Քիչ առաջ կայացած ասուլիսում Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հրապարակեցին Գագիկ Ջհանգիրյանի հետ խոսակցության գաղտնագրված ձայնագրությունը, որտեղ վերջինս, ըստ էության, խոստովանում է, որ Հայաստանում իրավապահ համակարգ չկա, պատվերով արդարադատություն է իրականացվում եւ քաղաքական իշխանությունն իր համար անցանկալի մարդկանց հեռացնելու նպատակով քրեական կեղծ հետապնդումներ եւ այլ ճնշումներ է իրականացնում։
Ձայնագրության հրապարակման ժամանակ, երբ Ջհանգիրյանը տալիս էր Արթուր Վանեցյանի անունը, Ռուբեն Վարդազարյանը ընդհատեց ձայնագրությունը, թե՝ լավ չի լսվում։ Համացանցում տարբեր մարդիկ անմիջապես կասկածներ հայտնեցին, թե՝ ինչու ընդհատեց, այդ ի՞նչ էր ասում Ջհանգիրյանը Վանեցյանի մասին, որ Վարդազարյանը թույլ չտվեց հնչեր եթերում։ Անգամ ենթադրություն կար, որ նույն ոգով, որով Ջհանգիրյանը հայհոյում էր Վարդազարյանի դեմ գործ հարուցողներին, Ռոբերտ Քոչարյանին եւ ԲԴԽ-ին, հայհոյանքներ է հնչեցրել նաեւ Վանեցյանի հասցեին, դա էր պատճառը, որ Վարդազարյանն ինչ որ պահի ընդհատեց ձայնագրությունը։
Մենք տեղեկացանք, որ այդ հատվածում Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, թե ինչքան է հարգում Վանեցյանին եւ նրա մորը, որի հետ աշխատել է ժամանակին եւ մանրամասներ է պատմում այդ շփումների մասին։
Ի դեպ, այս ձայնագրությունն ամբողջը չէ՝ երկրորդ սերիա էլ կա։