Հասարակություն

Գյուղմթերքը թանկացել է, որովհետև չորացե՞լ է

Գյուղմթերքը թանկացել է, որովհետև չորացե՞լ է

Վերջին շրջանում հողի լոլիկն ու հատկապես՝ վարունգը շուրջ 200 դրամով թանկացել է։ Ամռան ամենaէժան սեզոնին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող խանութներում վաճառվում է 800 դրամով։ «Սաս» սուպերմարկետների ցանցում էլ, օրինակ, «Նազրվան» տեսակի 1 կգ-ն վաճառվում էր 1050, «Նազրվան չերի» տեսակը 1220 դ դրամով, ռուսական տեսակը՝ 750։ «Նոր Զովքում»՝ 900 դրամ, «Երևան սիթիներում» էլ՝ 910 դրամով։ Մեկնաբանությունը, որ բերքը չորացել է, չորանում է։ 

«Հրապարակի» հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հարցին, թե պատճառը բերքի փչանա՞լն է, ասաց․«Բա իհարկե։ Վարունգը ջուր ա սիրում, երաշտի արդյունք է։  Բայց էկոնոմիկայիդ նախարարը ասում է՝ երաշտ չէ, սակավաջրություն է»։ 

Բերբերյանը վստահեցրեց՝ լոլիկի, պղպեղի ու կարտոֆիլի հարցը շուտով գյուղացու ու քաղաքացու առաջ ավելի սուր է կանգնելու։ Գումարած նաև այն, որ լոլիկին ու պղպեղին վնասում է նաև մորմը։ Միության հաշվարկներով ֆերմերային տնտեսությունները կրել են և կրելու շուրջ 150 մլրդ․ դրամի վնաս։ 

Ինչ վիճակ է Ակնալիճ գյուղում, որի գյուղացիները մոտ 10 օր առաջ ճանապարհ էին փակել և հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելուց հետո ջուրը կտրեցին։ Տվեցի՞ն․ Գյուղապետ Գևորգ Միսակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Դե տվեցին, հետո նորից կտրվում է, մեր խնդիրը գլոբալ է։ Մերը «ստորին Հրազդան» ջրանցքն է»։ Այս գյուղում ցանում են լոլիկ, առվույտ և խաղող։ Գյուղապետի խոսքով՝ բերքի կորուստներ ունեցել են՝ «մասնակի»։

Արարատի Բերքանուշի գյուղապետն ասում է, որ իրենց մոտ սակավաջրության վիճակ չկա․ պոմպերն աշխատացնում են։

Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքի ղեկավար Կամսար Ղորղանյանն էլ ասաց, որ այս պահին չունեն բերքի չորացման խնդիր, բայց կունենան։

Արարատի և Արմավիրի մարզի գյուղապետերի տեղեկացմամբ՝ ջուրը գյուղացիներին տրվում է հերթականությամբ, այսինքն՝ ոռոգման ջրի ռեալ խնդիր կա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image