«20 տարի Բաբայանի դեմ հակաքարոզչություն ա տարվել, իշխանությունները էն ժամանակվա, 99 թվականից սկսած` մի հատ մթնոլորտ էին ստեղծել քարոզչական դաշտում, որ պարոն Բաբայանը մի հրեշ ա, ինչ ա, մարդ ա ուտում, և դա կոտրել և փորձել փոխել` էդ ամբողջը դժվար էր »,-ասաց Ազատական կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Բաբայանը՝ համեստորեն նկատելով․ «Ոչ մեկը Հայաստանում չգիտի, չէ՞, որ 92 թվականի պարտությունից դու ես վերցրել պատերազմն ու բերել քո ժողովրդին հաղթանակ»։ Այս անկեղծությունները լրագրողի հարցի պատասխանն էին, թե ինչ իրեն հաջողվեց անել քարոզարշավի ընթացքում։
Բաբայանն ասաց, որ առնվազն փորձել են ճշմարտություններ ներկայացնել հասարակությանը։
«Էն, ինչ խոսել եմ, ամեն ստորակետին պատասխանատու եմ, և ինչպես տեսնում եք՝ որևիցե մեկը բերան չի բացել, ասել՝ էդ ձև չի»,-ասաց նա և ավելացրեց՝ կվստահե՞ն իրեն` հզոր բանակ կկառուցի, չեն վստահի` էլի շնորհակալ է։
Հիմա բոլորը խոսում են պատերազմից հետո հայկական բանակի բարոյալքված լինելու մասին։ Եվ, հետևաբար, հարց, ի՞նչ է մեզ պետք բանակը հզորացնելու համար։
Սամվել Բաբայանն ի պատասխան առաջարկեց անկեղծ լինել։ «25 տարի պատերազմից հետո բանակ ենք կառուցել, հարկատուի փողը տվել ենք բանակին ու ասել ենք, որ մենք ամենահզոր բանակն ենք։ Պատերազմը սկսվում ա, 3 օրվա մեջ մենք հասկանում ենք, որ մենք պարտվում ենք։ Հասկանո՞ւմ եք էդ ինչ ա, ու ոչ ոք չի ուզում պատասխան տա։ Հասկանու՞մ եք, թե ինչի մասին ենք խոսում»,-ասաց նա։
Նաև ասաց՝ ժողովուրդները չեն պարտվում, պարտվում է կառավարողը՝ ղեկավարը։ Եվ եզրակացություն․ «Էդ մարդիկ իրենց տեղում չեն եղել, էդ ուղեղը, որ պտի աշխատեր պատերազմի ժամանակ․․․ ես բազմիցս ասել եմ, որ դա շախմատ ա, որ ուղեղով են ղեկավարում, ոչ թե բազուկով ու զենքի քանակով։ Զենքի քանակն ու զենքի որակը կորուստների մասին է խոսում, մե՞ծ քանակ ունես, թ՞ փոքր։ Իսկ մնացածը` տակտիկա, ստրատեգիա, թելադրողի դերում հանդես գալ կարողանալ։ «Մարդկանց թվացել է, թե իրենք արդեն հասուն են, կարող են և կարող են ֆրոնտ ղեկավարել»,-հավելեց նա։
Բաբայանի ծրագրից. բանակը դարձնել պրոֆեսիոնալ՝ 20-30 տարեկաններին տանել 3-ամսյա հավաքների, պատրաստել մեկ ամիս և այդ կազմից ընտրել պրոֆեսիոնալ բանակ՝ բարձր աշխատավարձով։
Հարցին, թե պարտության պատճառը դավաճանությու՞նն էր, թե՞ սխալ ռազմավարությունը, Արցախի ՊԲ նախկին ղեկավարն ասաց․ «Գլխավոր պատճառը ռազմական գերատեսչության ամբողջ վերնախավն էր։ Եթե որևէ մեկի ձեռ է տալիս ասել` «քաղաքական ղեկավարության դավաճանություն, ես չեմ ընդունում»։