Քաղաքականություն

Օրենք մշակողն էլ է ինքը, օրենք փոփոխողն էլ

Օրենք մշակողն էլ է ինքը, օրենք փոփոխողն էլ

Կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը ներկայացրել է 2024 թ. եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացի պատկերը` 4 ամսվա կտրվածքով: Ըստ այդմ, ՊԵԿ-ում հաշվառված 782 832 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 37 737 մարդ, ինչը կազմում է 4,8 տոկոս: Հաշվի առնելով, որ մինչև վերջնաժամկետը մնացել է կես տարի, որպեսզի գործընթացխն ամբողջանա ամսական կտրվածքով հայտարարագիր պետք է լրացնի գրանցվածների շուրջ 16 տոկոսը կամ ավելի քան 120 հազար մարդ: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ ամսում պետք է մի քանի անգամ ավելի շատ գրանցում արվի, քան արվել է առաջին 3-4 ամսում (ս. թ. հունվարի 17-ին ՊԵԿ-ի համապատասխան համակարգը դեռևս չէր գործում): Խե՜ղճ համակարգ, որ պետք է դիմանա նման տեմպին: Եվ խե՜ղճ լրացնողներ, որ անընդհատ բախվելու են նման տեմպին չդիմացող համակարգի կախվելուն:

Ի դեպ, 37 737 քաղաքացիներից 16 271-ն իրավունք ուներ ստանալու 50 կամ 100 հազարական դրամի վերադարձ, ու այդ պատճառով էլ չեն սպասել մինչև նոյեմբերի 1-ը: Իսկ մնացած 20 հազարն էլ երևի չինովնիկներ ու գործարարներ են, ովքեր արդեն ունեին դրա փորձը՝ 2024-ից: Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կառավարության նիստում հերթական լիրիկական զեղումը չաներ. «Սրտնեղում ենք, որ որոշ նրբություններ ի սկզբանե չենք նկատել։ Բայց, եթե ուզում ենք իրական բարեփոխում, ապա պետք է պատրաստ լինենք բախվել պրոբլեմների և լուծել դրանք»: Թե որքանով է այդ գործընթացը բարեփոխում՝ խիստ վիճելի է: Ինչևէ, պետք է խոստովանեմ, որ տեղյակ չեմ, թե ինչպիսի նրբություններ չեն նկատել ի սկզբանե: Բայց կարող եմ վստահաբար արձանագրել, որ առկա էր լուրջ մի նրբություն, որ իրենք ոտնատակ են տվել՝ առանց նույնիսկ գիտակցելու: 

Ինչի մասին է խոսքը. նախապես հայտարարվել էր, որ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը մայիսի 1-ն է, հետո հասկացան, որ այդ ժամկետում մի քանի հարյուր հազար անձի համար նույնականացման քարտ պատրաստել չեն հասցնի: Իսկ առանց դրա հնարավոր չէ իրականացնել հայտարարագրումը: Ու սկզբում կիսապաշտոնապես հայտարարվեց, որ նույնականացման քարտ ունեցողների համար վերջնաժամկետը մնում է նույնը, իսկ չունեցողների համար երկարաձգվում է: Բայց քանի որ գործից անտեղյակ վարչապետն արդեն մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ժամկետը փոփոխվումէ, ստիպված համապատասխան փոփոխություն կատարեցին օրենքում: Դե, 2018-ից այս կողմ մեզանում գործում է մի այսպիսի «կարգ». օրենքով կամ այլ տեսքով կայացված որոշումը, երբ դրա կատարումը խնդիրների է բախվում, ոտքի վրա ամենագետ «մեծարգոյի» կողմից փոփոխության է ենթարկվում, որից հետո դա ամրագրվում է ֆորմալ առումով: Դե, օրենք մշակողն էլ է ինքը, փոխողն էլ…
«Ո՞րն էր այստեղ նրբությունը»՝ կհարցնի «կառավարման» նման պրակտիկային ծանոթ ընթերցողը:

Պատասխանեմ՝ քարտ ունեցողները ստիպված կլինեին գործընթացն ավարտել մինչև մայիսի 1-ը, իսկ մնացածների համար գործընթացը կերկարաձգվեր: Նույնականացման քարտ ունի առնվազն 60 հազար մարդ, քանի որ անցյալ տարի 59 հազարն արդեն լրացրել է նման հայտարարագիր: Մնացած հազարն էլ կարող են լինել նրանք, ովքեր 2024-ին նման պարտավորություն չեն ունեցել: Ինչևէ, ասվածն իրոք նրբություն է, քանի որ քարտ ունեցողների, բայց մինչև մայիս հայտարարագիր չլրացողների քանակը առնվազն 22-25 հազար է: Ի դեպ, մամուլում գրվեց, որ 2023 -ի համար անցյալ տարի հայտարարագիր պետք է ներկայացներ 120 հազար մարդ: Այսինքն, կրկնակի ավելի, քան լրացվել է փաստացի: Իսկ թե որքան էր պաշտոնապես այդ քանակը՝ չի ասվում: Որքան հիշում եմ, հենց ինքն էր նախկինների օրոք քննադատում նրանց ոչ թափանցիկ աշխատաոճը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image