերպել էինք հանդիպում կարևորագույն կառույցների հետ, Գերմանիայում հայ մտավորականների հետ, մեծ քննարկում եղավ մինչ մեր հայտարարությունը: Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունը բոլորի կողմից անընդունելի համարվեց, որը կրկնում է թուրքական ժխտողականության քաղաքականության տասնամյակների թեզերը: Փաշինյանը փաստորեն թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր է լցնում, և սա է ամենավտանգավոր երևույթը: Տարբեր երկրներում մեծ բողոքի ալիք է բարձրացել, որովհետև սա բոլոր կարմիր գծերի հատումն է: Սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը չունի այդ աջակցությունը: Սա ուղղակի բեմականացում է և խայտառակություն: Դա այն բեմականացման շարքից է, ինչպես իր հեծանվային զբոսանքներն ու ձվածեղ պատրաստելը, սա շոու է: Իր վարկանիշը շատ ցածր է, սրանով ինքը փորձում է իր վարկանիշը բարձրացնել նմանատիպ բեմականացումներով ու սա կարող ենք ասել, որ չհաջողված նախընտրական արշավ էր»,-եզրափակեց Սամվել Լուլուկյանը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image