Քաղաքականություն

Սկզբում վերանում է արտաքին քաղաքականությունը, հետո՝ պաշտպանությունն ու տնտեսությունը

Սկզբում վերանում է արտաքին քաղաքականությունը, հետո՝ պաշտպանությունն ու տնտեսությունը

Հայկական տեղեկատվական «տարածքում» հաճախ են հնչում «պայծառ ապագայի», «քաղաքակրթական ընտրության» եւ «միակ ճիշտ ճանապարհի» մասին մանտրաներ, եւ այս ամենը ներկայացվում է բացառապես երկու հարթության մեջ։ 

Առաջինը՝ խաղաղության իբր կարելի է հասնել միայն եւ բացառապես թուրք–ադրբեջանական տանդեմի բոլոր, ընդգծում եմ՝ բոլոր պայմանների կատարման համատեքստում։ Երկրորդը՝ պետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելու համար պետք է շարժվել դեպի «Արեւմուտք»։ Ընդ որում, երկրի ինքնիշխանության հիմնական սպառնալիք է հռչակվում եվրասիական, ավելի ճիշտ՝ ռուսական գլոբալ կենտրոնը։ 

Այս կարգախոսների ներքո հասարակությանը համառորեն պարտադրվում է մի ուղեգիծ, որը գործնականում քիչ է հիշեցնում անկախ պետության զարգացում, ավելի շատ՝ արտաքին ուժային կենտրոնների օգտին ինքնիշխանությունից աստիճանական հրաժարում (TRIPP-ը նման մանիպուլյացիաների դասական օրինակ է)։ 

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ այս ուղեգիծն իրականացվում է ոչ թե ուղիղ, այլ միջնորդավորված՝ թուրք–ադրբեջանական տանդեմի հետ մերձեցման միջոցով՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի «զգայուն կառավարման» ներքո։ Վերջին տարիների իրականությունը հստակ ցույց է տալիս․ Հայաստանի կողմից արվող ցանկացած միակողմանի «զիջում հանուն խաղաղության» անխուսափելիորեն ուժեղացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքերը, որոնք իրենց հերթին հետեւողականորեն իրականացնում են Հայաստանն անկախ սուբյեկտայնությունից զրկելու եւ իրական ինքնիշխանությունը նսեմացնելու ծրագիրը։ 

«Տարածաշրջանային ինտեգր­ման» ցուցանակի տակ Հայաստանին առաջարկվում է՝ հրաժարվել սեփական բանակցային դիրքերից, լեգիտիմացնել հայերի հանդեպ կիրառված թուրքական ուժի «արդյունքները», ինտեգրվել մի տարածաշրջանային ճարտարապետության մեջ, որտեղ Հայաստանին հատկացված է օբյեկտի, ոչ թե սուբյեկտի դեր։ 
Ավելի պարզ ասած՝ խոսքը հավասարների խաղաղության մասին չէ, այլ հաղթողների եւ պարտվողների խաղաղության, որտեղ Հայաստանին համառորեն վերապահվում է ամենաստորացուցիչ դերը՝ առանց ձայնի իրավունքի, բայց հնազանդվելու պարտավորությամբ։ Հատկապես ցուցադրական է այն փաստը, որ գրեթե բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունը փաստացիորեն պետությունը տարել է քաղաքական ինքնուրույնության կորստի, կիրառվել է նույն սխեման՝ հասարակություններին վախի ներշնչում «ռուսական սպառնալիքով», անվտանգության ավանդական ճարտարապետության կոտրում, կախվածություն այն կենտրոններից, որոնք ուղղված են պետության ապամոնտաժմանը։ 

Այս տրամաբանության մեջ Ռուսաստանը հանդես է գալիս ոչ թե որպես իրական վերլուծական գործոն, այլ որպես համընդհանուր վախեցնող կերպար, որի համատեքստում՝ ճնշվում է այլախոհությունը, վարկաբեկվում է ցանկացած այլընտրանք, արդարացվում են նույնիսկ բացահայտ հակապետական քայլերը։ 

Մոլդովան ամենատեսանելի եւ ամենաանհանգստացնող օրինակներից է։ Ընտրություններից առաջ գործող իշխանությունը հիստերիկորեն վախեցնում էր հասարակությանը «ռուսական սպառնալիքով», հնչում էին հայտարարություններ՝ իբր պատրաստվող «գուբեռնիզացման» մասին, ընդդիմախոսները պիտակավորվում էին որպես «Կրեմլի գործակալներ»։ Ընտրություններից հետո հռետորաբանությունը կտրուկ փոխվեց, սկսվեց մոլդովական պետականությունից հրաժարվելու բաց քարոզը, Ռումինիային միանալու գաղափարը ներկայացվեց որպես «բնական եւ քաղաքակիրթ ճանապարհ», ինքնիշխանությունն ու անկախությունը փաստացի հայտարարվեցին «հնացած հասկացություններ»։ Եվ այս ամենը՝ նույն անվտանգության, ժողովրդավարության եւ եվրոպական ապագայի կարգախոսների ներքո։ 

Այսօր Հայաստանն արագ շարժվում է նմանատիպ սցենարով․ ազգային շահերը փոխարինվում են դրսից թելադրված աշխարհաքաղաքական ուղենիշներով, երկրի անվտանգությունը դիտարկվում է ոչ թե հայ ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ «տարածաշրջանային կայունության»՝ ուրիշների համար հարմար տրամաբանությամբ, հասարակությանն աստիճանաբար ներշնչվում է միտքը, որ «իրական» ինքնիշխանությունը ենթադրում է ռուսների հետ հարաբերությունների պարտադիր խզում։ Սակայն պատմությունը ցույց է տալիս․ այն պետությունները, որոնք կամավոր հրաժարվել են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից, վերանում են։ Ճիշտ է՝ ոչ անմիջապես։ 

Սկզբում վերանում է արտաքին քաղաքականությունը, հետո՝ պաշտպանությունը, ապա՝ տնտեսությունը, եւ միայն վերջում դրոշն ու օրհներգը վերածվում են դեկորատիվ ատրիբուտների։ Ինքնիշխանությունը հնացած երեւույթ չէ, այլ՝ գոյատեւման պայման։ Հայաստանի համար իրական ինքնիշխանության եւ իսկական անկախության հարցը ո՛չ աբստրակտ հասկացություն է եւ ո՛չ էլ փիլիսոփայական վեճերի առարկա։ Սա ֆիզիկական, քաղաքական եւ ազգային գոյատեւման հարց է։ 

«Լուսավոր ապագան», որը կառուցվում է հիմնարար զիջումների, հիպոթետիկ պատերազմի վախի եւ արտաքին կառավարման վրա, գրեթե միշտ ավարտվում է նույն կերպ՝ պետության կորստով։ Եվ եթե այսօր այս թեմաների շուրջ իշխանություններին չտրվեն անհարմար հարցեր, վաղը պարզապես չի լինի ո՛չ հարց տալու հնարավորություն, ո՛չ էլ հարցի «սուբյեկտը»։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image