Հասարակություն

Վերջին ամիսներին Դիլիջանի աղբավայրում 7 հրդեհ է եղել

Վերջին ամիսներին Դիլիջանի աղբավայրում 7 հրդեհ է եղել

Դիլիջան համայնքի աղբավայրում պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնք կարող են տարածվել Դիլիջան ազգային պարկի անտառներում։ Վիճակը բարվոք չէ նաեւ Տավուշի այլ համայնքների աղբավայրերում։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին հարցում եմ արել․ «Դիլիջան համայնքի աղբավայրն առանց ցանկապատի է, այնտեղ անարգել արածում են կովեր, որոնք սնվում են քիմիական տարբեր նյութերով։ Այդ աղբավայրում հաճախ հրդեհներ են լինում, աղբավայրը թունավորում է բնությունը։ Ձեր ղեկավարած տեսչությունը վերջին անգամ ե՞րբ է ուսումնասիրել Դիլիջանի աղբավայրի վիճակը, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել։ Տավուշի մարզում գործում է 25 աղբավայր, դրանից քանի՞սն է համապատասխանում բնապահպանական օրենսդրության պահանջներին, որ աղբավայրում օրենսդրության ինչ խախտումներ են առկա»։ 

Դեկտեմբերի 2-ին ստացել եմ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ․ Գալոյանի պատասխանը․ «Ի պատասխան Ձեր՝ 2025 թ․ հոկտեմբերի 27-ի հարցմանը եւ ի լրումն ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թ․ նոյեմբերի 3-ի N02/29.7/4/9358-2025 գրության, տեղեկացնում եմ. Դիլիջան համայնքի աղբավայրը սպասարկող «Դիլիջանի համայնքի կոմունալ սպասարկում եւ լուսավորություն» ՀՈԱԿ-ում տեսչական մարմնի կողմից 2021 թվականին իրականացվել է ստուգում, որի արդյունքում կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ։ Վերջին ամիսների ընթացքում Դիլիջան համայնքի աղբավայրում բռնկված հրդեհների 7 դեպքից 2-ով տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի նյութերն ուղարկվել են ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Դիլիջանի բաժին, 5 դեպքով՝ Տավուշի մարզպետարան՝ իրենց լիազորությունների շրջանակներում միջոցներ ձեռնարկելու համար։ Տեսչական մարմինը բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է ստուգումների, դիտարկումների, ուսումնասիրությունների միջոցով՝ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման եւ կազմակերպման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան։

Տավուշի մարզում հաշվառված 25 աղբավայրից գործում է 18-ը՝ ըստ համայնքների․ Իջեւան-7, Դիլիջան-1, Նոյեմբերյան-4, Բերդ-6։ 2025 թ․ 4-րդ եռամսյակում «Նոյեմբերյան համայնքի համայնքային տնտեսություն սպասարկող» ՀՈԱԿ-ում կիրականացվի պլանային ստուգում (4 աղբավայր)։ Գործող մյուս աղբավայրերի գործունեության համապատասխանությունը ՀՀ կառավարության 2024 թ․ հունվարի 4-ի «ՀՀ տարածքում գոյություն ունեցող եւ գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմեր հաստատելու մասին» N27-Ն որոշմանը, բնապահպանական նորմերը կարգավորող օրենսդրությանը եւ այլ իրավական ակտերին՝ կպարզվի հաջորդ տարիներին նախատեսվող վերահսկողական (պլանային ստուգում, դիտարկում, ուսումնասիրություն) միջոցառումների շրջանակներում»։ 

Այսինքն, տեսչական մարմինը Դիլիջանի աղբավայրը սպասարկող հիմնարկությունում ստուգում կատարել է 4 տարի առաջ՝ 2021-ին։ Վերջին ամիսներին Դիլիջանի աղբավայրում, որը գտնվում է Դիլիջան ազգային  պարկի տարածքում, 7 անգամ հրդեհ է եղել, եւ դա հիմնավոր  պատճառ է տեսչական ստուգում իրականացնելու, առկա թերացումները  բացահայտելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image