«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով հանցագործության անմիջական կատարողներ Հարություն Սահակյանը եւ Սուրեն Գրիգորյանը, սպանությունից հետո ոտքով հեռացել են դեպքի վայրից` ճանապարհին գցելով իրենց հագուստը, ինքնաձիգն ու այլ իրեր: Ապա գնացել են օդանավակայան եւ հանգիստ մեկնել երկրից:
«Հրապարակ»-ին իրավապահ համակարգից պատմեցին, որ այդ քիլլերներն այժմ գտնվում են Մոսկվայում։ Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում` սպանության, սպանության փորձի եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով: ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ գործով անցնում է 4 անձ, որոնցից երկուսը` կազմակերպիչները կալանավորված են։ Կալանավորված է քրեական աշխարհում հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանը, որը ձերբակալվել է հուլիսի 28-ին, Պռոշյան գյուղի իր առանձնատանը։
Ըստ՝ ՆԳՆ-ի դեռևս 2021 թ. հունվարի 13-ին Երևանի Դավիթ-Բեկի փողոցի ավտոկայանատեղիում Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ Ռուստամ Ստեփանյանի և նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ էին ձևավորվել նրա և Սերգեյ Գրիգորյանի միջև։
Հետագայում նույնպես այս երկուսի մտերիմների մասնակցությամբ տեղի էին ունեցել միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, և դրանց կապակցությամբ նախաձեռնվել էին քրեական վարույթներ: Սա ոչ այլ ինչ է, քան վենդետա։
Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը իշխանությունների հետ մտերմիկ հարաբերությունների մեջ է։ Նա 2021 թվականին ՔՊ-ի համար ձայներ էր ապահովում: Իսկ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2020-ի հունվարին տված մամուլի ասուլիսի ժամանակ` խոսելով Հայաստանին պակասող գույներից, անդրադարձել էր քրեական ենթամշակույթին:
«Մենք ինչո՞ւ ենք ասում՝ այդ գողական ենթամշակույթի դեմ պայքարենք, որովհետև մենք ուզում ենք սև կոշիկների, սև նասկիների, սև շալվարի, սև ժակետի, սև դեմքի կուլտուրան վերացնենք: Դա հուսահատության կուլտուրա է, դա բռնապետության կուլտուրա է, դա անազատության կուլտուրա է»,- ասել էր Փաշինյանը` նշելով, որ «Իմ քայլը» խմբակցության գործունեությունը ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական գործունեություն է: Փաստացի իշխանությունները ոչ միայն չեն կարողացել վերացնել քրեական ենթամշակույթը, այլեւ իրենց կողքին «աճեցրել» են այդ ենթամշակույթը կրողներին՝ ժամանակին սեփական կարիքները հոգալու համար։